Վնասի հատուցում են պահանջելու

01/12/2007

Աշխարհի խոշորագույն համակարգչային ծրագրեր արտադրող ընկերությունների շահերի պաշտպանությամբ զբաղվող միջազգային «Business Software Alliance» (BSA) ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն` Հայաստանում արձանագրվել է հեղինակային իրավունքի խախտման 95 տոկոս ցուցանիշ: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանի հավաստմամբ` BSA-ի գործունեությունը Հայաստանում ունենալու է 3 ուղղություն, որից առաջինն իրազեկման խնդիրն է: «Հայաստանն ունի համակարգչային ծրագրերի հեղինակային իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրներ եւ դա, ինչ-որ չափով, իրազեկման պակասի պատճառով է»,- ասաց նա: Երկրորդ ուղղությունը համագործակցությունն է պետական կառավարման օղակների հետ, նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության բնագավառում եւ կազմակերպության շահերի պաշտպանությունը` «ընդհուպ մինչեւ դատական կարգով»: Ընկերությունը նպաստելու է նաեւ հեղինակային իրավունքի կիրառելիության ապահովմանը: Ն. Մկրտչյանի տեղեկացմամբ, ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2007-ից, եւ որպես միջազգային կազմակերպություն՝ նրա անդամներն են այնպիսի խոշոր համակարգչային ծրագրեր արտադրող ընկերություններ, ինչպիսիք են «Synopsis»-ը, «Microsoft»-ը, «Apple»-ը, «Adobe»-ը, «Auto Desk»-ը: «Հայաստանում հիմնական աշխատանքներն ընթանալու են նշված ընկերությունների արտադրած ծրագրերի լիցենզավորված կիրառման ուղղությամբ»,- ավելացրեց նա: Ն. Մկրտչյանը նշեց, որ BSA-ում ընդգրկված ցանկացած կազմակերպության` հեղինակային իրավունքի խախտման դեպքում BSA-ն իրավասու է դիմել դատարան եւ պահանջել փոխհատուցում: «Մենք փորձելու ենք համապատասխան մարմիններին ներգրավելով՝ այս հարցը կարգավորել ոչ միայն քրեական, այլեւ վարչական օրենսգրքերով, որովհետեւ մեր կազմակերպության համար ցանկալի չէ քրեական պատասխանատվության ենթարկել ամեն անգամ, եթե դա հնարավոր է կարգավորել վնասի հատուցմամբ»,- ասաց նա: