Գործը հասավ քաղաքացիների եկամուտներին

01/12/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

ԱԺ-ում առաջիկայում շրջանառության մեջ է դրվելու «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդիր մարմնի գնահատմամբ առաջնային խնդիրներից է: Նշենք, որ դեռ վեց տարի առաջ առաջինն իրենց եկամուտները հայտարարագրել են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, երկրորդ փուլում` քաղծառայողները, իսկ եկող տարվանից այս ցուցակը համալրելու են ֆիզիկական այն անձինք, ովքեր տարեկան ունեն 8մլն դրամից ավելի եկամուտ: Ի՞նչ կտա այս օրենքի ընդունումը, երբ հենց սկզբից պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրումը, որպես կոռուպցիայի եւ փողերի լվացման դեմ պայքարի միջոցառում, որեւէ դերակատարում չունեցավ: Պետական պաշտոնյաների մի մասն իրենց հայտարարագրերում միլիոնավոր դոլարների եկամուտներ են հայտարարագրել, եւ ոչ ոք նրանց երբեւէ չի էլ հարցրել այդ միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ: Իսկ զգուշավոր պաշտոնյաների մի հատվածն էլ իրենց ունեցած կայքն ու հարստությունը ձեւակերպել է հեռու բարեկամի կամ մերձավորների անուններով (անգամ` վարորդների): Պետական պաշտոնյան ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չունի, սակայն ակնհայտ է, որ նրանք չոր աշխատավարձով չեն ապրում: Ի տարբերություն պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման առաջին փուլի, որտեղ չեն հարցնում միջոցների ծագման մասին, արդեն ֆիզիկական անձինք իրենց հայտարարագրերում պետք է հիմնավորեն իրենց եկամուտների ծագման աղբյուրը, որն էլ սահմանված շեմի գերազանցման դեպքում պետք է համապատասխան հարկային պարտավորություններ առաջացնի:

– Ովքե՞ր են հայտարարագրեր ներկայացնելու, եւ արդյո՞ք դրսից ֆիզիկական անձանց ուղարկվող դրամական օգնությունները եկամտահարկով հարկելու խնդիր չի առաջացնելու: Ահա այս հարցերի մասին զրուցեցինք Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ:

– 2008թ. հայտարարագիր են ներկայացնելու բոլոր հանրային ծառայողները եւ նաեւ այն քաղաքացիները, ովքեր կունենան որոշակի շեմից բարձր եկամուտ կամ գույք: Պետական ծառայության ոլորտը բաժանել ենք ռիսկային ոլորտների, որոնցից հարկային, մաքսային մարմինների բոլոր աշխատակիցները, Ոստիկանության, ազգային անվտանգության բոլոր ավագ պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ու բոլոր դատավորները պետք է ներկայացնեն հայտարարագրեր: Իսկ հանրային եւ համայնքային ծառայողներից հայտարարագիր են ներկայացնելու գլխավոր պաշտոններ զբաղեցնողները: Այս նախագծով հստակեցվել է նաեւ հայտարարագրվող գույքի կազմը: 50մլն դրամից ավելի գույքի շարժը կամ օտարումը հիմք է հանդիսանալու հայտարարագրի համար: Իսկ դրամական միջոցների դեպքում հայտարարագրման ենթակա է 8մլն դրամից ավելի եկամուտների շարժը: Նախագծում ամրագրել ենք, որ դրսից ստացվող դրամական միջոցները ենթակա չեն հայտարարագրման:

– Ի՞նչ խնդիր է լուծում այս օրենքը: Ստացվում է` պետական պաշտոնյաներն անկախ ստացած եկամուտների շեմից՝ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, որը, որպես կանոն, սահմանափակվում է պետական աշխատավարձով եւ հարկային պարտավորություններ չի առաջացնում: Իսկ շարքային քաղաքացին 8մլն դրամից ավելի դրամական շրջանառություն ունենալու դեպքում պետությանը պետք է եկամտահարկ վճարի:

– Պետական պաշտոնյաները, եթե իրենց գույքը գրանցել են փոխկապակցված անձի անունով, ապա օրենքով հայտարարագիր են ներկայացնում նաեւ այդ անձինք: Իսկ եթե պետական պաշտոնյան իր դղյակը կամ ավտոմեքենան գրանցել է, ասենք, ընկերոջ ազգականի վրա, ապա այստեղ մեծ ռիսկի տակ է դրվել տվյալ գույքի հետագա պատկանելությունը: Տվյալ գույքի հայտարարագրումը որեւէ իրավական պատասխանատվություն չի առաջացնում: Այստեղ միայն բարոյահոգեբանական գործոնն է, որ հասարակությունը կարող է տեղեկանալ, թե ինչ միջոցների է տիրապետում տվյալ պաշտոնյան:

– Պետությանն ինչո՞ւ է հետաքրքրում՝ մարդը գույք ունի՞, թե՞ ոչ, առավել եւս, երբ այսօր էլ տվյալ գույքի համար նա գույքահարկ է վճարում:

– Երբ մարդը մի քանի տարի անընդմեջ հայտարարագրում է իր գույքն ու եկամուտները, ապա մի քանի տարի հետո պարզ երեւում է տվյալ անձի եկամուտների շարժը, եւ վերոնշյալ շեմերի գերազանցման դեպքում պետությունը հարկերի տեսքով ակնկալում է իր հասանելիքը: Մարդն ունի ավտոմեքենա կամ դղյակ եւ գույքահարկ է վճարում: Տարիների ցուցանիշների համադրման արդյունքում կարելի է պարզել, թե որքա՞ն է հարկ թաքցնում կամ վճարում: Մենք արդեն գիտենք, թե ինչ գույք ունի տվյալ անձը եւ, եթե պետության հանդեպ չկատարի իր պարտավորությունները, ապա կարող ենք բռնագանձել տվյալ գույքը: ԱՄՆ ֆեդերալ բյուջեում մոտ 60 տոկոս է կազմում քաղաքացիներից գանձված եկամտահարկը: Այս երկրում ներդրված համակարգը հարկում է իր քաղաքացիների ստացած եկամուտները: Մեր երկրում բյուջեի հարկային եկամուտների 95 տոկոսը գոյանում է կազմակերպությունների կողմից վճարած հարկերից: Պետք է մի քայլ առաջ գնալ եւ հայտարարագրել քաղաքացու եկամուտները, ապացուցել, որ այդ եկամուտները կան, գանձել այդ եկամտից հասանելիք հարկը: Սակայն մինչ այդ պետք է մեխանիզմներ ապահովել, որ քաղաքացին կամավոր հայտարարագրի իր եկամուտներն ու կատարի հարկային պարտավորությունները: Մենք այս քայլին գնում ենք աստիճանաբար: Սկզբից բերում ենք հարուստ խավին, ովքեր 50մլն դրամից ավելի անշարժ գույքի գործարքներ են կատարելու կամ 8մլն դրամից ավելի շարժական գույքի, ասենք` կահույք, ոսկեղեն, արվեստի գործեր են ձեռք բերելու, ապա պետք է տվյալ գույքը հայտարարագրի եւ բացատրի, թե որտեղի՞ց այդքան եկամուտ՝ տվյալ գույքի ձեռքբերման համար:

«Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը թերեւս հաշվի չի առել, որ քաղաքացին առանց փաստաթղթավորման կարող է հենց խանութից ձեռք բերել շարժական գույք, որը ոչ մի կերպ չեն կարողանալու վերահսկել հարկային մարմինները: Ինչպես ներկայումս է, շուկան հեղեղված է չփաստաթղթավորված ապրանքներով, եւ ակնհայտ է, որ փաստացի ներմուծման ծավալները չեն համապատասխանում իրացման ծավալներին: Այնպես որ, եթե Հայաստանում կա մի քաղաքացի, որ տարեկան 8մլն դրամից ավելի «սպիտակ» աշխատավարձ է ստանում, հանգիստ կարող է հայտարարագրել իր եկամուտները: Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա մայրաքաղաքում էլիտար բնակարանաշինության ֆոնը հաշվի առնելեվ՝ պետական բյուջեն այստեղից կարող է ակնկալիքներ ունենալ: