«Պայքարը թեժ է լինելու»

03/12/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ նման հայտարարություն է արել ՀՅԴ Գերագույն ժողովի կողմից նախագահի թեկնածու ընտրված Վահան Հովհաննիսյանը` խոստանալով «գոտկատեղից ցած» հարվածներ չտալ որեւէ քաղաքական ուժի, եթե, իհարկե, իրենց չհարվածեն այդ ուղղությամբ: Հակառակ դեպքում, Վ. Հովհաննիսյանի ասելով` ՀՅԴ-ն դրանց կպատասխանի նույն կերպ: Իսկ հատկապես նախկին իշխանություններին Վ. Հովհաննիսյանը կանդրադառնա քարոզարշավի ընթացքում:

«Իսկ ի՞նչ կարող են մեզ հիշեցնել: Այն, ինչ կարող են մեզ հիշեցնել, այնքան են արդեն բոլորը զզվեցրել իրենց հիշեցումներով, որ ես չեմ կարծում, թե դա հասարակական ինչ-որ արձագանք գտնի: Իսկ եթե հանկարծ սկսվեց այդ ձեւով իրար դեմ պայքարը, ապա դա կլինի զզվելի, ու մենք ամեն ինչ կանենք, որ դա բացառվի»,- հայտարարեց, ավելի ճիշտ` սպառնաց Վահան Հովհաննիսյանը:

Ի տարբերություն քաղաքական մյուս ուժերի մինչ օրս անցկացրած համագումարներին, որոնց հիմնական մասը տրամադրվում էին նախկին իշխանություններին, մասնավորապես` Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելուն, ՀՅԴ ԳԺ-ում նման ելույթներ ու գնահատականներ չհնչեցին: ՀՅԴ-ականների ելույթներում որեւէ նախկինի անուն չհնչեց (ինչպես եւ չհնչեցին գործող իշխանության ներկայացուցիչների անուններ), պարզապես բացառվեց նախկին իշխանությունների վերադարձը «ներկա»: Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, թե ժողովուրդը չի ցանկանում ո՛չ ներկա իշխանություններին, ո՛չ էլ նախկիններին, որովհետեւ դա «վատի եւ վատթարի միջեւ ընտրություն է՝ ուղղակի հետընթացի ճանապարհ»։ «Ներկաների եւ նախկինների միջեւ սկիզբ առած բանավեճը դեռ հնարավորություն եւ առիթ ընձեռելու է առավել ամբողջական գնահատելու մեր երկրի անցած ճանապարհը եւ մանրամասն անդրադառնալու այն հարցին, թե ինչն է իրական երաշխիք հանդիսանալու մեր երկրի հետագա անվտանգ եւ արագընթաց զարգացման համար,- ասում է Ա. Ռուստամյանը,- Պարզ է նաեւ, որ նախկին եւ ներկա ժամանակահատվածների համեմատությունը անհրաժեշտ չէ անցկացնել սոսկ մեկին մեղադրելու եւ մյուսին արդարացնելու միտումով։ Որովհետեւ այսպիսի համեմատությունը երկու իշխանություններից էլ դժգոհ ու հիասթափված մարդկանց համար նմանվում է երկու պղտոր ջրերի համեմատությանը։ Իսկ եթե դրանք քաղաքական գնահատական տալու փորձեր են, ապա ներկաների կողմից դա ուշացած է, չնայած՝ լավ է ուշ, քան երբեք, սակայն պետք էր կատարել ժամանակին, որպեսզի ավելի հստակ դառնար 98 թվականի իշխանափոխության իմաստը, լիներ առավել բովանդակային՝ լիարժեք հիմք ստեղծելով նպատակային եւ խորքային փոփոխությունների համար։ Նախկինների գնահատումների պարագայում պարզապես բնական հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են դատավորները, մանավանդ, երբ միաժամանակ էլ փորձ է արվում՝ դատելով մեղա գալ եւ թողություն խնդրել»։ Իսկ ՀՅԴ արդեն նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` մեր երկրի խնդիրն այն է, որ օրենքը եւ իրականությունը չեն համընկնում, եւ մեր առջեւ այսօր ընտրություն է դրված` ապրել տիրապետողի օրենքի տա՞կ, թե՞ օրենքի տիրապետության տակ: «Դաշնակցությունն ընտրում է երկրորդը,- ասաց Վ. Հովհաննիսյանը, ում կուսակցությունը 10 տարի շարունակ, փաստորեն, ընտրելով երկրորդը՝ համագործակցել է գործող իշխանությունների հետ, որոնք, նրա տրամաբանությամբ, դասվում են առաջինների շարքին: Վ. Հովհաննիսյանը բազմաթիվ նման «արատներ» թվարկեց, որոնք ավելի տարօրինակ են դարձնում ՀՅԴ համագործակցությունը գործող իշխանությունների հետ: «Այսօր մեր երկրում կեղծ հեղինակությունների ժամանակաշրջան է: Դա եղել է թե՛ Խորհրդային տարիներին, թե՛ ՀՀՇ տարիներին, թե՛ այժմ: «Հեղինակություն» բառն այնքան է ասոցիացվել հանցագործ աշխարհի եւ վարվելակերպի հետ, որ սկսել է ասոցիացվել միայն դժվար արտասանելի մականունների հետ, որոնց կրողները, հռչակվելով հեղինակություններ, փորձում են պետությունն օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար: Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը շատ պարզ է, մեր հասարակությունն ընտելացել է այն մտքին, որ հեղինակությունը կարող է հենվել միայն ուժի եւ նյութական կարողության վրա: Ոչ խելքի, ոչ գիտելիքների, ոչ տաղանդի, միայն ուժի եւ փողի: Սա է մեր հասարակության հիվանդությունը, պարտադրված հիվանդությունը: Ասածս չի նշանակում, որ ուժի եւ փողի տերերն անպայման զուրկ են տաղանդից, գիտելիքներից կամ խելքից: Այդպես չէ: Բայց դա չէ, ինչի համար նրանց գնահատում են: Դրա համար չեն գնահատում, ցավոք սրտի, գնահատում են միայն ուժի եւ փողի համար: Այդ իրողությունն այսօր հարցը դնում է` իշխանությա՞ն համար, թե՞ գաղափարի համար պայքարի ընտրության առաջ: Դաշնակցությունն ընտրում է երկրորդը: Միայն քաղաքական պայքարի արդյունքում է ձեւավորվում բարոյական հեղինակությամբ օժտված եւ իրավունքի վրա հիմնված իշխանություն, եւ ստեղծվում քաղաքացիական հասարակություն: Իշխանության համար պայքարի արդյունքում պարտություն են կրում բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում, եւ, առաջին հերթին՝ թվացյալ հաղթություն, հաղթանակ արձանագրածները, որովհետեւ իրական հաղթանակն այդ դեպքում միշտ լինում է բյուրոկրատական ապարատինը, որը բնազդաբար ձգտում է բացարձակ անվերահսկելիության: Ինչո՞ւ պետք է անպայման ընտրություն կատարվի անցյալի եւ ներկայի միջեւ: Բավակա՛ն է, մենք ընտրում ենք ապագան»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը` հավելելով, թե քաղաքական ուժերի պայքարի դատավորը ժողովուրդն է, «պարզապես այդ դատավորին կաշառել չի կարելի»: Լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Վ. Հովհաննիսյանի` «դատավորին կաշառելու» մասին հայտարարությանը, ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ` ինքնաքննադատությունը միշտ էլ մարդկանց օգուտ է տալիս»: Իսկ ընդհանրապես, ըստ Ս. Սարգսյանի` ՀՅԴ-ականների ելույթներում իրենց հասցեին քննադատություն չկար. «Առաջին տպավորությունը միշտ խաբուսիկ է լինում, եւ բոլորիդ խորհուրդ կտայի լա՜վ ծանոթանալ եւ՛ Ա. Ռուստամյանի, եւ՛ Վ. Հովհաննիսյանի ելույթներին ու տեսնել, թե ում են քննադատում: Երկրորդ` մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր ելույթները լսում են ոչ թե դահլիճում եղած 300-400-500 հոգին, այլ նաեւ մեր հասարակությունը: Եվ, ինչպես ՀՅԴ թեկնածուներից մեկն ասաց` դատավորը ժողովուրդն է: Մեր գործողություններով, որոնց մեջ մտնում են նաեւ ելույթները, այդ դատավորը վճիռ է կայացնում, այսինքն` տալիս է վարկանիշ: Դրա համար, երբ ասում ես բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, երբ ասում ես բաներ, որոնց դատավորը չի հավատում` տալիս է 0, 1, 2, 3 վարկանիշներ: Այնպես որ` ամեն ինչ նորմալ է, քաղաքական պայքար է, եւ յուրաքանչյուրն իր ընտրությունն ունի»: Իսկ ընդհանրապես, ըստ Ս. Սարգսյանի` ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ քննադատությունը, նորմալ երեւույթ է` «Քաղաքական պայքարը միշտ ես նախընտրել եմ անձնական վիրավորանքների մակարդակից, եւ կարծում եմ` մեր երկրում առաջընթացն ակնհայտ է»:

Ավելի ուշ Վ. Հովհաննիսյանին խնդրեցին տալ գործող իշխանությունների, մասնավորապես՝ որպես մեծամասնություն՝ ՀՀԿ-ի քաղաքական գնահատականը` հասկանալու համար, թե ինչպես են իրենք` չընդունելով բազմաթիվ վատ իրողությունները, համագործակցում նրանց հետ: Պատասխանը հետեւյալն էր. «Ես պարզ պատասխան կարող եմ տալ. անկախ ընտրությունների ավարտից` դաշնակցական նախագահ կլինի թե որեւէ այլ կուսակցությունից, մենք էլի ՀՀԿ-ի հետ համագործակցելու ենք: ՀՀԿ-ն հայկական առաջատար քաղաքական ուժերից մեկն է: Մենք չենք կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարել, որ՝ ես բոլորի հետ կհանդիպեմ, ՀՀԿ-ի հետ չեմ հանդիպի: Ինչո՞ւ չես հանդիպի` հարց է առաջանում: Մենք այդ մոտեցումը` այդ սեւ-սպիտակի բաժանելը, ատելությունը, իրար չեզոքացնելու փորձերը չենք ընդունում: Ով էլ լինի երկրի նախագահը, մենք ՀՀԿ-ի հետ համագործակցելու ենք: Այստեղ չի խնդրի արմատը»: Կարծում ենք` մեկնաբանություններն ավելորդ են: