ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը վերջապես հասավ իր երազանքին. նա երեկ կուսակցության արտահերթ համագումարում միաձայն ընտրվեց ՀՀ նախագահի թեկնածու եւ հնարավորություն ստացավ երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին:
Հաշվի առնելով այդ քվեարկությանը հաջորդած նրա կարճ խոսքը, թե` ամենադժվար գործը կատարված է, իսկ նախագահ դառնալն «ամենահեշտ բանն» է, որովհետեւ Հայաստանում նախագահական ընտրություններում հաղթելն, ըստ նրա` «խաղ ու պար է», կարելի է ենթադրել, որ Վազգեն Մանուկյանը խիստ կասկածներ է ունեցել, որ համագումարում իր դեմ դուրս եկողներ կլինեն ու ինքն անգամ իր կուսակցության համագումարում չի ընտրվի որպես նախագահի թեկնածու: Պարզվում է, Վ. Մանուկյանն իրականում նման կասկածների հիմքեր ունեցել է, քանի որ ԱԺՄ մեր աղբյուրների հավաստմամբ` Վ. Մանուկյանի թեկնածության առաջադրմանը դեմ են եղել ԱԺՄ վարչության մի շարք անդամներ:
Վ. Մանուկյանի երեկվա ելույթը, եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնականում նախկին իշխանությունների դեմ էր (չնայած նա իր պերճախոսությամբ անհամեմատ զիջում էր Արտաշես Գեղամյանին)` կառուցված 1996 թվականի ընտրությունների վրա: Եվ ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, որ եթե չլիներ 1996 թվականը, Վ. Մանուկյանն այսօր ոչ միայն նախագահի թեկնածու չէր լինի, այլ առհասարակ չէր լինի քաղաքական դաշտում: Դատելով նրա ելույթից` իրականում 1996 թվականից ամենաշատը շահել է հենց Վ. Մանուկյանը: Գործող իշխանությունների հասցեին թեթեւ մեղադրանքներ հնչեցնելուց հետո, Վ. Մանուկյանն անցում կատարեց նախկին իշխանություններին` ասելով. «Իշխանությունը գտնվում է մի խումբ մարդկանց ձեռքին, եւ ինչ կուզենան` կանեն, դատական համակարգ չկա, այն ուղղակի սպասարկող է այս իշխող կլանին: Ամբողջ պետական համակարգը, ամբողջ հասարակությունը փաթաթված է կոռուպցիայի մեջ: Բնական հարստությունների կործանում…»: Բայց սրանում, ըստ Վ. Մանուկյանի` այս իշխանությունների մեղքը չափազանց փոքր է, որովհետեւ պայմանավորված է ոչ «միայն անձերով», այլ` ձեւավորված, երկար տարիներ աշխատող համակարգով, որոնց արմատները տանում են դեպի նախկին իշխանությունները: «Որո՞նք են այդ համակարգի արմատները, այնքան ոգեւորությունից հետո ո՞նց ծնվեց այսպիսի համակարգ,- հարցրեց ԱԺՄ նախագահն ու ինքն էլ պատասխանեց,- Ընդհանրապես հեղափոխություններից հետո առաջանում է մարդկանց մի խումբ, որոնք իրականացնում են հեղափոխությունը եւ իրենք սկսում են մտածել, որ իրենք ընտրյալներն են, իրենք ունեն այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք չունի ժողովուրդը, եւ շատ վտանգավոր կլինի լսել ժողովրդի ձայնն ու ժողովրդին իշխանություն տալ, որովհետեւ նրանք դեռ անհասկացող են, իրենք չեն կարող հասկանալ այն վեհ գաղափարները, որոնցով առաջնորդվում են հեղափոխություն անողները: Նույնն էր մեր պահով: Մարդկանց մի խումբ զգաց, որ ինքը վեր է կանգնած ժողովրդից, ինքը պետք է առաջնորդի, ճակատագրով է ինքը ընտրված»: Մի խոսքով` Վազգեն Մանուկյանը համարում է, որ այն ամենը, ինչ անցած 10 տարիների ընթացքում կատարվել է Հայաստանում, 1996 թվականի կեղծված ընտրությունների շղթայական ռեակցիան է: «Սեփականաշնորհման գործընթացը գնաց ոչ թե մրցակցային ձեւով (խոսքը դարձյալ նախկին իշխանությունների պաշտոնավարման տարիների մասին է.- Լ. Ս.), այլ` ով է մեր մարդը: Նստած թուղթ ու մատիտով նշում էին` էս գործարանը՝ սրան, էս մեկը` սրան: Այս` մի խումբ մարդկանցով մյուսներին ղեկավարելու համակարգը հետագայում ձեւավորվեց 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ: 1996 թիվը փորձություն եղավ այդ խմբի համար, որովհետեւ դեմը կանգնած էին ոչ թե կոմունիստական ուժեր, ոչ թե ուժեր, որոնք չէին հասկանում՝ ինչ է անկախությունը, ոչ թե ուժեր, որ ապազգային էին, այլ կանգնած էր հենց շարժման մի հսկայական պաշտպան` նույն գաղափարներով, նույն սկզբունքներով: Եվ այնպես ստացվեց, որ այս ամեն ինչն ինքնախաբեություն էր, իրականում դրա տակ ընկած էր անձնական շահը: Եվ այդ խումբը, ցավոք, չկարողացավ վեր կանգնել թիմային եւ անձնական շահերից»,- ասաց Վ. Մանուկյանը: Երեկ պարզվեց նաեւ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը հենց 1996թ. «կեղծված» ընտրությունների հետեւանքն էր: Այսինքն` Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող ցանկացած իրադարձության մեղավորները տասը տարի առաջ իշխանությունից հեռացվածներն են: «1996 թվով է պայմանավորված 1998 թիվը, 1998 թվով է պայմանավորված «Հոկտեմբերի 27»-ը, «Հոկտեմբերի 27»-ով է պայմանավորված 2003 թվի ընտրություններին ծածանվող դրոշները, եւ դրանով է պայմանավորված էս օրը,- հայտարարեց Վ. Մանուկյանը` ավելացնելով,- 1998 թվին եկան նորերը, այսինքն` ի՞նչ նորեր, իշխանության մի հատված, որը չուներ կոմպլեքսներ (1996 թվից հետո առաջացավ շատ բարդ իրավիճակ): Կոմպլեքսներ չունեցող մարդիկ եկան, իշխանությունը վերցրեցին` ի՞նչ է եղել որ: Ի՞նչ նոր բան մտցրեցին: Եթե նախորդներն ասում էին, որ ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում մարդու իրավունքներից, ազատություններից, ժողովրդավարությունից, սրանք սկսեցին ասել, որ էս ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում Ղարաբաղի հարցից-բանից, սրանց թողնենք` Ղարաբաղը կտան: Մի մտայնությունը փոխվեց մյուս գաղափարով. նրանք կեղծելով հիմնվեցին ազատ պետության գաղափարին, սրանք կեղծելով հիմնվեցին ազգային գաղափարի վրա»:
Վ. Մանուկյանը երեկ նաեւ հայտարարեց, թե ինքը քաղաքական ուժերին ոչ թե կոչ է անում միանալ իրեն, այլ` գաղափարների շուրջ, իսկ թե ով կառաջնորդի այն` «կգտնեն»: «Բայց մենք պետք է իմանանք, որ այդ թիմի մարդիկ ոչ թե եկել են նստեն ու ասեն, որ՝ եկել ենք նստենք գոյություն ունեցող մոդելի վրա, այլ` եկել ենք` փոխենք, եւ իրենք իրենց կյանքով ապացուցել են, որ մոդել փոխող են: Որովհետեւ գիտե՞ք ինչ` հիմա դուք կարող է մեկին բրթեք-տանեք առաջ, նստեցնեք էդ աթոռին: Պատկերացրեք՝ էդ մարդը նստեց էդ աթոռին` ամենաշահավետը ո՞րն է. նույն մոդելի շարունակությունն է` հեշտ իշխանություն, դրամ, ինչի՞ պիտի ինքը փոխի, եթե ինքն էդ գաղափարի կրողը չի»,- միասնական թեկնածուով հանդես գալու արմատական ընդդիմության կոչերին արձագանքեց Վ. Մանուկյանը: Վերջինս գովաբանեց նաեւ դահլիճում նստած քաղաքական ուժերին` ասելով, թե ԱԺՄ գաղափարախոսությունը լրիվ համապատասխանում է նրանց գաղափարներին: Օրինակ, ասաց, որ «Օրինաց երկրի» հետ ԱԺՄ-ն կիսում է այն բարեփոխումների ծրագիրը, որոնք նրանք ցանկանում են իրականացնել ժողովրդավարություն հաստատելու համար, ՀՅԴ-ի հետ` ազգային հարցերում են «ինչ-ինչ» գաղափարներ կիսում, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ԱԺՄ նախագահն ասաց. «Ընդհանրապես չեմ հասկանում, թե մենք «Ժառանգության» հետ ինչով ենք տարբերվում` իրենց գաղափարներով»: Սակայն սա էլ չօգնեց, որ նրանք իրենց ելույթներում կրկնեն այն, ինչ արդեն ասել են` չեն միանում: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ողջունեց, բայց ասաց, որ մասնակցելու են իրենց թեկնածուով, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նույնը կրկնեց, իսկ «Ժառանգության» քաղաքական քարտուղարը Վ. Մանուկյանին փոխանցեց Մոսկվայում գտվող Րաֆֆի Հովհաննիսյանի ողջույններն ու ասաց, որ իրենք դեռ մտածում են` սեփական թեկնածուի՞ն առաջադրել, թե՞ ինչ-որ մեկին աջակցել: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, ճիշտ է` չասաց, որ պաշտպանելու են Վ. Մանուկյանին, բայցեւ հայտարարեց, որ նախկին իշխանությունները պետք է ներողություն խնդրեն Վ. Մանուկյանից` 1996թ. ընտրություններին նրան խոչընդոտելու համար: Մոռացված «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ ասաց, որ ինքն էն գլխից դեմ է եղել, որ Վ. Մանուկյանի նման գաղափարական մարդը մտել էր «Արդարություն» դաշինք, որտեղ կային մարդիկ, ովքեր իր դեմ կեղծիքներ են արել: Մի խոսքով` Վ. Մանուկյանին ողջունելու էին եկել հիմնականում այն քաղաքական ուժերը, որոնց առիթ ու խոսափող էր պետք Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ սկսված հակաքարոզչության մեջ իրենց լուման ներդնելու համար: Միայն ԱԺՄ-ից տարիներ առաջ պոկված ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն ասացին, որ որոշել են պաշտպանել իրենց նախկին ղեկավարի թեկնածությունը: Չնայած Վ. Մանուկյանը երեկ, ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասում էր, թե պետք չէ այս կամ այն թեկնածուին դարձնել «կուռք», որովհետեւ առաջնորդը պետք է դրոշ լինի, բայց ակնհայտ էր, որ իր նախկին կուսակիցների համար ինքը հենց այդպիսին էլ կա, եւ նրանց համար ամեն ինչ սկսվում ու ավարտվում է Վ. Մանուկյանով:
Հ.Գ. Համագումարին ներկա էին նաեւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, Սամվել Բաբայանը, Ալբերտ Բազեյանը, Արամ Գ. Սարգսյանը, ՀԱԱԿ քարտուղար Էդվարդ Անտինյանը եւ այլք: Սակայն նրանցից ոչ ոք երեկ չողջունեց Վ. Մանուկյանի ո՛չ համագումարը, ո՛չ էլ առաջադրման փաստը: