Միանում են առաջին նախագահին

01/12/2007

«Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի պահվածքը տարակուսանք է առաջացրել իր իսկ ղեկավարած կուսակցության շարքերում: ԱՄ որոշ անդամներ ու կառույցների ղեկավարներ եկել են այն եզրակացության, որ Ա. Գեղամյանն իր վարքով այս էլ որերորդ անգամ անում է ամեն ինչ՝ ընդդիմությանը պառակտելու եւ իշխանությունների վերարտադրությունն ապահովելու նպատակով՝ դրա դիմաց «վերեւներից» դրամական խրախուսանքի արժանանալով: Կուսակցության այդ հատվածը հրաժարվում է սատարել Ա. Գեղամյանի թեկնածությունը: Ավելին, նախօրեին Գեղամյանի կուսակցության տարածքային երեք կառույցների ղեկավարներ հայտարարություն են տարածել՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին: Հայտարարությունն առայժմ ստորագրել են «Ազգային Միաբանություն» կուսակցության Գավառի տարածքային կառույցի ղեկավար Պապին Գալոյանը, Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Նորբերդ Հովակիմյանը, Էրեբունու տարածքային կառույցի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը: Վերջինս երեկ վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցի մոտ 3500 անդամները կիսում են իր այս դիրքորոշումը: Իսկ Արտաշես Գեղամյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ինքը չի կարող չշնորհավորել ՀՀ առաջին նախագահին՝ «նման երկրպագու ձեռք բերելու համար»: