Թանգարանում երեխան խաղի մեջ է մտնելու

03/12/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն արդեն չորս ամիս է, ինչ նոր տնօրեն ունի։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը համոզված է, որ թանգարանում շատ շուտով շրջադարձային փոփոխություններ են լինելու։

Նա պատրաստ է աշխատել ու փոխել թանգարանի հանդեպ ստեղծված կարծրատիպային մոտեցումը։ «Հավերժ բան աշխարհում չկա, մենք փոխվում ենք, թանգարանն էլ պետք է փոխվի»,- ասում է նա։ Վերջերս թանգարանը մի շարք հետաքրքիր միջոցառումներ իրականացրեց։ Հանդիսավոր ու գունեղ երթով նշվեց Թումանյանի մի քանի հեքիաթների 100-ամյակը։

– «Սուտասանը», «Չախչախ թագավորը», «Ծիտը», «Կացին ախպերը» հեքիաթների ծնունդը նշեցինք ու թանգարանից փողոց դուրս եկանք։ Թումանյանի թանգարանը Թումանյանի անունը կրող փողոցի վրա է գտնվում, ոչ հեռու էլ գտնվում է Թումանյանի արձանը։ Մենք տորթով, ուրախ տոն կազմակերպեցինք եւ թանգարանից մինչեւ արձան հասանք։ Ես ստիպված էի «վա-բանկ» գնալ, քանի որ ո՛չ ռեսուրս ունեինք, ո՛չ էլ ժամանակ։ Բայց ես հասկացա, որ եթե այսօր դա չանենք, հաջորդ տարի արդեն ուշ կլինի։ Սա իմ կազմակերպած առաջին լայնամասշտաբ գործն էր, որն անսպասելի լավ անցավ։

– Դուք նշել եք, որ թանգարանը «մեռած» կառույց լինելու իրավունք չունի, որ հարկավոր է վերափոխել այն։

– Անշուշտ, կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել, որ թանգարանը մեռած հիմնարկ է։ Բայց թանգարանը միայն պահակություն կամ փոշի սրբել չի նշանակում, թանգարանը գործ է։ Ինչ իրի որ դիպչես, պետք է խաղի մեջ մտցնես։ Իրը պետք է վերակենդանա, շնչի, ապրի, գրավի։ Իսկ Թումանյանի թանգարանը հենց այն թանգարաններից է, որը պետք է միջավայր ստեղծի։

– Միջավայրի մասին շատերն են ասում, բայց դրանք լոկ բառեր են մնում։

– Մենք իրոք աշխատում ենք։ Վերջերս Թումանյանի թարգմանած Գյոթեի «Վարդը» բանաստեղծությանը նվիրված շատ գեղեցիկ, գողտրիկ երեկո անցկացրեցինք։ Դա հայ-գերմանական համագործակցությունն էր՝ համեմված գերմանացի կոմպոզիտորների երաժշտությամբ, հնչեց նաեւ Ռոմանոս Մելիքյանի «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսը։ Շատ լավ հանդիսատես էր հավաքվել։

– Երեխաները սովորաբար ստիպողաբար են թանգարան գալիս։ Եվ երկրորդ անգամ նորից թանգարան գալ թերեւս ոչ ոք չի ցանկանում։

– Բնականաբար, երկրորդ անգամ երեխաները թանգարան կամավոր չեն գա։ Ես էլ չէի գնա։ Երեխան կգա թանգարան, երբ տեսնի, որ իրեն ամեն անգամ մի նոր բան են առաջարկում։ Մենք դեռ առաջարկելու նոր բան չունենք, քանի որ մեր ծրագրերը մշակման փուլում են։ Բայց շատ շուտով, երեւի մոտ օրերս արդեն պատրաստ կլինենք Թումանյանի խաղերը ներկայացնել երեխաներին։ Դրանք թանգարանային խաղեր են լինելու, որոնք առանց բռնություն կամ ջանք գործադրելու երեխային խաղի մեջ կմտցնեն։ Երեխան թանգարան կմտնի ու կընկնի խաղի որոգայթի մեջ։ Հեքիաթների նկարազարդ պերսոնաժները, դրվագները տեսնելով՝ երեխան պետք է խաղի, գուշակության միջոցով հեքիաթի շարունակությունն ընտրի։ Մենք երեխաներին նյութեր, հեքիաթների հերոսների մույաժներ ենք տրամադրելու, որպեսզի երեխաներն իրենց համար սեփական թանգարանը ստեղծեն։

– Գուցեեւ նոր հեքիա՞թ գրեն։

– Թող գրեն, նրանք լիակատար ազատ կլինեն։ Մենք արդեն վերականգնել ենք Թումանյանի ստեղծած լոտոներից մեկը, որը ցանկանում ենք Նոր տարվա օրերին արդեն վաճառքի հանել՝ հասկանալով, որ դա շատ լավ նվեր կլինի երեխաների համար։ Մենք մի փոքր խորամանկել ենք, երկու խաղ ենք միացրել իրար։ Երբ երեխան ճիշտ ծածկի լոտոյի տախտակները, տախտակի ետեւի կողմը խճանկար կդառնա։

– Դուք հեռուստաէկրանի շնորհիվ շատ ճանաչելի մարդ եք դարձել։ Այդ ճանաչումը օգնո՞ւմ է թանգարանի աշխատանքներում։

– Ճանաչելիությունն ու վստահությունը ես զգացի այն ժամանակ, երբ փողային հարցեր պետք է լուծեի։ Իմ հաղորդման համար ես երբեք չեմ փորձել հովանավոր գտնել, բայց թանգարանային գործում առանց հովանավորների պարզապես չի ստացվում աշխատել։ Եվ շատ շնորհակալ եմ այն բուրժուաներին ու գործարարներին, որոնք օգնում են թանգարանին։ Գուցե մի քիչ կոպիտ բան եմ ասում, բայց համոզված եմ, որ Թումանյանն անպարտելի «խաղաթուղթ» է։ Թումանյանը մեր ծնված օրվանից սկսած՝ մինչեւ մեր մահը մեզ հետ է։ Եթե մենք մեր երեխաներին ճանաչել տանք Թումանյան քաղաքացու կերպարը, մենք շատ մեծ գործ արած կլինենք։ Վիթխարի երեւույթ էր Թումանյանը, սակայն մենք նրան միայն մի քանի գործերով ենք ճանաչում։ Ամոթ էլ է, որ նրա մասին շատ քիչ բան գիտենք։

– Ինձ միշտ զարմացրել են, ասենք, «Կիկոսի մահը» կամ «Անբան Հուռին» հեքիաթների ուղերձները։ Կարծես դրանք աբսուրդի թատրոնի գործեր լինեն, որոնք ամբողջովին երեւակայության վրա են կառուցված, բոլոր հերոսները սկսում են խաղալ ու անվերապահորեն հավատալ իրենց խաղացած դերին։

– Այդ հեքիաթներում զուտ հայկական հոգեբանություն կա։ Չեղած տեղից ողբ անելը հենց մեր կերպարն է բնութագրում։ Չմոռանանք նաեւ, որ հեքիաթներով կարելի է բուժել։ Մանավանդ Թումանյանի հեքիաթները հեքիաթաբուժության համար հիանալի նյութ են։ Գեղարվեստական ստեղծագործությունները կարող են բուժել, հանդարտեցնել հոգեվիճակը։ Մենք նախատեսում ենք թանգարան հրավիրել նման մասնագետների։ Դա նորություն չէ, աշխարհը վաղուց արդեն առաջ է գնում եւ կիրառում է այդ պրակտիկան։ Մենք ոչ մեկից էլ պակաս չենք, մենք էլ դա պիտի անենք։