«Ջրի գործով» արդեն կոնկրետ մեղադրյալ կա

01/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին՝ 32 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրում տեղի ունեցած չարաշահումների մասին հայտնի գործն անցյալ շաբաթ ունեցավ բավականին հետաքրքիր զարգացում: Այդ չարաշահումների համար այժմ արդեն կոնկրետ անձ է մեղադրվում՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար
Ռոջեր Ռոբինսոնը:

Այդ ծրագրում տեղի ունեցած չարաշահումների հետքերով անցյալ շաբաթ Հայաստանում էր Ամերիկյան GAP (Government Accountability Project – Կառավարությանը հաշվետու հանձնաժողով) կազմակերպության Միջազգային ծրագրերի բաժնի տնօրեն Բեատրիս Էդվարդսը: Նա բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերի հետ միասին հանդիպել է Անգլիայի դեսպան Էնթոնի Քանթորի, USAID-ի ներկայացուցիչների ու Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ: Բ. Թասկերը 2003-2004թթ. փորձագետ է աշխատել Ազգային ժողովի Օտարերկրյա վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովում, եւ GAP-ին նա է ներկայացրել չարաշահումներն ապացուցող փաստաթղթերը: «Ես տարել էի չարաշահումներն ապացուցող փաստաթղթերի 12 փաթեթ,- պատմում է Բ. Թասկերը: -Նախ՝ պարոն Վարուդակիսին ներկայացրեցի վարկային պայմանագիրը, որի վրա Համայնքների զարգացման ԾԻԳ-ի կնիքը կեղծ էր: ԾԻԳ-ը ստեղծվել է 1998թ. դեկտեմբերի 17-ին, մինչդեռ պայմանագիրը կնքվել էր նույն թվականի սեպտեմբերին: Այսինքն՝ կնիքը դրվել է այն ժամանակ, երբ դեռ այդ հիմնարկը գոյություն չի ունեցել: Ես ներկայացրեցի նաեւ պետռեգիստրից ստացած գրությունը, որտեղ նշվում է ԾԻԳ-ի ստեղծման ամսաթիվը: Այդ ժամանակ ՀԲ աշխատակից Նաիրա Մելքումյանը, ով այդ վարկային ծրագիրն էր համակարգում, փորձեց շփոթեցնել ներկաներին եւ ասաց, թե թարգմանությունը ճիշտ չի արվել: Ես ներկայացրեցի նաեւ անգլերեն տարբերակը: Հետո Վարուդակիսը փորձեց մեղմել իրավիճակը եւ ասաց, թե «միեւնույն է, այդ ժամանակ ԾԻԳ-ի անունով փող դուրս չի եկել»: Իհարկե, ի՞նչ նշանակություն ունի: Պարզապես կեղծ կնիքը վերցրել են, գնացել են ՀԲ, ստորագրել են պայմանագիր եւ 30 մլն դոլար վարկ են ստացել»:

Չարաշահումների երկրորդ փաթեթը վերաբերում էր «Երեւանի ջրմուղ-կոյուղու» (ԵՋԿ) ֆինանսական հաշվետվությանը եւ այնտեղ եղած անճշտություններին, որոնց «168 Ժամն» անդրադարձել է իր նախկին հրապարակումներում: 2004թ. հանձնաժողովում իր աշխատանքների համար պարոն Թասկերը խնդրում է այդ հաշվետվությունը, սակայն ՀԲ-ն ամիսներ շարունակ ձգձգում է եւ փաստաթուղթը չի տալիս: Հանդիպման ժամանակ Վարուդակիսն ասել է, թե իրենք այդ հաշվետվություններով չեն զբաղվում: «Այդ ժամանակ էլ ես ներկայացրեցի Ռոջեր Ռոբինսոնի նամակը, որտեղ ՀԲ նախկին ղեկավարը գրում է, թե մինչեւ մանրակրկիտ չուսումնասիրենք, չստուգենք այդ փաստաթուղթը, Ձեզ չենք կարող տալ,- ասում է Բ. Թասկերը: -Պարոն Վարուդակիսն այդ ժամանակ ասաց, թե «ես ի՞նչ կապ ունեմ, այն ժամանակ Ռոբինսոնն է եղել գրասենյակի ղեկավարը: Բնականաբար, այս բոլոր հակասությունները նկատեց նաեւ դոկտոր Էդվարդսը եւ ասաց, թե Ամերիկա վերադառնալուց հետո այս հարցով անպայման դիմելու է Կոնգրեսին»:

Հիշեցնենք, որ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բ. Էդվարդսը հայտարարել էր, որ ՀԲ-ն «շահագրգռված չէ բացահայտել» իր վարկով իրականացվող Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում տեղ գտած չարաշահումները: Եվ տարօրինակ է ու նաեւ զարմանալի է, որ ՀԲ երեւանյան գրասենյակն այս հանդիպման մասին ոչ մի տեղեկատվություն չի տալիս: Մինչդեռ մոտ 2 ամիս առաջ, երբ բրիտանական «Օբսերվեր» պարբերականը հրապարակեց, որ Բ. Թասկերը ՀԲ-ին մեղադրում է չարաշահումների մեջ, Ա. Վարուդակիսն անմիջապես ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, թե նման բան չկա եւ ոչ մի չարաշահում էլ չի եղել: Իսկ այս հանդիպման ժամանակ նա պարզապես չի կարողացել հերքել, թե չարաշահում չի եղել: Այժմ այս գործը կարեւորվել է այնքանով, որ արդեն մեղադրվում է կոնկրետ անձ՝ Ռոջեր Ռոբինսոնը, ով տեղյակ է եղել այդ չարաշահումների մասին, այդ ամենը կարգավորելու հնարավորություն է ունեցել, բայց ոչինչ չի նախաձեռնել: Եվ եթե կոնկրետ մարդ է մեղադրվում, ապա ՀԲ Ինստիտուցիոնալ անաչառության վարչությունը՝ INT-ին պարզապես չի կարող այդ գործը չուսումնասիրել: Հիշեցնենք, որ այս տարի GAP-ը եւ նույն Բ. Էդվարդսը հետամուտ եղան ու բացահայտեցին ՀԲ գլխավոր տնօրեն Պոլ Վոլֆովիցի չարաշահումները, ինչի պատճառով էլ նա ազատվեց աշխատանքից: Այդ ժամանակ եւս կոնկրետ անձ էր մեղադրվում: Ռ. Ռոբինսոնը գտնվում է Ղրղըզստանում: Ի դեպ, տեղեկացնենք, որ նրա հետ Ղրղըզստան է գործուղվել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքյուն: Հավանաբար, նրանք երկուսով նույն կերպ բարելավում են այդ երկրի ջրամատակարարման համակարգը: Իսկ մենք ներկայացնենք այդ ծրագրի հետաքրքիր եւ նախկինում մեծ աղմուկ հանած բաղադրիչներից մեկը: Ըստ Բ. Թասկերի` ՀԲ-ն հաշվետվություն է ներկայացրել, թե ծրագրով ապահովվել է բաժանորդների բնակարաններում մոտ 270 հազար հաշվիչների տեղադրումը (GAP-ի կողմից սա հաստատված է): Դա արժեցել է 8 մլն դոլար: Սակայն ցանկացած ոք գիտի, որ ԵՋԿ-ն որեւէ բնակարանում անվճար հաշվիչ չի տեղադրել: Իսկ այդ նպատակով բնակիչներից ժամանակին գանձվել է 6000-8000 դրամ: Ո՞ւր են գնացել այդ գումարները: Ժամանակին խոսակցություն կար, թե այդ հաշվիչների բիզնեսի ետեւում կանգնած է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանը: Տարիներ առաջ նույնիսկ փորձ արվեց բացահայտել այդ հաշվիչների գործը, սակայն այդպես էլ ոչինչ չստացվեց: Կարծիք կա, որ հաշվիչների մասով բնակիչներից շորթվել է 8-12 մլն դոլար: Ըստ պարոն Թասկերի` GAP-ի հետ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի վարկային գումարից գոնե այդ 8 մլն դոլարը ՀԲ-ին ետ չվերադարձվի: Եվս մի ցնցող փաստ. 2003թ. ԵՋԿ ֆինանսական հաշվետվության մեջ այսպիսի հետաքրքիր միտք կա. «2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարությունը ՀԶԾՂԳ-ին (Համայնքների զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակին.- Ա.Ա.) տրամադրել է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար: Հաշվապահական բավարար գրառումների բացակայության պատճառով Ընկերությունը չի գրանցել վարկի վճարման ենթակա ամբողջ գումարը»: Այսինքն` ընկերությունը ծախսել է 25 մլն դոլարը եւ հարկ չի համարել նույնիսկ հաշվապահական բավարար գործունեություն իրականացնել եւ ներկայացնել, թե ինչի համար է օգտագործել այդ գումարները: Այս հաշվետվությունն ընդունել եւ տարօրինակ ոչինչ չի տեսել հիմա արդեն GAP-ի կողմից մեղադրվող Ռոջեր Ռոբինսոնը եւ Հայաստանում ծրագրի հետ կապ ունեցող շահագրգիռ մյուս բոլոր կողմերը: Ի դեպ, թե՛ Ամերիկայում, թե՛ Անգլիայում Հայաստանի «ջրային» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունները գնալով լրջանում են: