«Ֆանտազիան» դեռ սպառնո՞ւմ է

12/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Տիգրան Մեծ փողոցի 25 շենքի 13 բնակարանի սեփականատեր 74-ամյա Արշալույս Հակոբյանը պատահաբար հեռուստացույցով տեսել է, որ մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ շրջել է քաղաքում ու դժգոհ է մնացել շենքերի ու փողոցների տեսքից:

– Ես լսեցի՝ Քոչարյանն ասաց, թե պարոն Զախարյանը ամաչեց մեր քաղաքի վիճակից,- պատմում է տիկին Արշալույսը: -Բա ամոթ չի՞, որ հենց այդ պատճառներով մեր իշխանությունները էս տարիքիս ինձ դիմում գրող են դարձրել ու քցել են իրենց դռները:

Տիկին Արշալույսի ներքեւի՝ առաջին հարկի 11 բնակարանը 1996թ. գնել է ոմն Ալիկ Չթչյան եւ ծրագրել է տարածքում հիմնել «Ֆանտազիա» անունով արտադրական կոոպերատիվ: 1998թ. ձեռք է բերել բակի կողմից կցակառույցի ավելացման եւ փողոցի կողմից մուտքի կազմակերպման թույլտվություններ եւ սկսել է շինարարական աշխատանքները: Հարեւանների պատմելով՝ նկուղային հարկում հիմքին մոտիկ ոչ ճիշտ շինարարական աշխատանքների հետեւանքով իրենց բնակարանները դարձել են վթարային: Տիկին Արշալույսի բնակարանի պատերը իրարից հեռացել են ու ճաքել: «Մուտքի կազմակերպում» մասը, որը պետք է ենթադրեր մուտքի պատի ուղղակի ձեւավորում, 1998 թվականից դարձել է մի նոր կցակառույց ու գրավել մայթի մի մասը: Առանց այդ էլ նեղ մայթը այդ հատվածում դարձել է դժվար անցանելի: Ա. Չթչյանին է պատկանում նաեւ այդ N11 բնակարանի տակի նկուղը: Այդ տարածքները չշահագործելու պատճառով ձմռանը ստեղծվում է կոյուղագծերի եւ ջրագծերի վթարային վիճակներ:

– 2003թ. դեկտեմբերի վերջին կոյուղագիծը սառեց եւ ամբողջ կեղտը լցվեց մեր տունը,- հիշում է տիկին Արշալույսը: -Նոր տարուն մենք ստիպված հարեւանի զուգարանից էինք օգտվում: Ինչպե՞ս կարելի է: Հետո ջրագիծը սառեց, երկար ժամանակով ջուր չունեինք: Այդ վթարները վերացնելուց հետո էլ ջուր չեկավ: Ջրմուղից եկան-տեսան, որ էդ անխիղճը նկուղից վինտիլը փակել էր ու մեր վրա ջուրը կտրել էր: Մենակ մերը չէր, էս գծի վրա ամսով ոչ մեկը ջուր չուներ:

Բնակիչները բազմիցս են դիմել պատկան ատյաններին: Քաղաքապետարանից էլ պատասխանել են, որ «առկա են քաղաքաշինական անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ հիշյալ հասցեն վերահսկվում է»: Իսկ վնասների մասով դիմումները հասցեագրվել են Կենտրոն թաղապետարան: Փոխթաղապետ Գագիկ Գյանջումյանը պարզել է, որ «Ալիկ Չթչյանի կողմից կատարված անօրինական շինարարության պատճառով վնասվել են Ձեր բնակարանի պատերը: Վնասի փոխհատուցման համար Դուք պետք է դիմեք դատարան»: Նույն մարմիններին դիմում-բողոքներ է հղել նաեւ Ա. Չթչյանը եւ ստացել է գրեթե նույնանման պատասխաններ. «…սկսած շինարարական աշխատանքներին խոչընդոտում են Ձեր հարեւանները: Հիմք ընդունելով Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության գրությունը, այդ հարցով Դուք պետք է դիմեք իրավապահ մարմիններին»: Ալիկ Չթչյանը դիմել է իրավապահ մարմիններին:

– Ոստիկաններ ու թաղայիններ էր բերում այստեղ,- պատմում էին հարեւանները: -Դրանք էլ գալիս էս խեղճերի վրա էին գոռգոռում, սպառնում, թե գիտե՞ք ձեզ ինչ կանենք, եթե խելոք չմնաք:

Չթչյանը դիմել է նաեւ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը 2004թ. մայիսի 25-ին որոշել էր «Հանուն Հայաստանի Հանրապետության՝ պարտավորեցնել Արշալույս Հակոբյանին չխոչընդոտել … 25 շենքի թիվ 11 բնակարանի մուտքի կազմակերպման եւ օժանդակ տարածքում կցակառույցի կառուցման աշխատանքներին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության կողմից՝ պարտապանի հաշվին»:

Բնակիչների բողոքների արդյունքում՝ Չթչյանի «Ֆանտազիան» մնացել է կիսակառույց:

 – 2004թ. դեկտեմբերին նա տասնհինգ ոստիկանների ու Հարկադիր կատարման ծառայության չորս աշխատակիցների օգնությամբ բռնի ուժով, սպառնալով ու ահաբեկելով վերջապես կառուցեց,- ասում է Հասմիկը՝ տիկին Արշալույսի աղջիկը։ -Բնակիչներիս թույլատրել էին ընդարձակել պատշգամբները, ես դեռ չէի արել, բայց որոշումն ունեմ: Մեզ հասանելիք այդ տարածքն անգամ բռնագրավել է:

Ա. Չթչյանը Հասմիկին ահաբեկելու համար շուն է բաց թողել նրա վրա:

– Ես չգիտեմ՝ իմ մեռնելուց հետո ինչ է լինելու իմ աղջիկների վիճակն այս անօրեն երկրում,- արդեն լացում էր տիկին Արշալույսը: -Ես նույնիսկ չեմ կարողանում հանգիստ մեռնել: Այս վեճերի արդյունքում գիտե՞ք քանի անգամ եմ վատացել, շտապօգնություն են կանչել: Ծեր, հիվանդ կին եմ, այդ անօրենների դեմ աղջիկներիս հետ ոչ մի պաշտպան չունենք: Քաղաքապետարան որ գնում եմ՝ Քաղաքաշինության վարչության պետ Հրաչյա Մուրադյանն ու իր քարտուղարուհին ինձ արդեն դուրս են շպրտում, թե՝ պառավ, էլի եկա՞ր: Ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ: