Ապահովագրո՞ւմ է իրեն

03/12/2007

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների, վերաքննիչ դատարանների դատավորներ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ եւ դատավոր նշանակելու մասին: Այս հրամանագրով, ըստ էության, ամբողջ դատական համակարգը կադրային առումով փոփոխության է ենթարկվել: Տարբեր պաշտոններում նշանակվել են նոր դատավորներ, ոմանք էլ վերանշանակվել են, ինչը նշանակում է, որ թե՛ առաջինները, թե՛ երկրորդները «պարտական» են Ռոբերտ Քոչարյանին: Այս փոփոխություններն ակնհայտորեն ունեն քաղաքական նշանակություն, որի իմաստն այն է, որ Ռ. Քոչարյանը ցանկանում է իր հեռանալուց հետո «սեփական մարդիկ» ունենալ պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում: Այս ճանապարհով նա փորձելու է պահպանել իր ազդեցությունը նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Ի դեպ, Քոչարյանի ստորագրած հրամանագրում կա նաեւ ՀՀ Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի անունը, որը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ Ս.Ղազարյանը ընդամենը մեկ օր առաջ «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին դատապարտեց համապատասխանաբար 6 եւ 2 տարվա ազատազրկման ու ավելի քան 2 մլն դոլարի տուգանք սահմանեց նրանց նկատմամբ: Առաջին հայացքից թվում է, թե Ս. Ղազարյանին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելը պաշտոնի իջեցում է, սակայն մեր դատական համակարգում դա «փող աշխատելու» ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Մեր ունեցած տեղեկություններով՝ Ս.Ղազարյանն ինքն է ցանկացել այս պաշտոնը, քանի որ դատական համակարգում եկամտաբերության տեսակետից Արաբկիր համայնքը Կենտրոնից հետո ավանդաբար համարվել է երկրորդը: Այնպես որ, այս նշանակումը թեեւ ֆորմալ առումով պաշտոնի իջեցում է, սակայն իրականում ենթադրում է եկամուտների ավելացում: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ առաջիկայում Քրեական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանն էլ նշանակվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Սա նույնպես «Ռոյալ Արմենիայի» գործով «պարգեւատրում» է համարվում: «Այնպես որ, մենք անուղղակիորեն նպաստեցինք, որ նրանք իրենց ուզած պաշտոնը ստանան»,- մեկնաբանելով սույն նշանակումները՝ երեկ մեզ հետ զրույցում ասաց «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների պաշտպան Աշոտ Սարգսյանը: