«Մենք հանդիպել ենք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ, եւ չկա որեւէ խնդիր. նրանք ասել են, որ խաղերը կանցկացվեն հնարավորինս լավ», – Բրյուսելում հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որն ակնկալում է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների խաղերը կկայանան՝ չնայած երկու երկրների միջեւ առկա քաղաքական լուրջ տարաձայնություններին: Անդրադառնալով Եվրոպայի 2008թ. առաջնության նախընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերի միջեւ այդպես էլ չկայացած հանդիպումներին` Պլատինին ասել է. «Մենք խնդիր ունեցանք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված, քանի որ դա ավելի վատ էր, քան հարաբերությունների բացակայությունը` այդտեղ ծայրահեղ լարվածության խնդիր կար, եւ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշեց չեղյալ հայտարարել երկու խաղերը»: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի 5-րդ խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Թուրքիայի, Բելգիայի, Իսպանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Էստոնիայի թիմերը։