Ստորեւ ներկայացված հայ եւ ադրբեջանցի փախստականները, ինչպես եւ փախստականների նախորդ զույգը (նրանց հետ հարցազրույցները` «168 Ժամի» նոյեմբերի 22-ի համարում), պատասխանում են նույն հարցերին: Բայց պատկանում են փախստականների այն խմբին, որոնք, ի տարբերություն մեր նախորդ փախստական զրուցակիցների, կարգավորել են իրենց նվազագույն պահանջները բավարարելու հարցը:
«Ռեգիոն» կենտրոն
«Երեխաներն ավելի դժվար լեզու կգտնեն հայերի հետ»
Հարցազրույց բռնի տեղահանված Ռոզա Իբրահիմովայի հետ
– Որտե՞ղ էիք բնակվում նախքան փախստական դառնալը։ Ի՞նչ ունեցվածք ունեիք:
– Ես ծնվել եմ Շուշիում, ամուսնությունից հետո 35 տարի` ընդհուպ մինչեւ օկուպացիան, ապրել եմ Ֆիզուլիի շրջանում։ Մանկավարժ էի աշխատում, ամուսինս բժիշկ էր, միշտ աշխատել ենք մեր ընտանիքի բարօրության համար։ Մեծ երկհարկանի տուն ունեինք բոլոր հարմարություններով, մենք էինք կառուցել։ Եվ հիմա երազում մեր տունն եմ տեսնում, այնտեղ անցկացրած մեր երջանիկ օրերը։ Թող Ալլահը պատժի նրանց, ովքեր սանձազերծեցին այդ պատերազմը։ Ահա արդեն 15 տարի է, որ մենք փախստական ենք սեփական հողի վրա, եւ Աստված չանի, որ որեւէ մեկին բաժին հասնեն այն տառապանքները, որ մենք կրեցինք։
– Քանի՞ անդամ կա ձեր ընտանիքում։ Որտե՞ղ եք ապրել առաջին տարին, ձեր տնից ձեզ վտարելուց հետո։
– Մեր ընտանիքում վեց հոգի ենք, ունենք չորս որդի, եւ բոլորին կրթություն ենք տվել։ Մինչեւ օկուպացիան մտածում էինք, որ մեր երեխաները սովորելուց հետո կաշխատեն մեր հարազատ շրջանում։ Բայց, պատերազմի ժամանակ նրանք բոլորն էլ գնացին ռազմաճակատ` պաշտպանելու հայրենիքը։ Ֆիզուլիի օկուպացումից հետո առաջին տարին ստիպված տեղափոխվեցինք Արազ Յաղլիվենդ գյուղը (Ֆիզուլիի շրջան.- Զ.Ռ.), որը մեր հսկողության տակ էր։ Սակայն, արդեն 1993 թվին այդ գյուղը նույնպես գրավեցին, եւ մեր ընտանիքը տեղափոխվեց Բաքու, ապրում էինք քրոջս տանը։ Բայց նրա ընտանիքն էլ է մեծ, ստիպված էինք այնտեղից էլ հեռանալ, գնացինք Ենի Յասամալի ավան (Բաքվի ծայրամասային շրջաններից մեկը.- Զ.Ռ.) եւ տեղավորվեցինք մի երկսենյականոց բնակարանում, մինչ օրս ապրում ենք այնտեղ: Դուք հավանաբար ինքներդ եք հասկանում, թե ինչ ծանր է փոքրիկ բնակարանում արդեն մի քանի ընտանիքով ապրելը։
– Ո՞վ եւ ինչպե՞ս էր օգնում ձեզ։ Ինչպե՞ս դասավորվեց ձեր ընտանիքի անդամների ճակատագիրն այդ տարիներին։ Ինչպե՞ս տեղավորվեցիք աշխատանքի: Համեմատեք ձեր վիճակն ավելի հաջողակ, կամ՝ հակառակը, ավելի վատ պայմաններում գտնվող հարեւանների, հայրենակիցների հետ:
– Մեր հիմնական խնդիրը մնում է գործազրկությունը։ Շատ երկար ժամանակ որդիներս ընդհանրապես չէին կարողանում աշխատանք գտնել։ Միայն վերջին երեք տարին է, որ նրանք աշխատանք ունեն եւ, փառք Աստծո, կարող են իրենց ընտանիքի համար մի կտոր հաց վաստակել։ Մեր նախագահի շնորհիվ վերջին տարիներին փախստականների վիճակը դեպի լավն է փոխվել։ Ամեն տարի ավելանում են մեր նպաստները, մենք ազատված ենք կոմունալ ծառայությունների համար վճարումներից։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկում բնակչության այս խավի` փախստականների, զբաղվածությունն ապահովելու համար։ Նրանց համար կառուցված ավաններում բացվում են փոքր ձեռնարկություններ, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար հատկացվում են հողակտորներ եւ այլն։
– Արդյո՞ք մտածում եք ձեր նախկին բնակավայրը վերադառնալու մասին։ Եթե նման հնարավորություն լինի, Դուք ինքներդ կվերադառնա՞ք։
– Իհարկե։ Ես ապրում եմ այդ հույսով (արտասվում է.- Զ.Ռ.)։ Չէ՞ որ դա իմ նախնիների հողն է։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ ես մոռանամ իմ Հայրենիքի մասին։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ վաղ թե ուշ մենք կազատագրենք մեր հողերը եւ կվերադառնանք մեր հարազատ օջախները։ Փախստականների մեծ մասը հենց այդպես է մտածում եւ ցանկանում է վերադառնալ։ Բավական է մի փոքր դուրս գալ Բաքվի սահմաններից, եւ կտեսնեք, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում բռնի տեղահանվածները, եւ դրա համար մեղավոր են նրանք, ովքեր օկուպացրել են մեր հողերը։
– Ինչպե՞ս անդրադարձավ ձեր վիճակը ձեր երեխաների կյանքի վրա։
– Ժամանակը փոխեց ամեն ինչ։ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքներն Ադրբեջանի համար ազգային աղետի բնույթ ստացան։ Այդ ողբերգության պատճառով երկիրը բազմաթիվ կորուստներ ունեցավ. մեկ միլիոնից ավելի փախստականներ, հարազատ օջախները կորցրած, հանրապետության ամբողջ տարածքով մեկ ցրված եւ փախստականի դժբախտ կյանքի դատապարտված տեղահանվածներ։ Իմ երեխաներն արդեն հասուն մարդիկ են, այս ընթացքում ես թոռներ եմ ունեցել, որոնք ինձ հաճախ հարցնում են իրենց փոքր Հայրենիքի եւ պատերազմի սարսափների մասին։ Երբ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս Խոջալուի զոհերին, թոռնուհիս հարցրեց ինձ` ինչո՞ւ էին սպանվում երեխաները։ Ուստի կարծում եմ, որ պատերազմի վերքերը շատ խորն են, եւ ապագա սերունդների համար շատ ավելի դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել հայերի հետ։
– Ի՞նչ կարգի խնդիրներ են հիմա ամենից շատ Ձեզ հուզում, տարբերո՞ւմ են, արդյոք, դրանք մյուս փախստականների խնդիրներից։
– Ինչպես արդեն ասացի, այնուամենայնիվ, փախստականների հիմնական խնդիրը գործազրկությունն է։ Այն կարելի է լուծել` նրանց համար ներկայիս բնակության վայրերում կենսապայմաններ ստեղծելով։ Բացի այդ, պետության ղեկավարի հրահանգով մոտ ապագայում ընդհանրապես կվերացվեն վրանային ավանները, եւ փախստականները կտեղափոխվեն պետության կողմից կառուցված ժամանակակից քաղաքներ։ Ես հուսով եմ, որ մինչ կմեծանան մեր երեխաներն ու թոռները եւ ի վիճակի կլինեն հասկանալ, թե ինչ բան են հողի կորուստը, փախստականները, պատերազմը եւ արյունը, այդ խնդիրները կգտնեն իրենց լուծումները։ Հակառակ ամեն ինչին, մենք ապրում ենք մեր սեփական հողերը վերադառնալու հույսով։
Զրուցեց Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ
«Մարդիկ պետք է սիրեն հողը, որի վրա ապրում են»
Հարցազրույց նախկին փախստական Վիկտորյա Օհանյանի հետ
– Որտե՞ղ էիք բնակվում նախքան փախստական դառնալը: Ի՞նչ ունեցվածք ունեիք:
– Մինչեւ կոնֆլիկտը մենք ապրում էինք Բաքվում` Ռասուլ Ռզայի 27, բն. 27: Մեկ ուրիշ բնակարան էլ ունեինք` Պրոֆսոյուզնայա 21, բն. 113: Շատ լավ էինք ապրում, լավ հարեւաններ ունեինք` հայեր, ադրբեջանցիներ, հրեաներ, շատ ռուսներ կային: Մեր ընտանիքում չորս հոգի էինք, ես եւ ամուսինս ունենք երկու երեխա` աղջիկ եւ տղա: Ես ծնվել եմ 1946 թվականին, 1971-ից մինչեւ 1990-ը ես Բաքվի Շահումյանի շրջխորհրդում գլխավոր հաշվապահ էի աշխատում: Ամուսինս ծագումով Շամշադինի շրջանից է, Բաքվում նա հայտնի խառատ էր, նրան շատերն էին ճանաչում: Մեր երեխաներն ուսանող էին: Հիշում եմ այդ օրը` 1990-ի հունվարի 16-ը, մենք պետք է աշխատավարձ ստանայինք: Ես գնացի աշխատանքի, ինձ ադրբեջանցիները պատանդ վերցրին, բայց շրջխորհրդի ղեկավարներն օգնեցին դուրս գալ շենքից: Հունվարի 20-ին տանկերով զորք մտավ քաղաք: Առավոտյան «Ղազախստան» լաստանավով մեզ տարան Կրասնովոդսկ քաղաքը: Այնտեղ մեզ գրանցեցին եւ Հայաստանից եկած ինքնաթիռներով ուղարկեցին Երեւան: Հունվարի 26-ին Երեւանում էինք: Ամուսինս մեզանից ավելի շուտ էր փախել, նրան շատ էին սպառնում, պահանջում էին, որ գնա իր Հայաստանը եւ էլ աշխատանքի չգա: Սարսափում եմ այդ ամենը նորից հիշելիս:
– Քանի՞ անդամ կա Ձեր ընտանիքում: Որտե՞ղ եք ապրել առաջին տարին, ձեր տնից ձեզ վտարելուց հետո:
– Մեզ տեղափոխեցին Դիլիջան, որտեղ շատ լավ ընդունեցին: Առաջին չորս տարին ապրում էինք անտառում գտնվող պանսիոնատում: Անտառը մեզ օգնել է, պահել: Շնորհակալ եմ եւ այն մարդկանց, որոնք մեզ ընդունեցին եւ տեղավորեցին: Չէ՞ որ մենք մեզ հետ ոչինչ չէինք բերել, ձեռնունայն էինք եկել Հայաստան:
– Ո՞վ եւ ինչպե՞ս էր օգնում Ձեզ: Ինչպե՞ս դասավորվեց ձեր ընտանիքի անդամների ճակատագիրն այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս տեղավորվեցիք աշխատանքի: Համեմատեք ձեր վիճակն ավելի հաջողակ, կամ՝ հակառակը, ավելի վատ պայմաններում գտնվող հարեւանների, հայրենակիցների հետ:
– Արդեն մարտ ամսին ինձ աշխատանքի ընդունեցին, ես Դիլիջանի «Իմպուլս» գործարանի տնտեսագետն էի: Հաճախ էի գործուղումների մեկնում: Տղաս Դիլիջանում տեխնիկում ավարտեց, իսկ աղջիկս, որը Բաքվում քիմիկոս-տեխնոլոգի մասնագիտություն էր ստացել, Երեւանում շարունակեց իր կրթությունը: Մեր պանսիոնատը թոքախտավորների համար էր, հիվանդներ պետք է բերեին, ուստի 1994-ին մեզ տեղափոխեցին Երեւան: Ես արդեն ասացի, որ ամուսինս մեզանից շուտ էր փախել Բաքվից: Գնացել էր իր հայրենի, Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղը: Հիմա էլ է նա այնտեղ ապրում:
Երեւանում մեզ տվեցին Նոր Նորքի հանրակացարանի այս բնակարանը: Որդիս ուզում էր Պոլիտեխնիկ ինստիտուտ ընդունվել, բայց հայերեն չգիտեր, դե, մենք չենք կարող հայերեն գրել ու կարդալ, այդ պատճառով մեզ համար դժվար է: Երեխաները մեկնեցին Ռուսաստան: Որդիս ավարտեց Տագանրոգի ռադիոտեխնիկական բուհը: Հիմա որդիս ու աղջիկս միասին Մերձմոսկվայում են ապրում, մշտական բնակության վայր չունեն, գյուղում տուն են վարձում: Երեխաներս միասին են աշխատում` ջրի մաքրման աշխատանքներով զբաղվող ինչ-որ մի հիմնարկում: Ես ու ամուսինս արդեն ՀՀ քաղաքացիներ ենք դարձել: Ամուսինս չի ուզում քաղաք գալ, ասում է. «Իմ հողում կապրեմ, հարազատներս այստեղ են թաղված, էսօր-վաղը ես էլ կմեռնեմ, էլ ի՞նչ գամ»: Ես էլ գյուղում չեմ կարող ապրել, Ռուսաստան էլ չեմ գնա, ձմեռը, ինչպես միշտ, կգնամ գյուղ՝ ամուսնուս մոտ, ամառը ետ կգամ Երեւան: Ինչ լինում է, թող լինի… Դիլիջանում ապրելիս մեզ «Կարմիր խաչն» էր օգնում, մթերք էինք ստանում: Երեւանում մենք եւ ուրիշ փախստականներ բնակարան ստացանք հինգ տարի ժամկետով, բայց հետո, քանի որ հիմնականում տարեցներն էին մնացել, մեզ դուրս չհանեցին: 2001թվին ՄԱԿ-ը նորոգեց այս սենյակները, ես իմ բնակարանը սեփականաշնորհեցի 2003 թվին: Իսկ ով սեփական բնակարան չունի, վիճակահանությամբ սերտիֆիկատ են տալիս: Ես անչափ գոհ եմ, որ այս սենյակն ունեմ: Գիտե՞ք, թե գլխի վերեւում տանիք չունենալն ինչ վատ բան է, սարսափելի է… Աշխատանքս հասարակական տիպի է: Բորսան վեց ամսով գործ է տալիս: 7-րդ Մասիվի (Նոր Նորքի 7-րդ զանգված.- Վ.Ս.) այգին ենք մաքրում: Օրական 1300 դրամ ենք ստանում, ալյուր, ձեթ, նման բաներ ենք գնում: Էլի գոհ եմ:
– Արդյո՞ք մտածում եք ձեր նախկին բնակավայրը վերադառնալու մասին: Եթե նման հնարավորություն լինի, Դուք ինքներդ կվերադառնա՞ք:
– Ոչ (կտրուկ թափահարում է գլուխը.- Վ.Ս.): Թող վերադառնա նա, ով չի տեսել այն ամենը, ինչ ես եմ տեսել Բաքվում:
– Ինչպե՞ս անդրադարձավ ձեր վիճակը ձեր երեխաների կյանքի վրա:
– Արդեն ասացի, որ երեխաներս մեկնել են Ռուսաստան: Ընդհանուր առմամբ՝ դժգոհ չեն իրենց կյանքից: Բայց աղջիկս Հայաստան գալ չի կարող, քանի որ արտասահմանյան անձնագիր չունի, տղաս տարին մեկ անգամ գալիս է, օգնում է` դուռն է փոխել, օրինակ: Փող երեխաներիցս չեմ վերցնում, նրանց ավելի պետք կգա: Հայաստանը նրանց Հայրենիքն է մնում: Ես երեխաներիս հայրենասիրական ոգով եմ դաստիարակել: Բաքվում շատ այդպիսի գրքեր թողեցինք` «Պապ թագավոր», «Կայծեր», «Սամվել», «Գեւորգ Մարզպետունի», «Վարդանանք», նման շատ գրքեր ունեինք: Երեխաներս հայոց պատմություն եւ պոեզիա էին շատ սիրում, հատկապես` Վահան Տերյանի բանաստեղծությունները:
– Ի՞նչ կարգի խնդիրներ են հիմա ամենից շատ Ձեզ հուզում, տարբերվո՞ւմ են, արդյոք, դրանք մյուս փախստականների խնդիրներից։
– Ես կյանքումս Երեւանում չէի կարող տուն առնել, ուրեմն, եթե այս սենյակն ինձ տված չլինեին, փողոցում կլինեի, չէ՞… Կուզեի, որ բոլորն էլ այսպիսի բնակարան ստանան, Աստված տա` ավելի լավը: Ես ուզում եմ, որ Հայաստանը զորանա, ժողովուրդը լավ ապրի: Պետք է ձգտես այնպես անել, որ քո ապրած տեղում լավ լինի: Մարդիկ պետք է իրենց երկրի հայրենասերները լինեն, սիրեն հողը, որի վրա ապրում են:
Զրուցեց Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ