Ապրիլմեկյան ամենամեծ կատակները

12/05/2005

Ծիծաղի օրը նշելու ավանդույթը երկար պատմություն ու տարբեր ճյուղավորումներ ունի: Եթե Ֆրանսիայում մարտի 31-ին փողոցով քայլելիս հանկարծ ձեր ուսին սատկած ձուկ հայտնաբերեք, մի շփոթվեք՝ դա ավանդական ֆրանսիական կատակ է, քանի որ ֆրանսիացիների Ծիծաղի օրը կոչվում է Ձկան օր: Իսկ Անգլիայում նույն օրը կոչվում է այլ կերպ՝ Բոլոր հիմարների օր: Սովետական ժամանակ շատ հարցերի պատասխանները կարելի էր միայն ապրիլի 1-ին բարձրաձայն հնչեցնել: Եվ հաճախ ապրիլմեկյան կատակների հետեւանքներն այնքան անկանխատեսելի էին լինում, որ հետո հարկ էր լինում հերքել: Մանավանդ՝ մամուլի եւ հեռուստատեսության կատակները գրեթե բոլոր ժամանակներում ու երկրներում ընդունվում են որպես իրական փաստեր: Օրինակ, ամերիկյան մի ռադիոկայանի այն հայտարարությունը, որ ֆերմաներից մեկում համաճարակ է բռնկվել ու արագորեն տարածվում է ողջ երկրով, ամեն ժամը մեկ եթեր էր հեռարձակվում եւ վերջիվերջո սարսափելի խուճապ առաջացրեց: Քուվեյթի հեռուստաալիքներից մեկը հայտարարեց, որ էմիրը հրամայել է Էլ Քուվեյթի երկու հսկա աշտարակները մեկ այլ քաղաք տեղափոխել, եւ բնակչության ահռելի մի զանգված գնացել էր՝ այդ պատմական փաստի վկան դառնալու։ Առաջին հայացքից անմեղ թվացող կատակները հաճախ այնքան հաջող են ստացվում, որ կատակի հետեւանքները վերացնելու համար ոստիկանության միջամտությունն է պետք գալիս: Լոնդոնի խանութներում հազարավոր մարդիկ մի քանի ժամ շարունակ պահանջում էին իրենց «տաք սառույց» վաճառել, որը նույնիսկ վառարանում չի հալչում. այդ սառույցի գովազդը մեկ օրվա ընթացքում անընդհատ ցուցադրվում էր բրիտանական ալիքով: Մի քանի տարի առաջ ապրիլի 1-ին մեծ իրարանցում էր սկսվել ողջ ԱՄՆ-ում, քանի որ ամերիկյան բոլոր հեռուստաալիքներով հայտարարվել էր ծխախոտի վաճառքի արգելման մասին, եւ մարդիկ առեւտրի կենտրոններ էին շտապում, որպեսզի հասցնեն վերջին թույլատրված օրում սիգարեթ գնել:

Իսկ երբ Ղազախստանում ապրիլի 1-ին հայտարարվեց, որ Նազարբաեւի դուստրը պատրաստվում է դուրս գալ Տիեզերք, բոլոր ղազախներն այդ նորությունն ընդունեցին սառնասրտորեն՝ ի՞նչ կա որ, ավելի հանդուգն քայլեր էլ են լինում: Հայկական եթերից ու մամուլի էջերից կատակելու հաջող փորձերից կարող է համարվել, օրինակ, եթե վաղը «Հայլուրով» հայտարարվի թոշակների կամ աշխատավարձերի բարձրացման մասին՝ որեւէ լուրջ պաշտոնյայի շուրթերով: Կամ, ասենք, Բեռլինի ռադիոկայանի օրինակով հայտարարվի, որ ազատ վաճառքի են դրված Մետրոպոլիտենի կայանները: Մամուլի կատակը պետք է խիստ լուրջ լինի, որ իր նպատակին հասնի ու թողարկված նորությունը կասկածի նշույլ անգամ չծնի: Կատակելու համարձակություն ենք մաղթում բոլորին: Եվ եթե ոչ ոք չկարողանա այդ օրը խաբել կամ էլ հիմարացնել ձեզ, համարեք, որ օրն իզուր անցավ: Մի մոռացեք, որ մեկ րոպե լիաթոք ծիծաղելով, դուք ձեր կյանքի տեւողությունը կես ժամով երկարացնում եք:

Ն. Հ.