Օրերս Դավիթաշենի կամրջի վրա տեղի ունեցած վթարները տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին: Հիշեցնենք, որ միեւնույն օրն այս կամրջի վրա երեք խոշոր վթար էր արձանագրվել, եւ մեկի արդյունքում մեկ մարդ էր զոհվել:
Քաղաքային իշխանությունները շտապեցին հավաստիացնել, որ խնդիրը կամրջի մեջ չէ, եւ, թե այն կառուցվել է նախագծին համապատասխան: Թեպետ կամրջի շինարարությունն ընթացել է բավականին ընդմիջումներով, սակայն աշխատանքներն իրականացրած «Կամուրջշին» ընկերությունը նախագծից շեղումներ չի ունեցել: Այս կամրջի շինարարությունը սկսվել է 1970-ականների կեսերին եւ շահագործման է հանձնվել 2000 թվին: Այդուհանդերձ, թեկուզ եւ նախագծին համապատասխան, Դավիթաշենի կամուրջն ունի իր ուրույն խնդիրները: «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարապետ Ալբերտ Շաքարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վթարների առաջնահերթ պատճառը վարորդների արագության գերազանցումն է, եւ այստեղ պետք է լուծել արագության կարճման խնդիրը: Կամրջաշինության նեղ մասնագետները մեզ հետ զրույցում Դավիթաշենի կամրջի վերաբերյալ իրենց դիտարկումներն ունեին: Խնդիրը նրանում է, որ կամրջի երթեւեկելի մասի կոնստրուկցիաները բավականին բարակ են, կրող սալերի հաստությունը մինչեւ 20 մմ է: Համեմատության համար նշենք, որ երկաթբետոնե կառույց համարվող Մեղրիի կամրջի երկաթբետոնե սալի հաստությունը 10-15սմ-ի է հասնում: Դավիթաշենի կամրջի համար հատկապես ձմռան ամիսներին հավերժական խնդիր է լինելու երթեւեկության հարցը: Անգամ չոր կամրջի դեպքում ներքեւի մետաղական լիստը մեկուսիչ չի կարող հանդիսանալ: Ներքեւի սառը օդի հետ շփվելով՝ կամրջի վրա անմիջապես սառույցի շերտ է առաջանում եւ ստեղծվում է վթարային իրավիճակ: Նման դեպքերում ընդհանրապես հակացուցված է նաեւ աղի ու ավազի շերտի ցանումը, ինչը քայքայում է ոչ միայն ասֆալտի շերտը, այլ նաեւ մետաղական կոնստրուկցիաները: Ահա նման մասնագիտական մեկնաբանություններ են անում մեր զրուցակիցները: Այս խնդրի առկայությունը չեն ժխտում նաեւ «Երեւաննախագծում»: Ալբերտ Շաքարյանն ասում է, որ արդեն կամրջի շփման գործակիցը մեծացնելու ձեւեր են մտածում եւ հավանական ու էժան տարբերակներից է կամրջի ջեռուցման հարցի լուծումը: Աշխարհում կամուրջները ջեռուցելու բազմաթիվ նախադեպեր կան, եւ քաղաքապետարանն էլ Դավիթաշենի կամուրջը նախատեսում է ջեռուցել կամ էլեկտրաէներգիայով, կամ էլ գազի արդյունքում ստացված գոլորշու միջոցով: Մասնագետները համակարծիք են, որ պատրաստի կամուրջը ջեռուցելը թեպետ բավականին բարդ տեխնոլոգիաներ պահանջող, սակայն իրագործելի գաղափար է: Եթե կամուրջը ջեռուցվի, ապա շատ արագ փոխհատուցվելու են ծախսերը` վթարների կրճատման հաշվին` ասում են մասնագետները: Ո՞րն էր պատճառը, որ Դավիթաշենի կամրջի դեպքում օգտագործել են ոչ թե ավելի ապահով երկաթբետոնե, այլ մետաղական սալը: Այս հարցին «Երեւաննախագծի» գլխավոր ճարտարապետը պատասխանում է, թե տեխնոլոգիաների այս դարում մենք չենք կարող անվերջ քարե կամուրջ կառուցել: Իսկ մեր հաջորդ զրուցակիցը մեկնաբանում է, որ սովորաբար 50-60 մետրից ավելի թռիչքների դեպքում գնում են մետաղական տարբերակին: Կոնկրետ Դավիթաշենի դեպքում կարելի էր երկաթբետոնե սալեր օգտագործել, սակայն տեղական շինարարական կազմակերպությունները չունեն այս տարբերակի իրագործման համապատասխան տեխնոլոգիաները: Աշտարակի եւ Նոր Հաճընի կամուրջներն էլ են կառուցվել նույն տեխնոլոգիայով եւ, բնականաբար, նրանք էլ ապահովագրված չեն վթարներից եւ կարիք ունեն ջեռուցման համակարգի անցկացման: Եթե քաղաքապետարանը եռահերթ կազմակերպի այս աշխատանքների իրականացումը, ապա հնարավոր է, որ հաջորդ տարի գոնե Դավիթաշենի կամուրջը ջեռուցում ունենա: