Չի ուզում մեկնաբանել

03/12/2007

Ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը Սերժ Սարգսյանին Հայաստան է բերել ոչ թե ԼՂՀ-ից, այլ` Մոսկվայից, քանի որ վերջինս ԼՂՀ-ից «արտաքսված» էր, երեկ Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչը մեկնաբանեմ, ակնհայտ սո՞ւտը, մեկնաբանելու բան չկա այդտեղ: Ցանկացած լրագրող, ով այդ թեմայով զբաղվում է, կարող է վերցնել ու տեսնել, թե ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը մայիս ամսին ինչ փաստաթղթեր է ստորագրել, քանի անգամ է ստորագրել, եւ վերցնի Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը Պաշտպանության նախարար նշանակելու մասին: Տեսեք` այդ տարբերությունն ինչքա՞ն է: Ի՞նչ իմաստ ունի սուտը մեկնաբանելը, եւ ընդհանրապես ես չէի ցանկանա, որ որեւէ մեկն անդրադառնար այդ տարիներին»: Նա չի ցանկացել մեկնաբանել նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե` պատերազմի վրա ծախսվում էր այնքան գումար, որ կբավականացներ Հայաստանն ու Ղարաբաղը լուսավորելու եւ ջեռուցելու համար: «Գիտեք, ես չեմ ուզում որեւէ մեկին կամ վատաբանել, կամ գովաբանել, եւ իրոք չեմ ուզում այդ թվերի մասին խոսել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ հարցին էլ, թե ինչպես է վերաբերվում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի գնահատականին, որ իր թեկնածության գրանցումն իշխանությունները մերժում են, որովհետեւ վախեցած են իր առաջադրումից, պատասխանել է. «Բա դու լինես` չե՞ս վախենա Արամ Կարապետյանից: Բա որ հանկարծ Փարաքարը փակեց, ո՞նց է լինելու»: