«ԳԱԼԱ»-ին հանգիստ չեն թողնում

03/12/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ աղմուկը չի դադարում: Որոշ ժամանակ առաջ հեռուստաընկերությունում սկսված հարկային ստուգումների արդյունքում Գյումրիի Հարկային Տեսչությունը դիմել է ՀՀ տնտեսական դատարան` «ԳԱԼԱ»-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ից 25 212.8 հազար դրամ բռնագանձելու խնդրանքով, ինչպես նաեւ՝ արգելանք դնելու նրա գույքի եւ դրամական միջոցների վրա: Հայցի երկրորդ մասը, կապված արգելանքի հետ, մերժվել է:

Եվս մեկ հայցադիմումով ՀՀ տնտեսական դատարան է դիմել Գյումրիի քաղաքապետարանը` խնդրելով «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցնել ապամոնտաժել Գյումրիի քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակից իրենց պատկանող բոլոր սարքավորումները եւ հեռուստաաշտարակը վերադարձնել քաղաքապետարանին:

Երեկ «Ինտերնյուս» հ/կ-ն, Երեւանի մամուլի ակումբը եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը համատեղ քննարկեցին

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ կապված խնդիրները: «Ինտերնյուս» հ/կ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում, միգուցե այլ մասշտաբներով, բայց նման խնդիրներ ունեցել են նաեւ այլ լրատվամիջոցները. «Ուղղակի հարցը նրանում է, որ մարդիկ, ովքեր նման իրավիճակներում են հայտնվում, չեն ցանկանում, որպեսզի իրենց գործը դառնա այսպիսի մեծ հնչողության առարկա, եւ սա երեւի այն պատճառներից մեկն է նաեւ, որը նման հետեւանքների է բերում: Իսկ «ԳԱԼԱ»-ն համարձակվում է ինքն իրեն պաշտպանել, բարձրաձայնել այս խնդիրների մասին»:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, խոսելով «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ ներկայացրած հայցադիմումների մասին, նշեց. «Երբ մենք ծանոթացանք այն ակտին, որը գրվել էր հարկային ստուգումներից հետո, պարզ դարձավ, որ այդ 26 միլիոն դրամի առյուծի բաժինը կառուցվել է իբր թաքնված եկամուտների վրա: Իսկ դրանք հաշվարկվել էին ՀՌԱՀ-ի տրամադրած գովազդների ծավալների թվի վերաբերյալ ինչ-որ տեղեկանքի հիման վրա: Ուսումնասիրել եւ փորձել եմ պարզել, թե ինչ օրենսդրական կամ ենթաօրենսդրական հիմք կա, ըստ որի` հեռուստաընկերությունները պարտավոր են տեղեկություններ մատակարարել ՀՌԱՀ-ին: Եվ նման որեւէ հիմք չեմ գտել: Ամսի 15-ին ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին ուղարկել եմ գրավոր հարցում` տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան, որտեղ պարզագույն հարցեր էին, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Այլեւս մենք բավարար հիմքեր ունենք այդ հանձնաժողովին դատի տալու` մեր տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար: Զրուցել եմ նաեւ հեռուստաընկերությունների սեփականատերերի հետ: Պարզվեց, որ մի քանի տարի առաջ Գ. Ամալյանը հրավիրել է նրանց իր մոտ ու ասել, որ միեւնույն է` իրենք մոնիտորինգ են անելու, լավ կլինի, որ հեռուստաընկերությունները 15 օրը մեկ իրենց տեղեկությունները նրանց մատակարարեն: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նույնպես դա արել է: Եվ այդ տեղեկությունն ուղարկվել է հարկային ծառայություն, որոնք էլ հիմնվել են դրա վրա: Այստեղ անտեսվել է այն փաստը, որ գովազդ բառի տակ տրված տեղեկության մեջ ներառվում է նաեւ ոչ միայն առեւտրային գովազդը, այլեւ գովազդի եւս երկու տեսակ` սոցիալական գովազդը եւ ինքնագովազդը»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով այս խնդրին, նշեց որ ՀՌԱՀ-ը, ըստ սահմանադրության, իրականում պետք է լինի մարմին, որը ստեղծված է խոսքի ազատությունը պաշտպանելու համար. «Կարո՞ղ եք մի գործողություն հիշել, երբ այդ մարմինը պաշտպանել է խոսքի ազատությունը`գոնե ֆորմալ առումով: Բայց կա մի այլ օրինակ, երբ այդ մարմինը, որին, իմիջիայլոց, օրենքով վերապահված չեն նման գործառույթներ, պահանջում է բոլոր հեռուստառադիոընկերություններից զեկույցներ, որտեղ պիտի ներկայացվեն տրամադրված գովազդի գրաֆիկները, ծավալները եւ տեւողությունը: Եվ, փաստորեն, «ԳԱԼԱ»-ի դեպքում օգտագործվել է այդ տեղեկանքը` Հարկային տեսչություն ներկայացնելու համար: Եվ այսօրվա մեղադրանքները, որ հնչում են Հարկայինի կողմից` «ԳԱԼԱ»-ի նկատմամբ, հենվում են հենց ՀՌԱՀ-ի տրամադրած տեղեկությունների վրա, եւ, իմիջիայլոց, ապօրինի կերպով տրամադրած: Այս փաստաթղթերը, որոնք իրենք ստանում են, քանի որ օրենքով նախատեսված պրոցեդուրաներին համապատասխան չեն, չեն կարող իբրեւ իրավական որեւէ հիմք ծառայել, բայց փաստորեն ծառայեցվում են: Այսինքն` կարելի է ասել, որ փոխանակ պաշտպանեն խոսքի ազատությունը, բազմակարծությունը` ընտրությունների ժամանակ, այդ մարմինը փաստորեն «գործ է տալիս» հեռուստաընկերություններից մեկի վրա: Եթե սեպտեմբեր-հոկտեմբերին այսպիսի իրավիճակ է, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի հունվար-փետրվարին, ինչպիսի ճնշումներ եւ ապօրինի գործողություններ կարող են լինել լրատվամիջոցների վրա: Այսպիսով, «ԳԱԼԱ»-ի խնդիրը ոչ միայն մեկ առանձին նախադեպ է, այլեւ լուրջ ահազանգ է մեզ բոլորիս»: