Անհավասարության տնտեսություն

01/12/2007 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Վերջերս ԱՄՆ Կենտրոնական բանկի (այսինքն` Դաշնային պահուստային համակարգի) ղեկավար Բեն Բերնանկեն արեց մի հետաքրքիր հայտարարություն: Նա սպառնացող միտում անվանեց այն փաստը, որ ԱՄՆ տնտեսական աճն ուղեկցվում է հարուստների եւ աղքատների միջեւ անդունդի խորացմամբ:

Այսօր անհավասարության խնդիրը հետզհետե ավելի է գրավում քաղաքական գործիչների եւ տնտեսագետների ուշադրությունը: Հասունանում է այն գիտակցությունը, որ մենք գործ ունենք համաշխարհային տնտեսության լրջագույն համակարգային խնդիրներից մեկի հետ: Առանց Բերնանկեի էլ հայտնի էր, որ զարգացող երկրների մեծ մասում տնտեսական աճը հանգեցնում է միայն նրան, որ հարուստներն ավելի հարուստ են դառնում, իսկ աղքատները` աղքատ: Սակայն դա վերագրվում էր կոռումպացված կառավարությունների անարդյունավետ տնտեսական քաղաքականությանը: Հիմա պարզ է դառնում, որ զարգացած երկրները եւս չեն խուսափել նման ճակատագրից: Աշխարհն ավելի բեւեռացված է դառնում:

Աղքատության եւ հարստության միջեւ անդունդի խորացման սկզբնապատճառը շուկայական ֆունդամենտալիզմի քաղաքականությունն է, որի տրամաբանությամբ էլ մասնավորապես զարգանում է ամերիկյան պետությունը: Նույնը չես ասի, օրինակ` Շվեդիայի մասին, որտեղ սոցիալական անհավասարությունն ամենացածրն է Եվրոպայում եւ որի շուկայական մոդելը սոցիալապես ամենաներդաշնակն է: Մասնավորապես, նախարարի աշխատավարձը Շվեդիայում ընդամենը 6 անգամ է գերազանցում հավաքարարի աշխատավարձը:

Չինաստանում նույնպես հարուստների ու աղքատների եկամուտների տարբերությունը շարունակում է մեծանալ, եւ իշխանությունները դեռեւս չեն կարողանում հաղթահարել այդ բացասական միտումը: Սակայն, հատկանշական է, որ չինական իշխանություններն այդ տարբերության կրճատումը դիտում են որպես գերակա ազգային խնդիր ու նույնիսկ չեն բացառում այդ խնդիրը լուծելու նպատակով տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման հնարավորությունը: Երկրում լրջորեն վիճաբանում են. ի՞նչն է կարեւոր` սոցիալական ներդաշնակությո՞ւնը, թե՞ տնտեսական աճն ամեն գնով: Չինացիներին դուր է գալիս առաջինը:

Խիստ բեւեռացման բացասական հետեւանքները բազմազան են: Առաջին հերթին, դա սոցիալական ու քաղաքական լարվածության մեծացումն է, հանցագործության աճը եւ այլն: Նույն այդ Բերնանկեն վշտանում է, որ ավելի ու ավելի մեծ թվով ամերիկացիներ դադարում են իրենց լիարժեք քաղաքացի զգալ:

Բացի այդ, խիստ անհավասարությունը հետագայում հանգեցնում է տնտեսության դեգրադացմանը, քանի որ աճում է այն կիսագրագետ բնակչության մասնաբաժինը, որն ի վիճակի չէ ոչ արտադրելու, ոչ էլ օգտագործելու բարձրտեխնոլոգիական ապրանքները: Այսինքն, խիստ բեւեռացման պայմաններում նորարարական տնտեսության հեռանկարների մասին կարելի է մոռանալ:

Հայաստանը, ինչպես ԱՄՆ-ը, եւս գնում է շուկայական ֆունդամենտալիզմի ճանապարհով: Վկայությունը մեր երկրի գրանցած հակառեկորդն է: Այս տարի, հետխորհրդային երկրների մեջ սոցիալական անհավասարության տեսանկյունից՝ Հայաստանը գրավեց վերջին` 15-րդ տեղը, այսինքն` առաջին տեղը եկամուտների բեւեռացման առումով:

Նշենք, որ այդ ցուցանիշի առանձնահատկությունն այն է, որ այն արտացոլում է շուկայական ռեֆորմների անցած ամբողջ ժամանակաշրջանի տնտեսական քաղաքականության ինտեգրալ, հավաքական արդյունքը, քանի որ անհնարին է մեկ տարում հասնել նման «արդյունքի»: Այդ արդյունքն արմատներով հասնում է թալանչիական սեփականաշնորհման այն ժամանակաշրջանին, երբ «Կարեւոր է ոչ թե գինը, այլ ներդրումը» դեմագոգիկ կարգախոսի ներքո բոլոր պետական ակտիվները նվիրվեցին մարդկանց մի նեղ խմբի: Այն ժամանակ պետությունն այդ ակտիվների դիմաց չստացավ ո՛չ գին, ո՛չ ներդրումներ: Այդպես դրվեցին այսօրվա բեւեռացման հիմքերը: Գործընթացն ավարտի հասցրեց շուկաների հետագա արագ մոնոպոլիզացիան:

Հենց այդ պատճառով է, որ չնայած տնտեսական մեծ աճին, բնակչության մեծամասնությունը դրա ազդեցությունը չի զգում: Ավելին, բեւեռացման պայմաններում շարունակվող աճն ավելի է խորացնում սոցիալական անհավասարությունը: Այսպիսով, Հայաստանի տնտեսությունն ընկել է, այսպես կոչված, ինստիտուցիոնալ թակարդներից մեկը: Սակայն, դրանից դուրս գալու ջանքերի փոխարեն, մեր կառավարությունը, ընդհակառակը, շարունակում է նպաստել շուկայի օլիգարխիկ մոդելի ձեւավորմանը: Արդյունքը հայտնի է` առաջին տեղը սոցիալական անհավասարության առումով: Փաստորեն դա նշանակում է, որ մենք գնում ենք հնարավոր ուղիներից վատագույնով:

«Դելովոյ էկսպրես»