ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է կանադացի խոշոր գործարարներ Ջոնաթան Գուդմանին, Ջեյմս Սմոլին եւ կանադահայ գործարար, պրոֆեսոր Ազատ Վարդանյանին: Հիշեցնենք, որ Գուդման ընտանիքը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հիմնադիրն է, որի կառավարման ու ենթակայության ներքո գտնվող կարողությունը հաշվվում է ավելի քան 65 մլրդ դոլար: Նա թանկարժեք մետաղներ պարունակող հանքերի ուսումնասիրությամբ եւ շահագործմամբ զբաղվող «Դանդի փրեշըս մեթըլս» ընկերության սեփականատերն ու նախագահն է: Հայաստանում ընկերությունը ներկայացված է «Դինո Գոլդ» ընկերության միջոցով, որը Սյունիքի մարզում սկսել է ակտիվ աշխատանք ծավալել հանքարդյունաբերության ոլորտում եւ նախատեսում է, մինչ այժմ ներդրած ավելի քան 30 մլն դոլարից բացի, Կապանի հանքավայրի ուսումնասիրման համար ներդնել եւս 20 մլն դոլար` ընդգծելով, որ բավարար պաշարներ հայտնաբերելու լուրջ ակնկալիքներ կան, ինչն իմաստալից կդարձնի արված ներդրումն ու հետագա` շահագործման փուլում նախատեսվող ավելի մեծ միջոցները: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նրանց վստահեցրել է, որ Հայաստանում ներդրումների խթանման եւ գործարարության համար ստեղծվել ու ստեղծվում են անհրաժեշտ նպաստավոր պայմաններ: Հանքարդյունաբերությունը համարելով մեր երկրի տնտեսության կարեւոր ոլորտներից մեկը` Սերժ Սարգսյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակել ընկերությանը: Նա հատկապես կարեւորել է բնական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ Հայաստանում եղած պաշարներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելը` ուշադրության կենտրոնում պահելով նաեւ բնապահպանական խնդիրները: