Երկրում տիրող իրավիճակը չի պահանջում այսքան խորը ճգնաժամ:
Գրիգորի Յավլինսկի
Քանի որ հոդվածի վերնագիրն այսօր բաղկացած է միայն հապավումներից, հետեւաբար ստիպված ենք 40-50 տարեկան հասակում բուհն ավարտած մեր պետական գործիչների համար փոքրիկ պարզաբանում մտցնել. IQ-ն նշանակում է՝ ինտելեկտի գործակից, իսկ ՕԳԳ-ն` օգտակար գործողության գործակից: Երկու գործակիցներն էլ ունեն տոկոսային արտահայտություն: Վերոնշյալ գործիչների համար նաեւ նշեմ, որ «տոկոսով փողի» հետ այս ամենը որեւէ կապ չունի:
Իսկ այժմ անցնենք բուն թեմային: Որքան էլ ցավալի լինի, բայց այն, որ անկախացումից հետո Հայաստանի բնակչության IQ-ն սրընթաց նվազել է, եւ այսօր արդեն, մաթեմատիկական տերմինաբանության համաձայն, ձգտում է զրոյի, անհերքելի փաստ է: Իհարկե, երկրի անկախությունն այստեղ հաստատ մեղավոր չէ: Մեղավորներն անկախության տարիներին Հայաստանը ղեկավարողներն են, որոնց «հանճարեղ» կառավարման արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Իհարկե, այս իրավիճակում ակադեմիկոսները դառնում են մեծապատիվ մուրացկաններ (ինչպես նշել էր իմ գործընկերներից մեկը), մականունավորները` պատգամավորներ, մանկավարժները` «հավելավճարով պարապող դասատուներ», ուսանողները` «կայֆարիկներ» կամ առավելագույնը` ուսխորհրդի անդամներ, իսկ ժողովուրդը` «կթու կով»: Ներողություն եմ խնդրում իմ գործածած ժարգոնային բոլոր տերմինների համար, սակայն «պահանջարկն է ծնում առաջարկ» հանրահայտ բանաձեւի համաձայն, ստիպված ենք առաջարկել այն, ինչ պահանջում է մեր այսօրվա IQ-ազուրկ հասարակությունը: Միանգամայն հասկանալի է, որ միայն այսպիսի հասարակության առկայության պարագայում կարելի է շաքարի գնի կտրուկ աճը բարդել 10-15 մանր խանութպանների վրա: Միայն այս դեպքում մեկ օրվա ընթացքում արտարժույթի 7-8 տոկոսանոց տատանումը կարելի է բարդել 10-15 «չեյնջերի» վրա: Եվ միայն այստեղ կարող են արժեզրկված դոլարները պահել «դատարկ դհոլի» մեջ: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ հենց այս հասարակության առաջին եւ երկրորդ նախագահներն են իրար հետ շփվում «քըխը, քաչալը դու ես» սկզբունքով:
Բայց այս ամենում մի շատ հետաքրքիր զուգադիպություն կա` IQ-ի նվազմանը զուգահեռ՝ Հայաստանում մեծացել է անհոդաբաշխ մտքեր արտահայտողների ՕԳԳ-ն: Ցավալին միայն այն է, որ վերջիններիս գործողություններն օգտակար են միայն իշխանական շահերի համար, եւ ոչ թե պետության: Իսկ իշխանություն ասելով՝ հասկանում ենք եւ՛ ներկա, եւ՛ նախկին իշխանության ներկայացուցիչներին: Որովհետեւ IQ-ազուրկների այդ «բանակն» օդից չընկավ մեր գլխին: Եվ վատ չէր լինի, որ նոյեմբերի 16-ին ներողություն խնդրեին նաեւ դրա համար, քանզի 5-րդ դասարանի բուսաբանության կուրսից (դոլարի կուրսի հետ ոչ մի կապ չունի) բոլորին է հայտնի, որ, երբ սերմը ցանում ես պարարտ հողի մեջ, այն վաղ թե ուշ ծլելու է, մեծանա, իսկ հետո՝ նաեւ պտուղներ տա: Այնպես որ, IQ-ազուրկների ծառայություններից օգտվել են ոչ միայն ներկա իշխանությունները, այլեւ ինտելեկտուալ համարվող նախկինները: Իմիջիայլոց, երբ ներկա եւ նախկին իշխանավորներն իրենց հեռահար վեճերի մեջ գործածում են «ավգյան ախոռներ» արտահայտությունը, նրանք մի քիչ էլ պետք է մտածեն իրենց շրջապատի մասին: Չէ՞ որ նրանցից շատերն արդեն մեկ ամիս շարունակ փնտրում են քաղաքացի Ավգյանի ախոռները, որոնք պարոն Թորոսյանը մաքրել է դեռ 1998թ., իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է մաքրել հիմա:
Մոտ քսան տարի է, բոլորը պնդում են, որ Հայաստանը կարող է արտահանել միայն մտավոր պոտենցիալը: Կարող եմ շնորհավորել այս թեզի բոլոր կողմնակիցներին: Այդ մտավոր պոտենցիալը մենք վաղուց արդեն «բիրիքով» արտահանել ենք: Եթե այդպես չլիներ, ապա այսօր, երբ «ԱրմենՏելն» անիմաստ թվեր է ներկայացնում սպառողին, հետո բացատրում, թե իրենք դրա հետ կապ չունեն` համակարգիչն է այդպես ցույց տալիս, մտավոր պոտենցիալով որեւէ մեկը «ԱրմենՏելին» կբացատրեր, որ դա ընկերության խնդիրն է, քանզի սպառողը «պարտավոր չէ ապացուցել, որ ինքը ուղտ չէ»: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ հայկական էստրադայի աստղերը միայն երգում են (ընդ որում` շատ հաճախ ֆալշ են երգում), որովհետեւ խոսել չգիտեն: Ի դեպ, շուտով մեր սպորտսմեններն էլ կսկսեն երգել: Եվս մեկ-երկու մրցույթ օպերայի բեմահարթակում, եւ ասածս հաստատ կիրականանա: Իհարկե, դա ամենեւին էլ չի նշանակում, որ նրանք խոսել կսովորեն:
Ժամանակին Միացյալ նահանգների նախկին նախագահ Քելվին Քուլիջն ասել է. «Ամերիկյան ժողովուրդն ուզում է, որ իր նախագահը լինի հանդիսավոր էշ: Կարծում եմ, որ ես կարդարացնեմ նրանց սպասումները»: Մեկ դար հետո հայ ժողովրդի մասին նույնն է մտածում մեր քաղաքական էլիտան: Չգիտեմ՝ որքանո՞վ ժողովուրդը կարդարացնի նրանց սպասումները: