Անցյալ շաբաթ դոլարը կտրուկ արժեզրկվեց՝ կուրս իջավ մինչեւ 280 դրամ: Երկու օր հետո նորից արժեւորվեց, սակայն ոչ թե նախկին չափով, այլ մինչեւ 300 դրամի սահմաններում: Երկուշաբթի օրը ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանություններ տվեցին, թե ստեղծված աժիոտաժին նպաստել է նաեւ նոյեմբերի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկի կայացրած մի որոշում, որի համաձայն՝ 8-ից 12 տոկոսի է բարձրացվել բանկերի կողմից ԿԲ-ում տեղաբաշխվող արտարժույթով պահուստների նվազագույն նորմատիվը: Դրամի դեպքում այդ նորմատիվը մնացել է 8 տոկոս: Այսինքն` այս որոշման պատճառով առեւտրային բանկերն այդ օրերին փորձել են դրամի վերածել իրենց դոլարային միջոցները, որպեսզի ԿԲ-ին ավելի շատ գումար պահ չտան եւ իրենց միջոցները «չսառեցնեն»: Արդյունքում շուկայում դոլարի առաջարկը 3-4 անգամ ավելի շատ է եղել եւ այդ պատճառով արժեզրկվել է: Տեղեկացնենք, որ եթե նոյեմբերի 21-ին եւ 22-ին ՀՀ ֆոնդային բորսայում վաճառվել է համապատասխանաբար 8,7 մլն եւ 6,2 մլն դոլար, ապա 23-ին եւ 26-ին վաճառվել է 20,1 եւ 25,7 մլն դոլար: Երեքշաբթի օրը Հ. Բագրատյանին պատասխանելու համար ասուլիս էր հրավիրել ԿԲ ֆինանսական համակարգի Քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը: Դրանից առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության հյուրն էր ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը: Ըստ այս երկու պաշտոնյաների` կիրակի օրը, երբ բանկերը եւ նրանց 300 մասնաճյուղերը չեն աշխատել, փոխանակման կետերը չեն կարողացել բավարարել հանկարծակի առաջացած մեծ պահանջարկը: Ստացվում է, որ շատ հանկարծակի կերպով Հայաստանի բոլոր քաղաքացիները միասին հենց այդ երկու օրերին որոշել են դրամի վերածել իրենց դոլարները: Իսկ ամբողջ երկրով մեկ գործող մոտ 280 «չեյնջերն» այդ օրն իրար հետ պայմանավորվել եւ դոլարի կուրսն իջեցրել են: Վ. Գաբրիելյանը նույնիսկ մեզ խորհուրդ տվեց շաբաթ-կիրակի օրերին «չեյնջերում» փոխանակում չկատարել: ԿԲ այս որոշման, դրա հետեւանքների ու նաեւ դոլարի արժեզրկման պատճառների մասին մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդուարդ Սանդոյանից:
– Պարոն Սանդոյան, ինչպե՞ս եք գնահատում ԿԲ այս որոշումը, եւ արդյոք այդ որոշո՞ւմը պատճառ դարձավ, որ վերջին օրերին դոլարը կտրուկ արժեզրկվեց:
– ԿԲ-ն կայացրել է որոշում՝ արտարժույթով պարտադիր պահուստավորումը բարձրացնել 12%: Ճի՞շտ է արել, թե՞ ոչ: Միանշանակ ճիշտ է արել: Բայց արդյո՞ք այս գործիքը բավարար է, եւ արդյո՞ք տեղին էր եւ ժամանակին էր այն: Իհարկե՝ ոչ: Որոշումը, կարծում եմ, ժամանակին չէր, որովհետեւ դա պետք է կայացվեր ավելի հանգիստ պայմաններում եւ ոչ թե աժիոտաժի ժամանակ, երբ դոլարն առանց այդ էլ արժեզրկվում է: Այդ որոշումով կարծես ԿԲ-ն եւս մի իմպուլս է տալիս շուկային: Իհարկե, ժամանակին չէր: Իսկ ե՞րբ պետք է կայացվեր այս որոշումը. երեւի 2-3 տարի առաջ, երբ սկսվեց դոլարի փոխարժեքի անկումը: Արդյո՞ք այս գործիքը բավարար կլիներ, եթե, ենթադրենք, դա 3 տարի առաջ որոշվեր: Իհարկե՝ ոչ, որովհետեւ դա ընդամենը մոնետար գործիքներից մեկն է: Մի խոսքով, սա համակարգային լուծում չէր: Սա որոշակի դրական արդյունք կբերի՝ ձեռքի հետ նաեւ վնասելով շուկան:
– Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ օրերին:
– Բանկերը սկսեցին իրենց դոլարային ակտիվները դրամայնացնել: Բնակչության որոշակի մասը վախեցավ եւ վազեց «չեյնջեր»` դոլարը դրամով փոխելու: Բնական է, որ պետք է աժիոտաժ ստեղծվեր եւ փոխարժեքի կտրուկ անկում լիներ: Բայց մյուս տեսակետից այդ գործիքը չի կարելի քննադատել, որովհետեւ դա շատ ճիշտ, կլասիկ, ծանրակշիռ գործիք է եւ շուկային անհրաժեշտ է: Բայց նորից եմ ասում՝ ոչ այս ժամանակի համար: Տնտեսագիտության մեջ ժամանակին լինելու սկզբունքը շատ կարեւոր է:
– Այսինքն` նաեւ ԿԲ այդ որոշումը նպաստեց, որ այս օրերին դոլարը կտրուկ արժեզրկվեց:
– Իհարկե:
– Պարոն Սանդոյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը: ԿԲ-ն մեկնաբանում է, թե պատճառը տարեցտարի ավելացող դոլարային տրանսֆերտներն են, իսկ հասարակությունը հակված է այն կարծիքին, թե դա շատ մեծ սպեկուլյացիա է:
– Դրամի արժեւորումը մեզ պետք չէր: Մենք դրանից մեծ վնասներ ենք կրում եւ կկրենք: Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը եւ ի՞նչ պետք է արվի: Մենք ամեն տարի մեր հայրենակիցներից ստանում ենք դոլարային հսկայական փոխանցումներ, որոնք սնում են մեր տնտեսությունը: Հիմա, փաստորեն, մենք դարձել ենք այդ դրամական հոսքերի զոհը: Ըստ էության, դրանք մեր տնտեսության ֆինանսավորման լրջագույն աղբյուրներ են: Եվ ստացվում է պարադոքսալ իրավիճակ՝ փոխանակ մենք երջանիկ լինենք, որ մեր երկիրն ունի փողի աղբյուր, որը կզարգացնի տնտեսությունը, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այդ փողերը քայքայում են մեր տնտեսությունը: Ուրեմն ինչ-որ բան սխալ է աշխատում: Պարզապես մենք չունենք այդ դրամական հոսքերը պատնեշող կամ կլանող դամբան, որպեսզի տնտեսությունը չքայքայվի: Որպեսզի այդ դոլարային հոսքերը չքայքայեն մեր տնտեսությունը, մենք պետք է կայացնենք ֆինանսական շուկան: Այսօր մեզ մոտ, բանկային համակարգից բացի, ֆինանսական մյուս ինստիտուտները գոյություն չունեն: Չկա կապիտալի շուկա, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային հիմնադրամ, հիպոթեքային պարտատոմսերի շուկա եւ այլն: Որպեսզի մարդիկ իրենց ավանդները բանկերից հանելու դեպքում՝ ներդնեին պարտատոմսերում, արժեթղթերում, իսկ այդ միջոցներն ի վերջո կֆինանսավորեին տնտեսությունը: Կապիտալի շուկայի գործիքները ընդամենը տնտեսությունը ֆինանսավորելու համար են: Այդ շուկան, իհարկե, կկայանա, սակայն ցավոք սրտի` շատ դանդաղ է կայանում: Ես համոզված եմ, որ մենք խիստ ուշացրել ենք ֆինանսական միջնորդության համակարգի զարգացումը: Մենք պետք է շատ վաղուց ունենայինք ապահովագրական շուկա, ոչ պետական կենսաթոշակային ապահովագրական ինստիտուտ, որոնք երկար փողեր ստեղծող համակարգեր են, որոնք շուկայի դրամական զանգվածի որոշակի մասը կտանեին դեպի երկարաժամկետ ծրագրեր: Եվ դրամական շուկայում այս ճնշումը, որ մենք տեսնում ենք սպառողական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, չէինք ունենա, եւ ԿԲ-ն ավելի հեշտությամբ կկառավարեր դաշտը: Մեր պրոբլեմները շատ բարդ են, եւ պարզ լուծումներով չենք կարող դրանք լուծել:
– Իսկ ինչո՞ւ է դանդաղ կայանում: Չէ՞ որ այդ մասին անընդհատ խոսում են, իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե պետք է զարգացնել կապիտալի շուկան, սակայն կարծես թե ոչինչ չեն ձեռնարկում:
– Տնտեսության մոնոպոլիզացիան գրավում է ֆինանսական գործիքների տեղը, որովհետեւ մոնոպոլ դիրք գրավող եւ շատ հաճախ ստվերում գործող սուբյեկտի համար կապիտալի շուկան մատչելի չէ, որովհետեւ ստվերային է եւ չի կարող բացվել, թափանցիկ գործել: Իսկ առանց դրա կապիտալի շուկա չի ձեւավորվի: Մյուս կողմից էլ՝ մոնոպոլիզացված տնտեսությունը կարծես թե լրացուցիչ միջոցներ ներգրավելու պահանջ չունի եւ բավարարվում է սեփական կապիտալով: Հենց այդ մոնոպոլիզացիայից է առաջանում մնացած ամեն ինչը՝ կոռուպցիան, իշխանության ներգրավումը բիզնես եւ այլն: Եվ ընդհանրապես ԿԲ-ն կարող է կիրառել միայն մոնետար գործիքներ, կարող է միայն իրականացնել դրամավարկային քաղաքականություն, ուրիշ բան չի կարող անել:
– Ուրեմն ելքը ո՞րն է:
– Եթե ստեղծվեր համապատասխան օրենսդրական դաշտ, կամ կառավարությունն՝ ի դեմս ֆիսկալ մարմինների, ի դեմս հարկային ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ դոլարի արժեզրկման սկզբնական փուլում կիրառեր ոչ ստանդարտ գործիքներ, նման իրավիճակ չէինք ունենա: Եկեք չմոռանանք, որ Ամերիկայում՝ աշխարհի ամենամոնետար երկրում պատերազմի տարիներին կիրառվել է շահութահարկի ընդհուպ մինչեւ 90 % դրույքաչափ: Այսօր պրոբլեմի մեծ մասը գտնվում է կառավարության եւ ոչ թե ԿԲ-ի դաշտում: Օրինակ, ես կարծում եմ, որ գերշահույթը պետք է հարկվի շատ բարձր տոկոսով: Մենք ունենք ներմուծողներ, որոնց շահույթը վերջին 3 տարում ընդամենը կրկնապատկվեց, հնգապատկվեց: Նրանք ոչինչ չարեցին՝ ո՛չ նոր տեխնոլոգիաներ ձեռք բերեցին, ո՛չ էլ որակ բարձրացրեցին: Պարզապես փոխարժեքի գործոնի շնորհիվ նույն ծախսերը անելով՝ ստացան անհամեմատ բարձր շահույթ: Եվ եթե այդ գերշահույթը համապատասխան արտացոլումն ունենար հարկային դաշտում, գուցեեւ պրոբլեմն այսքան սուր չլիներ: Հետեւաբար՝ պետությունը պետք է փորձի սահմանել բարձրագույն առաստաղը, թեկուզ ժամանակավոր: Որ եթե այս ճյուղում այս ապրանքի ներմուծման շահութաբերությունը գերազանցի ենթադրենք 50 %-ը, ուրեմն 50 %-ը գերազանցող մյուս շահույթի նկատմամբ կիրառվի 90 % կամ 80 % շահութահարկի դրույքաչափ: Երկրորդը՝ պետք է ուղղակի արգելվի եւ լուրջ պայքար մղվի մոնոպոլիաների դեմ: Օրենքը պետք է արգելի տվյալ ոլորտում 25-
30%-ից ավելի շրջանառություն ունենալը: Ոչ ստանդարտ իրավիճակներում անհրաժեշտ է գտնել ոչ ստանդարտ լուծումներ:
– Պարոն Սանդոյան, Ձեր թվարկած գործոնների պարագայում՝ ֆինանսական շուկայի կայացման եւ կառավարության համապատասխան միջամտության դեպքում դոլարն այսքան չէ՞ր արժեզրկվի:
– Իհարկե՝ ոչ: Կարժեզրկվեր այնքան, որքան դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Եվ, ի վերջո, ես կասկածում եմ, որ շուկայի վրա ազդեցություն են գործում դրամական անտեսանելի հոսքերը, փողի լվացման կամ տրանզիտային դրամական հոսքերը, որոնցից մենք տեղյակ չենք: Ինձ մոտ տպավորություն կա, որ մեր «չեյնջերը» նույնպես շուկայի վրա ունեն ազդեցություն: Այս դաշտը պետք է փակվեր: «Չեյնջերի» համակարգը ստեղծվեց, որովհետեւ պետք է լիներ մրցակցային համակարգ, որ այդ մենաշնորհը միայն բանկերինը չլիներ: Բայց կարծում եմ, որ դրա ժամանակն արդեն անցել է: Այսօր դոլարի արժեզրկումն առաջին հերթին ազդում է արտահանողների վրա, որովհետեւ նրանց եկամուտներն արտարժույթով են, ծախսերը՝ հիմնականում դրամով: Այս պարագայում բնականաբար թանկանում են ծախսերը, իջնում է շահութաբերությունը եւ որոշակի ճյուղերում արդեն նկատվում են վնասով աշխատելու երեւույթներ: Եվ, բնականաբար, դրանք չեն կարող երկար ժամանակ գոյատեւել: Դոլարի արժեզրկումից շատ են տուժում նաեւ տրանսֆերտներ ստացողները:
– Մեր իշխանությունները եւ հատկապես՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն արտադրողներին հաճախ են խորհուրդ դալիս դոլարի արժեզրկման հետեւանքներից խուսափելու համար՝ ներդրումներ կատարել եւ բարձրացնել արտադրողականությունը:
– Սա բարի ցանկություն է, իհարկե, բայց ոչ իրատեսական, որովհետեւ մենք պետք է նկատի ունենանք, որ խոսքը գնում է շատ մեծ ներդրումների մասին: Իսկ հիմա այդ կոչը նույնիսկ բարոյական չէ: Բիզնեսը գիտի՝ ինչ է պետք անել: Եթե կարողանային եւ անհրաժեշտ լիներ, դա կանեին վաղուց: Ի դեպ, մենք ունենք ձեռնարկություններ, որոնք շատ բարձր տեխնոլոգիաներ ունեն եւ մրցակցային են: