Խնամիս ու ես

03/12/2007

«Ես երջանիկ եմ, որ մեր երկրում նման հարցերը կորցրել են իրենց կարեւորությունը: Հայաստանն արտերկրի մեր գաղութների նման չի, որտեղ հնչակյանը ռամկավարին աղջիկ չի տալիս, ռամկավարը` դաշնակցականին: Սա նորմալ ազատ երկիր է, եւ եթե երկու երիտասարդ իրար հետ սովորելով, ընկերություն անելով՝ որոշում են իրենց ճակատագրերը միացնել եւ ամուսնանալ, ես ուրախ եմ, որ նրանք չեն կաշկանդվում իրենց որոշման մեջ իրենց հայրերի կուսակցական քաղաքական պատկանելությամբ: Բայց կա նաեւ երկրորդ կողմը, չէ՞, ուրեմն հայրերն էլ չեն կաշկանդվում երիտասարդների ընտրությամբ: Այս առումով` ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում. ընտանեկան կյանքը` ընտանեկան կյանք, քաղաքական պայքարը` քաղաքական պայքար: Եթե իշխանության պայքար է, այդ գործոնը կարող է նշանակություն ունենալ, բայց ՀՅԴ կողմից վարվելու է քաղաքական, գաղափարական պայքար»,- պատասխանելով հարցին` արդյոք Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապերը չե՞ն խանգարի նրա հետ մրցակցելու ժամանակ, ասել է ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Ի դեպ, վերջինս քիչ հավանական է համարել, որ երկրորդ փուլ լինելու դեպքում ՀՅԴ թեկնածուն, այսինքն` ինքը, նրանցից մեկը չի լինի: Իսկ եթե ՀՅԴ-ն երկրորդ փուլում չլինի, ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի: Այս հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Ամենակարեւորն այն է լինելու, թե ինչպես է անցել առաջին փուլը: Այսինքն` թե նրանք ինչպես են երկրորդ փուլում հայտնվել: Ահա դրանից կախված կլինի մեր որոշումը: Բայց, անշուշտ, նկատի են առնվելու շատ հանգամանքներ: Կան ուժեր, որոնք հաստատ չեն պաշտպանվելու ՀՅԴ կողմից: Ձեզ պարզ է, էլի, օրինակը, բայց ես չեմ էլ կարծում, որ այդ ուժերը շանս ունեն հայտնվել երկրորդ փուլում, անգամ առաջին փուլում ինչ-որ նկատելի տեղ զբաղեցնել»: Հարցին էլ, թե` հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը քարոզչության ընթացքում հանի իր թեկնածությունը` ՀՅԴ թեկնածուի օգտին, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Չեմ բացառում»: Նշենք, որ ՀՅԴ ԳԺ-ում ողջույնի խոսքում միայն Վազգեն Մանուկյանի կողմից են նման ակնարկներ հնչել: Նախ` նա ՀՅԴ-ին դասել է «ազգային արժեքների» շարքին` ասելով, որ ՀՅԴ-ն հենց ազգային արժեք է, եւ կոչ է արել բոլոր «հին ընկերներին՝ վերամիավորվել»: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Վ. Մանուկյանի եւ ՀՅԴ-ի միջեւ ակտիվ ու ջերմ բանակցություններ են ընթանում: