«Դիլիջանի թունել` ռիսկային գոտի» վերնագրով մեր հրապարակմանը մի քանի օր անց արձագանքեց «Դիլիջանի ավտոճանապարհային թունելի» պետ Ռաֆայել Գրիգորյանը:
Բնավ էլ նպատակ չունենալով թերագնահատել թունելը սպասարկող անձնակազմի կատարած դժվարին աշխատանքը, հոդվածում անդրադարձել էինք թունելում տեղակայված լուսավորության եւ օդափոխության համակարգերին: Խմբագրություն ահազանգած քաղաքացին ասել էր, որ Դիլիջանի թունելում` կապված գազերի արտանետումների հետ, բավականին ռիսկային իրավիճակ է ստեղծվել: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությունից մեզ տեղեկացրել էին, որ այստեղ օդափոխության համակարգերն անխափան են աշխատում եւ նշյալ խնդիրների վերաբերյալ որեւէ բողոք չեն ստացել: «Դիլիջանի ավտոճանապարհային թունելի» պետ Ռաֆայել Գրիգորյանն այցելել էր խմբագրություն եւ մեզ հետ զրույցում նույնպես չբացառեց, որ թունելում կարող է ծխի կուտակում լինել, ինչը բնական է, եւ այս ամենը հիմնավորեց մասնագիտական ձեւակերպումներով: Սեւան-Դիլիջան կապող թունելի երկարությունը 2340 մետր է, որը սպասարկվում է թունելի երկու ծայրամասերում տեղակայված դիսպետչերական կետերի կողմից: Թունելի սպասարկումը ճիշտ միջնամասից կիսված է երկու դիսպետչերների միջեւ, ովքեր իրենց մոնիտորների վրա տեսնում են բոլոր շարժերն ու անգամ ծխի ամպերը: «Եթե մեծ գաբարիտներով, գերբեռնված դիզելային վառելիքով աշխատող մեքենա է մտնում թունել, ապա տարածքն ամբողջությամբ ծխապատվում է, եւ մենք անմիջապես միացնում ենք օդափոխիչները, որի մաքրումը տեւում է մինչեւ 15 րոպե: Այս ընթացքում թունել մտած անձը կամ մեքենան կարող է հայտնվել ծխի մեջ, սակայն սա չի նշանակում, որ այս վիճակը հավերժ է: Մենք օդափոխության երեք համակարգ ունենք` ներփչող, արտածծող եւ շիթային: Արտածծող օդափոխիչները շատ հազվադեպ ենք օգտագործում, քանի որ նրանք գերծախսատար են` մեկ ժամում 450կՎտ էլեկտրաէներգիա են ծախսում: Այս արտածծող օդափոխիչների օգտագործումը հարմար չէ նաեւ այն առումով, որ մոտ 100 մետր հեռավորության վրա են գտնվում դիսպետչերական կետից: Դիսպետչերը չի կարող թողնել աշխատավայրը, հեռանալ 100 մետր, բարձրանալ այդ շենք, որպեսզի միացնի օդափոխիչը եւ դեռ մի որոշ ժամանակ էլ սպասի` մինչեւ որ կմաքրվի տարածքը: 450կՎտ/ժամ հզորությունը խաղ ու պար չէ, որ հինգ րոպեն մեկ միացնեն ու անջատեն: Հիմնականում օգտագործում ենք շիթային վեց օդափոխիչները, որոնք տեղակայված են թունելի առաստաղին»,- պարզաբանում է Ռ. Գրիգորյանը: «Դիլիջանի ավտոճանապարհային թունել» ընկերությունն արդեն երկրորդ անգամ է, ինչ շահել է Դիլիջանի թունելի սպասարկման մրցույթը, եւ պայմանագիրն ավարտվելու է 2008թ. հունիսի 30-ին: Ընկերության տնօրենը ներկայացնում է, որ բավականին բարդ աշխատանք է թունելի սպասարկման աշխատանքների կազմակերպումը: Բացի երեւացող կոմունիկացիաներից, թունելով անցնում է մոտ 40կմ հաղորդալար, 5 հազար մետր մալուխային գծեր, պետք է լուծել ջրահեռացման խնդիրները, եւ սպասարկող անձնակազմն ամեն օր ոտքով շրջում է թունելում եւ հայտնաբերում վնասված կամ խափանված հանգույցները` բացի այդ էլ` հավաքում ավտոմեքենաներից նետված աղբի փաթեթները: Ռ. Գրիգորյանից տեղեկացանք նաեւ, որ արդեն հասցրել են խափանվել ու վերանորոգվել շիթային երկու օդափոխիչների շարժիչները: Սա մեդալի մի երեսն է` ինչպես ասում են: Դիլիջանի թունելի նախագծային աշխատանքներին մասնակցած մեր հաջորդ զրուցակիցը կարծում է, որ թունելում տեղադրված ավտոմատ եւ անվտանգության համակարգերն իրականում նախատեսված չեն թունելների համար: Եթե ոչ ոք էլ չասի, ապա թունելով անցնող ցանկացած անցորդ տարակուսում է, թե ինչպիսի լուսային համակարգ են մոնտաժել: Այս կարգի լապտերները կախում էին ԽՍՀՄ-ում փողոցների լուսավորության համար: Դժվար է հավատալ, որ թունելում տեղակայված այդ լապտերները 2004-ին էլ են արդիական եղել եւ գործարանային արտադրության են, եւ գուցե սա է լապտերների ոչ երկարակյացության պատճառը: «Էլիպս» հայտնի ֆիրմայի կողմից մոնտաժված անվտանգության եւ ավտոմատ համակարգերն էլ կասկածելի որակ ու ծագում ունեն: Նման խոնավ պայմաններում, պարզ է, որ այս համակարգերը շատ շուտ են կոռոզիայի ենթարկվում ու շարքից դուրս գալիս: Մասնագետները եզրակացնում են, որ եթե ավտոմատ համակարգերը շատ լավ աշխատեն, ապա դժվար թե սպասարկող անձնակազմը ոտքով շրջի թունելի տարածքում: Նշյալ համակարգերը չունեն համապատասխան անջրաթափանցություն, ջերմակայունություն ու նախատեսված չեն ստորգետնյա կառույցների համար: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ թեպետ թունելն ունի օդափոխման երեք համակարգ, սակայն խիստ վնասաբեր է` տնտեսական տեսանկյունից: Հապճեպ կառուցված թունելն անգամ նախագիծ չի ունեցել, այն գծագրվել է շինարարության աշխատանքներին զուգահեռ: «Այս երեք գերծախսատար օդափոխության համակարգերի փոխարեն՝ շատ ավելի ճիշտ եւ էժան կլիներ մի սովորական երդիկ կառուցելը»,- դիտարկում են մասնագետները: