Տնտեսական շաբաթը տարօրինակ սկսվեց: Նույնքան տարօրինակ, որքան մեր տնտեսական իրականությունը, կամ մեր Կենտրոնական բանկի գործունեությունը: ԿԲ-ն՝ սարսափած ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից, որոշել էր մեծացնել բանկերի տարադրամային պահուստները: Այսուհետ ՀՀ տարածքում գործող բանկերը պարտավոր են ներգրաված տարադրամային միջոցների 12 տոկոսը պահուստավորել ԿԲ-ում (նախկին 8-ի փոխարեն): Հիմնավորումը պարզ էր` գրասենյակը (այսինքն` ԿԲ-ն), որ տարիներ շարունակ հայտարարում է, թե դրամի կուրսին հետեւելն իր խնդիրն է, մտքափոխվել է: Ամանորյա մեծ առեւտրի շեմին ԿԲ-ն փորձում է որեւէ կերպ մեղմել տարադրամի արժեզրկումը: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս օրերին մեր շուկայում շատ դոլար է հայտնվել: ԿԲ որոշումից հետո տեղի ունեցավ հակառակը: Անցած շաբաթ-կիրակի տարադրամն աննախադեպ արժեզրկվեց: Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը եւ մի քանի այլ տնտեսագետներ կատարվածի մեջ մեղադրեցին ԿԲ-ին: Գրասենյակը շտապեց արդարանալ: Պատասխանատու մամուլը տարածեց նրա բացատրությունները: ԿԲ-ն, պարզվում է, իր այս որոշումով նպատակ ուներ շուկայից հանել տարադրամի օր օրի ավելացող քանակը: Հնարավոր է, որ տրամաբանական քայլ էր` բանկերից պահանջել մեծացնել ներգրաված տարադրամի պահուստը: Տրամաբանական, բայց` ոչ բավարար: ԿԲ-ն, իհարկե, շտապեց հասարակությանը տեղեկացնել, որ անցած 10 օրվա ընթացքում 100 մլն դոլար արտարժույթ էր գնել: Այսինքն՝ իր հնարավորությունների սահմաններում փորձել էր տարադրամը շրջանառությունից հանելով՝ այն փրկել արժեզրկումից: Պարզվեց, որ այս տրամաբանական քայլն էլ բավարար չէր վիճակը շտկելու համար: ԿԲ պատասխանատուներն այնքան էին ոգեւորված, որ պատասխանատու մամուլով բնակչությանը հորդորում էին շաբաթ-կիրակի օրերին տարադրամ չփոխանակել: Հրաշալի խորհուրդ: Ոչ աշխատանքային օրերին բանկային վերահսկողություն անցկացնող տղերքը հանգստանում են: Հետեւաբար՝ այդ օրերին կատարվածի համար նրանք պատասխանատու չեն: Ահա թե ինչպես է կատարվածը բնութագրում ԿԲ ֆինանսական համակարգի Քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը. «Շաբաթ-կիրակի օրերին մեզ մոտ տեղի ունեցան որոշակի աժիոտաժային սպասումներ: Մարդիկ փորձեցին ավելի մեծ ծավալի արտարժույթ փոխանակել, ինչը փոխանակման կետերը ֆիզիկապես չէին կարող բավարարել: Ուստի նրանք սկսեցին դոլար գնել»: Տրամաբանական այս անհեթեթությունը, դժվար է որոշել՝ պաշտոնյայի՞, թե՞ լրագրողի սխալ է: Եթե տեքստի հեղինակը լրագրող լիներ, դժվար իրեն թույլ տար գրել, որ «մեզ մոտ տեղի ունեցան որոշակի աժիոտաժային սպասումներ»: Մայրենիի նկատմամբ լրագրողները սովորաբար այդքան դաժան չեն: Իմ կարծիքով՝ նման ձեւակերպում կարող է տալ ԿԲ քաղաքականությունը մշակող մասնագետը: (Չկարողանալով դիմանալ գայթակղությանը՝ նրանից այլ մեջբերում էլ եմ անելու): Տարադրամի պահուստների մեծացման որոշումը, շատ մասնագետների կարծիքով՝ ծանր հետեւանքներ կունենա: Նախ՝ առեւտրային բանկերին դժվար կլինի ավանդի 12 տոկոսը պահուստավորել եւ մնացած 88 տոկոսն այնքան արդյունավետ աշխատեցնել, որ ավանդատուին հնարավոր լինի ամբողջ գումարի չափով տոկոս վճարել: Հետո փոխհատուցել սեփական ծախսերը, հարկեր մուծել ու մի քիչ էլ շահույթ ունենալ: Հետեւաբար մասնագետներից ոմանք ենթադրում են, որ բանկերը կգերադասեն հրաժարվել արտարժույթից: Իսկ ԿԲ-ի պատասխանատու մասնագետն ասում է. «Ընդունված որոշումը չի հանգեցնում արտարժույթից հրաժարվելուն: Դա կարող է հանգեցնել միայն նրան, որ բանկերը ձգտեն չներգրավել դոլարային ավանդներ եւ ոչ թե ունեցած դոլարը վաճառել: Դա անհնարին է: Իսկ եթե ձգտեն դոլարով ավանդներ չներգրավել, ապա բնական է, որ շրջանառության մեջ դոլարը կնվազի, եւ սա բերելու է փոխարժեքի ոչ թե իջեցմանը, այլ բարձրացմանը»: Մարդը, հավանաբար, կարծում է, որ եթե բանկերը քաղաքացուց տարադրամային ավանդ չներգրավեն, նա տեղում պատառոտելու է տարադրամը ու սույնով այն հանելու է շրջանառությունից: Բա հո դիպլոմավոր մասնագետը չի՞ կարծում, որ բանկային շրջանառությունը տնտեսության մեջ միակն է: Ա՛յ, այսպես սեփական ուժերով ԿԲ-ն պախարակեց իր առաջիկա մի քանի ամսում հնարավոր դրական հետեւանք ապահովող որոշումը: Հները մի բան գիտեին, որ աղոթքներում Աստծուց խնդրում էին իրենց պաշտպանել բարեկամներից: Թշնամիներից պաշտպանվելն իսկապես ավելի հեշտ է:
Հ.Գ. Այն մասնագետներն, ովքեր կարծում են, թե շաբաթ-կիրակի կատարվածը ֆինանսական սպեկուլյացիա է, պնդում են, որ խաղի հեղինակները մոտ 1 մլն 200 հազար դոլար եկամուտ ունեցան (ԿԲ-ի, այսինքն` պետբյուջեի հաշվին):