Անցյալ շաբաթ ամերիկյան դոլարն էժանացավ միանգամից 35-40 դրամով, հետո փոխարժեքը բարձրացավ, սակայն ոչ թե մինչեւ նախկին մակարդակը, այլ ընդամենը 20-25 դրամով: Եվ հիմա Երեւանի փոխանակման կետերում 1 դոլարը գնվում է 296-300 դրամով:
Ըստ մամուլի հրապարակումներից մեկի, անցյալ ուրբաթ Հայաստանի ֆոնդային բորսայում վաճառվել է ռեկորդային մեծ ծավալի՝ 20 միլիոնից ավելի դոլար: Ընդ որում, մեկ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 312 դրամ 90 լումա, իսկ փակման գինը կազմել է 312 դրամ 50 լումա: Մինչդեռ տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նույն ժամանակահատվածում եղել է 275-300 դրամ: Փորձագետները գտնում են, որ նույն օրը տարբեր շուկաներում փոխարժեքի նման տարբերության պատճառը կարող են լինել միայն ֆինանսական մեքենայությունները: Իսկ շատերի կարծիքով՝ ֆինանսական մեքենայությունների արդյունք է դոլարի արժեզրկումն ընդհանրապես: 2003թ. համեմատ դոլարն արժեզրկվել է արդեն
50 %-ով: Որոշ վերլուծաբանների կարծիքով, այդպիսով Հայաստանի իշխանությունները յուրահատուկ «հարկ» են սահմանել արտասահմանից Հայաստան եկող տրանսֆերտների վրա: Այդ դեպքում թաքնված այդ «հարկը» մեր երկրում ունի ամենամեծ տոկոսադրույքը՝ 50 %: Հայաստանի հարկային օրենսդրությամբ սահմանված եւ ոչ մի հարկատեսակ այսքան բարձր տոկոսադրույք չունի: Ամենամեծ տոկոսադրույքն ունի Ավելացված արժեքի հարկը, բայց դա էլ կազմում է 20 %: Այնպես որ, ինչպես անցած շաբաթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց ծագումով ղարաբաղցի մոսկվաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանը, հայերը վճարում են «գենետիկ հարկ»: Ընդ որում, այդ հարկը սկսվել է ամենացածր տոկոսից, 3-4 տարվա ընթացքում հասել է 50%-ի, եւ դեռ աճելու միտում ունի: Ինչեւէ:
Դոլարի արժեզրկումից նախ՝ ամենաշատը տուժում են մեր բնակիչները, որոնք օգնություն են ստանում արտասահմանի իրենց բարեկամներից: Եթե 2003թ. նրանք 100 դոլարը փոխանակում էին 58.000 դրամով, ապա այսօր՝ ընդամենը 30.000 դրամով: Տուժում են նաեւ Հայաստանի արտադրող-արտահանողները, ովքեր իրենց ապրանքը դրսում վաճառում են հիմնականում դոլարով, իսկ արտադրության հետ կապված ծախսերը կատարում են դրամով: Արտահանողներն անընդհատ դժգոհում են, թե իրենց արտադրության ինքնարժեքը բարձրանում է, եւ այդ պատճառով իրենց ապրանքն արտաքին շուկայում կորցնում է մրցունակությունը:
«Այսպես որ գնա, կարող է մենք էլ չարտահանենք»,- ասում է «Երեւանի շամպայն գինիների գործարանի» գլխավոր հաշվապահ Հովհաննես Իսկաջյանը: Գործարանը շամպայն եւ գինի է արտահանում Ռուսաստան: Վաճառքից ստացած օրեցօր արժեզրկվող արտարժույթը Հայաստանում փոխանակում է դրամով եւ վճարում է աշխատավարձ, կոմունալ վարձավճարներ, հարկեր եւ վերջապես դրամով խաղող է մթերում: Անցյալ տարվա համեմատ գործարանը 30-40%-ով նվազեցրել է արտադրության եւ արտահանման ծավալները:
Մսաղացներ արտադրող «Արմենմոտոր» ընկերության տնտեսագիտական հարցերով փոխտնօրեն Կարեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ 2008թ. ընկերությունը պետք է Ռուսաստան արտահանի 1000 հատ մսաղաց, ինչը կիրացվի մոտ 3 ամսում: Եվ, քանի որ, ամենայն հավանականությամբ, դոլարը կարժեզրկվի նաեւ եկող տարի, գործարանի ղեկավարները մտավախություն ունեն, որ այդ պատճառով իրենց արտադրանքի գինը դոլարով կամ ռուսական ռուբլիով կբարձրանա: Այսինքն` ընկերությունը ստիպված կլինի բարձրացնել նաեւ իրացման գինը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում արտադրված մսաղացը Ռուսաստանում կկորցնի իր մրցունակությունը: Այսպես շարունակվելով` չի բացառվում, որ ընկերությունը կորցնի ռուսական շուկան: Չէ՞ որ դոլարի արժեզրկման պատճառով «Արմենմոտորը» նման իրավիճակի մեջ հայտնվել է արդեն անցած տարիներին, երբ մսաղաց էր արտահանում ԱՄՆ:
«Դոլարի արժեզրկման պատճառով մենք բարձրացրեցինք Ամերիկա արտահանվող ապրանքի գինը եւ 2005թ. կորցրեցինք 700 հազարանոց շուկան,- դժգոհում է «Տոսպ» ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին: -Նույն պատճառով անընդհատ դժգոհում է նաեւ Ռուսաստանի մեր գործընկերը: Եթե գոնե մենք կարողանայինք ավելի ցածր գնով վարկային միջոցներ գտնել, կամ փոխհատուցում ստանալ թեկուզ բավականին թանկ տրանսպորտային ծախսերի համար, էլի այսքան վատ վիճակի մեջ չէինք հայտնվի»:
Այս դժգոհություններին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները եւ հատկապես Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարում են, թե դոլարի արժեզրկումից դժգոհելու փոխարեն՝ արտադրողները թող արտադրողունակությունը բարձրացնեն: «Դա հիմարություն է,- ասում է տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող եւ նախագծեր արտահանող «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովհաննես Մուսայելյանը: -Մեր ընկերության արտադրողականությունը մյուսներից 10 անգամ ավելի մեծ է, եւ մենք նույնպես տուժում ենք այս կուրսից: Դա աբսուրդ է, դեմագոգիա է: Հայաստանը «Սինոփսիսի» համար արդեն ռիսկային գոտի է համարվում: Այսօր Հայաստանում մեր գործունեության միակ ռիսկային գործոնը դրամ-դոլար փոխհարաբերությունն է: Կառավարության գործունեությունը, հարկային, մաքսային, օրենսդրական դաշտը ոչ մի խոչընդոտ չեն առաջացնում մեզ համար: Հակառակը, կան օրենսդրական մի քանի ակտեր, որոնք նպաստում են ընկերության զարգացման: Այսօր մեր ներդրողներն անընդհատ գումար են ավելացնում ոչ թե զարգացման, այլ գոնե ստատուս-քվոն պահպանելու համար: Մենք
IT-ն տնտեսության զարգացման գերակա ճյուղ ենք հայտարարել, ինչը դոլարի արժեզրկման պատճառով ի չիք է դառնում: Ես չեմ ասում, թե պետք է խիստ հայտարարություններ անել, թե այս արտադրությունը կփակվի, արտասահմանյան ներդրողները դուրս կգան, բայց արտադրողների շահերը Հայաստանում հնարավորինս նսեմացված են, հաշվի չեն առնվում: Եվ դուրս է գալիս, որ Հայաստանում լավ բիզնեսմենը նա է, ով միայն ներմուծում է: Իսկ ներմուծման վրա հիմնված տնտեսությունը տնտեսություն չէ»:
Դոլարի արժեզրկման պատճառով Հայաստանում ավելի քան 60 տոկոսով անկում է ապրել մեկ այլ գերակա ճյուղ հայտարարված ադամանդագործության ոլորտը: Ադամանդ մշակող հսկա «Շողակն» գործարանն արդեն փակվելու եզրին է: Ամռանը ընկերությունը բավական երկար ժամանակով պարապուրդի էր մատնվել, իսկ սեպտեմբերին շատ փոքր ծավալով վերսկսեց աշխատանքները: Սակայն չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ կամ 2008թ. սկզբին գործարանն ընդհանրապես դադարեցնի աշխատանքները: «Ամռանը դոլարի կուրսը 340 դրամ էր, եւ ես նոր ծրագիր ներկայացրեցի սեփականատերերին եւ համոզեցի, որ գործարանը չփակեն,- ասում է «Շողակնի» տնօրեն Սերգեյ Գասպարյանը: -Հիմա մեզ մոտ աշխատում է ընդամենը 300 բանվոր: Ես ծրագրում էի ավելացնել աշխատողների քանակը, բայց այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, բոլորովին փոխեց մեր պլանները: Ես հիմա չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ, ինչպե՞ս պետք է համոզեմ գործարանի սեփականատեր Լեւ Լեւիեւին, որ աշխատանքները չդադարեցնի: Մենք առաջ 1-2 տարվա աշխատանքային պլան էինք կազմում, հիմա նույնիսկ չենք կարողանում մեկ շաբաթվա համար կազմել, որովհետեւ դոլարն արժեզրկվում է ամեն օր: Ճիշտ հասկացեք ինձ, ամբողջ աշխարհում ադամանդը մշակում են ցածր աշխատուժ ունեցող երկրներում: Դոլարի արժեզրկման պատճառով Հայաստանի աշխատուժը դոլարային արտահայտությամբ բավականին թանկացել է»:
Հ.Գ. Վերջին օրերին դոլարի կտրուկ արժեզրկման հետ կապված՝ երեկ «Ա1+»-ին իր պարզաբանումներն է տվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Եթե տղայական մտածես, կարելի է նույնիսկ հպարտանալ դրամի արժեւորմամբ, բայց եթե մի քիչ լայն ես մտածում երկրի ու տնտեսության տեսանկյունից՝ ավելի ողբալու տեղ կա,- ասել է Բ.Ասատրյանը: -Դրամի արժեւորումը պետք է ընդհանուր տնտեսական վիճակի ենթատեքստում նայել, ամեն ինչից կտրված դրամի արժեւորում չի լինում: Իսկ եթե դրամի արժեւորումը արտահայտված լիներ, ասենք, կարտոֆիլի, հացի, այլ ապրանքատեսակների մասով, սա փայլուն կլիներ, բայց մենք այսօր այս քաղաքականության արդյունքում կանգնել ենք մի իրավիճակի առջեւ, երբ ԱՄՆ-ում կարտոֆիլը շատ ավելի էժան է, քան ՀՀ-ում: