Թղթերն են հավաքում

01/12/2007

Ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի վարչություն դիմած նախագահի հավանական թեկնածուների թիվը երեկ հասել է տասի: Քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար երեկ դիմել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Ժողովրդակական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Հիշեցնենք, որ 10 տարվա ՀՀ քաղաքացիության մասին վկայող փաստաթղթեր ստանալու համար դիմել էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Արամ Կարապետյանը, Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ ոմն Վարդան Պառախչյան: Դիմողներից մերժում է ստացել միայն ՆԺԿ առաջնորդ Ա.Կարապետյանը: Ըստ Ոստիկանության՝ մերժումը պատճառաբանվում է ՀՀ ԸՕ 65 եւ 72 հոդվածների պահանջներին չբավարարելով: Օրինակ այն, որ նա ժամանակ առ ժամանակ չի բնակվել ՀՀ-ում: Ա. Կարապետյանը պատրաստվում է այս կապակցությամբ դիմել դատարան: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա վերջինս դիմել է նոյեմբերի 26-ին, իսկ պատասխանի համար գոյություն ունի եռօրյա ժամկետ: Այսինքն՝ այսօր «Ժառանգության» առաջնորդը կստանա իր պատասխանը: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2001-ին, թեեւ ՀՀ-ում ապրում է 1991-ից եւ քաղաքացիության համար դիմել է ավելի վաղ: Ի դեպ, Ա.Գեղամյանը երեկ դարձել է առաջին թեկնածուն, որ նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ: Վրաստանում նախագահական ընտրություններին մասնակցում է 22 թեկնածու: Առայժմ մենք այդ հարցում զիջում ենք Վրաստանին: Դեռ ժամանակ կա, հուսով ենք՝ կհասնենք: