Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն հունվարի 5-ին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում սատարում է Միխայիլ Սահակաշվիլիին, ով անցած շաբաթավերջին հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից: Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ Սահակաշվիլիի վարչակազմը շեղվել է ժողովրդավարական արժեքներից, ինչի վկայությունը նոյեմբերի 7-ի բռնություններն էին ցուցարարների նկատմամբ, Նինո Բուրջանաձեն ասել է, որ չի կարծում, թե իշխանությունը սխալ է գործել` ուժի դիմելով: Բողոքի այդ ակցիաները, ըստ նրա, ահագնանալու ռիսկեր էին պարունակում, քանի որ որոշ ընդդիմադիր առաջնորդներ շահագրգռված չէին իշխանությունների հետ բանակցելով եւ իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում: Բուրջանաձեի խոսքերով՝ միայն պատմությունը կարող է դատել, թե ուժի կիրառումն այդ օրը որքանով էր արդարացված: Անդրադառնալով «Իմեդի» հեռուստաընկերության ճակատագրին, որը եթերազրկվեց նոյեմբերի 7-ի երեկոյան, Բուրջանաձեն ասել է, թե «Իմեդին» կրկին եթեր դուրս կգա, եթե լինի երաշխիք, որ հեռուստաընկերությունը որպես «գործիք» չի ծառայելու իր հիմնադիր՝ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի ձեռքին, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Բուրջանաձեն խոստացել է անել հնարավորը՝ նպաստելու համար երկրի ներկայիս քաղաքական ուղեգծի շարունակմանը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: