Ինչպես երեւում է, ՀՀ նախագահի պաշտոնին այս անգամ կարող են հավակնել ռեկորդային թվով թեկնածուներ: Դրանց քանակը կարծեք թե ուղիղ համեմատական է «վերեւներում» ՀՀ առաջին նախագահի առաջադրումից առաջացած աճող անհանգստությանը:
Բանն այն է, որ վերջին օրերին իրենց առաջադրման մասին ազդարարող թեկնածուները, խոսքները մեկ արած, այդ առաջադրումը «հիմնավորելիս» զբաղվում են զուտ առաջին նախագահի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելով: Նախօրեին իր առաջադրումն այդկերպ «հիմնավորեց» իրեն մինչ օրս համառորեն ընդդիմադիր համարող Արտաշես Գեղամյանը, ով բազմիցս իր գործողություններով արժանացել է ընդդիմադիր դաշտում ներդրված «ականի» տիտղոսի: Երեկ էլ ՀՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման մտադրության մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի արդեն նախկին խորհրդական Արման Մելիքյանը: Նա եւս իր այդ մտադրության «հիմնավորումներում» շարունակ «շեղվում էր» դեպի 1990-ականների սկիզբ: Պարոն Մելիքյանը երեկ ԼՂ նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարական է տվել՝ նպատակ ունենալով մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին: «Ես լուրջ վտանգ եմ տեսնում զարգացումների հետ կապված: Եվ այն մարտավարությունը, որ ընտրել են մրցակից կողմերը, կարող է հանգեցնել քաղաքացիական լուրջ դիմակայության, եթե ոչ՝ բախումների: Եվ ես որոշում եմ կայացրել մասնակցել նախագահական ընտրություններին որպես թեկնածու՝ փորձելու համար այդ վտանգն ինչ-որ չափով կանխել եւ մեղմել»,- «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Ա. Մելիքյանը: Նրա խոսքերով՝ դժբախտաբար, այսօր Հայաստանում ձեւավորված երկու հիմնական բեւեռները՝ ՀՀ առաջին նախագահի շուրջ ձեւավորված բեւեռը եւ ՀՀԿ-ական բեւեռը, ժողովրդին կանգնեցրել են լուրջ երկընտրանքի առջեւ: Ըստ նրա, ՀՀ առաջին նախագահն առաջարկում է վերացնել կոռումպացված կառավարման համակարգը, սակայն «պատրաստ է հանձնել այսօր ԼՂՀ տարածքներ համարվող տարածքները», իսկ Սերժ Սարգսյանի թիմը, չտալով երաշխիքներ, որ այդ տարածքները չեն հանձնելու, նաեւ մերժում է Հայաստանում կոռումպացված համակարգի գոյության փաստն անգամ: Ու այս պարագայում, ըստ նրա, ժողովուրդը որ կողմին էլ ձայն տա, բավական վատ վիճակում է հայտնվելու: «Որովհետեւ, եթե տալու է Տեր-Պետրոսյանի թիմին, միանշանակ պետք է համաձայնի տարածքների կորստի հետ, եթե տալու է Սերժ Սարգսյանի թիմին, պիտի համակերպվի այն փաստի հետ, որ Հայաստանում կոռումպացված կառավարման համակարգը մնալու է»,- ասում է Ա. Մելիքյանը: Նա շարունակ պնդում էր, թե կոռումպացված համակարգը վերացնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ տարածքները հանձնել, որ ոչ մի տարածք չպետք է հանձնվի, որ Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցի վերաբերյալ իր տեսակետները չի փոխել եւ այլն: Լրագրողները պարոն Մելիքյանին առաջարկեցին ՀՀ առաջին նախագահի «վատ մտադրությունների» մասին նշելուց զատ՝ փաստել նաեւ, որ 1998-ին 8000 քառակուսի կիլոմետր անկախ Ղարաբաղ խոստանալով իշխանության եկած մարդիկ եւս պատրաստ են տարածքներ հանձնել: Ռոբերտ Քոչարյանը 1998-ին ստորագրել է «Ընդհանուր պետություն» տարբերակը, «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե ՀՀ-ն պատրաստ է հանձնել տարածքները, եւ մեզ մնալու է մի նեղ շերտ, Սերժ Սարգսյանը վաղուց է պնդում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, այսօր քննարկվող տարբերակը եւս ենթադրում է տարածքների վերադարձ: Այս մասին ինչո՞ւ չեք ասում: Ինչո՞ւ չեք ասում, որ այս իշխանությունները պատրաստ են հանձնել տարածքները: Այս հարցերին Ա. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Ես համաձայն եմ դրա հետ: Եվ դա լավ չէ: Ժամանակը եկել է ասելու, որ այդ տարածքները չպետք է հանձնվեն: Եվ այդ տարածքները չհանձնելու լուրջ հիմքեր կան: Հիմքեր, որոնք բխում են մարդու իրավունքի պաշտպանության հրամայականից: Ադրբեջանահայության տարածքներն են դրանք»: Նրա խոսքերով՝ տարածքների հետ կապված հարցում նախկին եւ ներկա իշխանությունների միակ տարբերությունն այն է, որ 1998-ին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ նրանց թիմակիցները կանխեցին այդ հանձնման գործընթացը, իսկ «հիմա արդեն կան փաստարկներ, որոնց միջոցով կարելի է կանխել արդեն այս հանձնման գործընթացը»: Այսքանից հետո բանախոսը նորից առաջարկեց վերադառնալ 1990-ականների սկզբին ու նշեց, թե կոռուպցիան ու բազմաթիվ արատներ հենց նախկին իշխանությունների ժամանակներից են գալիս եւ այլն: Հատկանշական է, որ Ա. Մելիքյանը երեկ վստահեցրեց, որ ինքը ո՛չ ինչ-որ կարգախոսով է ընտրություններին մասնակցելու, ո՛չ էլ ինչ-որ պաստառներ է փակցնելու: Հետո նա հիշեցրեց ԱԺ նախորդ ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» կարգախոսը՝ «Ուժեղները պետք է լինեն արդար, թույլերը՝ պաշտպանված»: «Բացառիկ ռեկետիրի կարգախոս է: Կարգախոսը պատրաստողը ելել է շատ ազնիվ նպատակներից, բայց ստացվել է այն, ինչ ստացվել է: Բայց ամեն դեպքում դա անհարգալից վերաբերմունք է նույն էլեկտորատի, նույն մարդկանց նկատմամբ: Կամ, ասենք, ՀՀՇ-ամետ մամուլն ասում է՝ «Հայաստանի հիմնադիր նախագահ»: Պարոն Տեր-Պետրոսյանը շատ հարգված մարդ է, եւ ես իսկապես հպարտությամբ եմ հիշում, երբ աշխատում էի իր ղեկավարությամբ, դիվանագիտական ծառայության մեջ: Բայց Հայաստանը կոոպերատիվ չէ, որ ունենա «հիմնադիր նախագահ»: ՀՀԿ համագումարն իսկապես հիշեցնում էր ԽՄԿԿ համագումարները: Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց վրա պետք է կարողանանք անցնել, ձեւի հետեւում մենք պետք է կարողանանք բովանդակությունը տեսնել»: