– Պրն Վարդանյան, նախորդ բոլոր ընտրություններում դուք աջակցում էիք ՀՅԴ-ին, ինչո՞ւ այս անգամ որոշեցիք փոխել ձեր դիրքորոշումը` սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
– Ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին, իսկ ես միշտ Դաշնակցության համակիր եմ եղել, կամ ու միշտ լինելու եմ: Մեր հայ իրականության, պատմության մեջ դեռ 117 տարվա երկրորդ կուսակցությունը չկա:
– Իսկ ինչո՞ւ չեք պաշտպանում 117 տարվա պատմություն ունեցող միակ ՀՅԴ-ի թեկնածուին:
– Պաշտպանում եմ:
– Դուք Սերժ Սարգսյանի թեկնածությունն եք պաշտպանում:
– Ի՞նչ կապ ունի: Դաշնակցությունը եթե ունենար Սերժ Սարգսյանին, ես նորից կպաշտպանեի Սերժ Սարգսյանին: Ի՞նչ տարբերություն: Ի՞նչն է ձեզ համար անհասկանալի:
– Այն, որ ՀՅԴ-ն իր թեկնածուն ունի:
– Ի՞նչ կարեւոր է, կարող է Դաշնակցության թեկնածուն դուք լինեիք կամ ես, շատ թույլիկ լինենք մեր աշխատանքային պոտենցիալով: Եթե Դաշնակցությունը չունի Սերժ Սարգսյան, Հանրապետականն ունի` ՀՀԿ-ն ինչ-որ բանով մեղավո՞ր է:
– Այսինքն` դուք կարծում եք , որ ամենաուժեղ թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է:
– Այսօրվա օրով ամենաուժեղ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
– Իսկ ընդդիմության դաշտում ուժեղ թեկնածու չե՞ք տեսնում: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ի՞նչ կասեք:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ես Հայաստանում չեմ եղել, ինքն աշխատել է, ինքը գեոպոլիտիկայի, պատմության շատ մեծ մասնագետ է, բայց տնտեսական ոլորտում ես իր տեսակետները չեմ ընդունում, ոչ մի անգամ չեմ ընդունում:
– Համաձայն չե՞ք իր այն գնահատականին, որ այսօրվա գործարարներն իշխանությունների զոհերն են:
– Ես կարծում եմ` եթե գործարարն ազնիվ վերաբերմունք ունի իր երկրի բյուջեի նկատմամբ, նա որեւէ մեկի զոհ չի կարող լինել` ոչ գործող իշխանությունների, ոչ նախկին, ոչ էլ ապագա իշխանությունների:
– Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններում կատարվող ստուգումները պայմանավորում են քաղաքական դրդապատճառներով: Ինչպե՞ս եք գնահատում դա:
– Ի՞նչ է դա նշանակում: Ստուգման արդյունքներն են: Խաչատուր Սուքիասյանի հետ մենք համատեղ գործ ունենք սիգարետի ոլորտում, ես կարող եմ ասել եւ ստորագրել, որ Խ. Սուքիասյանը սիգարետի ոլորտում աշխատում է ազնիվ, եւ որեւէ իշխանություն նրան չի կարող այդ ոլորտում մեղադրել: Ու ոչ էլ կմեղադրեն, ինձ թվում է:
– Եթե մի ոլորտում ազնիվ է, ինչո՞ւ պետք է մյուս ոլորտներում անազնիվ լիներ:
– Դա արդեն իրեն հարցրեք, ես ի՞նչ գիտեմ: Ես ասում եմ այն, որտեղ ես իր հետ շփվում եմ, որից հասկանում եմ: Մնացած ոլորտներն ինձ համար անհասկանալի են, ես այնտեղ չեմ աշխատում:
– Վերջին շրջանում իր հետ չե՞ք հանդիպել:
– Ես միշտ էլ հանդիպել եմ:
– Այս ընթացքում հանդիպե՞լ եք, զանգե՞լ եք:
– Չէ, ինքն ինձ չի դիմել: Մենք եթե իրար զանգել ենք` աշխատանքային հարցերով է եղել: Նախկինում էլ է այդպես եղել, մենք այլ հանդիպումներ` քաղաքական, չենք ունեցել: Աշխատանքի բերումով միշտ իրար հետ շփվել ենք, հիմա՝ չէ: