Օրերս լրատվամիջոցներում հրապարակում էր եղել այն մասին, թե «Ազգային Միաբանություն կուսակցության» Գավառի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Պապին Գալոյանը համաձայն չի եղել կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուն: Երեկ Պ. Գալոյանը հայտարարություն էր տարածել, որում նա նշում է. «Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ նոյեմբերի 27-ին կայացած ԱՄ նախագահության նիստում ես իմ գործընկերների հետ կողմ եմ քվեարկել Ա. Գեղամյանի առաջադրմանը: Ավելին, նույնիսկ ծափահարել եմ: 5-րդ տարին է, որ ԱՄ կուսակցության անդամ եմ, Արտաշես Գեղամյանի լավ բարեկամն ու ընկերը ու կլինեմ այդպիսին: Ուրիշ բան, որ ցանկություն եմ հայտնել, որ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերը նույնպես համախմբվեն Ա. Գեղամյանի շուրջ եւ հանդես գան միասնականորեն: Պապին Գալոյանը կյանքում մարդ դավաճանած չի եղել եւ չի էլ լինի: Թող իզուր իմ անունից խաղեր չտան: Կարծում եմ՝ այս պարզաբանումները թերթերը նույնպես կներկայացնեն ընթերցողներին: Գեղամյան ջան, սրտանց քեզ հաղթանակ եմ ցանկանում: Անցած 2 օրերի ընթացքում ես երկար մտորել եմ իմ կողմնորոշումների մասին եւ եկել եմ եզրահանգման, որ իմ այս որոշումը ամենանպաստավորն է մեր ժողովրդի համար, որովհետեւ ԱՄ-ն անելու է ամեն ինչ առճակատումից խուսափելու համար»: