Պատերազմից չենք վախենում

01/12/2007

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` նախօրեին արած հայտարարությանը, թե «քանի դեռ Ադրբեջանի տարածքները օկուպացված են մնում Հայաստանի կողմից` պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոս է», երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե «վստահ է մեր բանակի, մեր ժողովրդի վրա»: Հարցին, թե պատրա՞ստ է մեր բանակը պատերազմի, Ա.Աղաբեկյանը պատասխանել է. «Որքան վստահ եմ մեր բանակի վրա, նույնչափ վստահ եմ մեր ժողովրդի վրա: Սա պետք է գիտակցի Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Թող սա գիտակցի Ադրբեջանի ողջ ժողովուրդը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հաշվարկներում սխալվում է. ուղիղ կապ է հաստատում նավթի արտադրության ծավալների եւ իր պաշտպանական կարողությունների, իր զինված ուժերի մարտունակության միջեւ: Մեզ պարտադրել են պատերազմ, մենք պարտադրել ենք զինադադար… Մենք հստակ գիտակցում ենք մեր զինված ուժերի դերն ու առաքելությունն այս շրջանում` զինադադար հայտարարելուց առ այսօր: Հստակ գիտակցում ենք նաեւ զինված ուժերի առաքելությունը մինչեւ այն շրջանը, երբ արդեն այլընտրանքը կդառնան ռազմական գործողությունները, երբ խաղաղության պարտադրման այլընտրանքը կդառնան ռազմական գործողությունները: Եվ այստեղ է, որ չեն չափվում թվաքանակներով` զինված ուժերի, բյուջեի գումարի չափով: Այստեղ արդեն միանգամից գալիս են մարտունակության այլ կոմպոնենտներ: Գալիս է հասարակական կարծիք, գալիս են տրամադրությունները հասարակության մեջ…»: Ա. Աղաբեկյանի ասելով` հայկական զինված ուժերը նույն չափով շարունակելու են իրականացնել իրենց զսպող առաքելությունը` անկախ տեղակայման վայրից։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները, կարծում եմ, միայն ներքին սպառման պրոդուկտ են»,- վստահեցրել է Պաշտպանության նախկին փոխնախարարը: