Անցած հանգստյան օրերին դոլարի փոխարժեքը հասավ վերջին տարիների համար ռեկորդային ցածր մակարդակի` 1 դոլարի համար 275-280 դրամի: Արդեն երեկ փոխարժեքը փոքր-ինչ բարձրացավ` հասնելով 1 դոլարը 290-300 դրամի: Ակնհայտ է, որ այս գործընթացը որեւէ օբյեկտիվ հիմք չունի, եւ դրա ամենահավանական բացատրությունը թերեւս այն է, որ այս ճանապարհով իշխանություններն առաջիկա ընտրությունների համար գումարներ են հավաքում: Փոխարժեքի տատանման մասին տեղյակ ցանկացած մեկը անցած 2 օրվա ընթացքում կարող էր մի քանի միլիոն դոլար աշխատել: Դրան գրեթե անմիջականորեն նպաստել եւ նպաստում է Կենտրոնական բանկը, որի` անցած շաբաթ կայացրած որոշումներից մեկը կարող է խթանել դոլարի արժեզրկման հերթական փուլը: Մասնավորապես` ԿԲ-ի խորհրդի նոյեմբերի 21-ին կայացված որոշումներից մեկով՝ ՀՀ-ում գործող բանկերը ԿԲ-ում իրենց արտարժույթով պարտադիր պահուստների (սա այն գումարն է, որը բանկերն իրենց ներգրաված միջոցներից տեղաբաշխում են ԿԲ-ում) նվազագույն չափը 8 տոկոսից դարձվել է 12 տոկոս: Առաջին հայացքից թվում է, թե այս որոշումը կարող է կանխել դոլարի արժեզրկումը, քանի որ բանկերը 4 տոկոսով պետք է ավելացնեն ԿԲ-ում պահվող դոլարային պահուստները, այսինքն` շուկայից համեմատաբար ավելի շատ դոլար «կքաշվի»: Իրականում, սակայն, սա կարող է հակադարձ ազդեցությունն ունենալ, քանի որ բանկերը կձգտեն ազատվել իրենց դոլարային միջոցներից` այն վերածելով դրամի: Հետեւաբար, առաջիկայում պետք է սպասել դոլարի արժեզրկման նոր ալիքի: ԿԲ-ի գործուն մասնակցությամբ:
Նոյեմբերի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ-ում գործող տեղական բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից ԿԲ-ում պահվող պարտադիր պահուստավորման նվազագույն նորման` 2007թ. դեկտեմբերի 6-ից հետո բանկերի կողմից ներգրավված արտարժութային միջոցների համար 8 տոկոսից դարձնել 12 տոկոս: Դրամային միջոցների համար պարտադիր պահուստավորման նորմը մնացել է անփոփոխ՝ 8 տոկոս: Ի՞նչ է սա նշանակում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մասնավորապես ամերիկյան դոլարի փոխարժեքի վրա: «5 օր առաջ ԿԲ-ն տաղանդավոր անհեթեթ վճիռ է կայացրել: Առաջին հայացքից՝ քայլը դրական է թվում,- «Ա1+»-ին ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: -Թվում է, թե շրջանառվող դոլարի քանակն է կրճատվում՝ 8 տոկոսի փոխարեն 12 տոկոս է պահեստավորվում: Բայց սա ամենապարզունակ մեկնաբանությունն է: Իսկ ի՞նչ է կատարվում բանկերի տեսակետից: Իրականում ներգրավված դոլարային միջոցները սրանով իսկ թանկանում են՝ եթե առաջ 100 միավորից 8-ը պետք է պահեստավորվեր, հիմա 12-ն է պահեստավորվում: Այսինքն, բանկի համար ռեսուրսը թանկանում է, եւ, եթե նորմալ բանկ է, իսկ մեզ մոտ հիմնականում նորմալ բանկեր են գործում, պետք է դոլարի տոկոսադրույքը իջներ, բնականաբար, կամ ձեռնպահ մնար դոլարային միջոցներ ներգրավելուց՝ նախապատվությունը տալով դրամին: Այս պարագայում դոլարը բանկային համակարգից արտահոսելու է: Իսկ որտե՞ղ կարող է հոսել դոլարը՝ արժութային շուկա, որտեղ կա դրամը: Այնտեղ դոլարը հանդիպում եւ «փաթաթվում է» դրամի հետ, ինչի արդյունքում դրամն արժեւորվում է»: Այս որոշումը բացասաբար է գնահատում նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «ԿԲ-ն այդ պահին սկսում է պայքարել տնտեսության դոլարիզացիայի դեմ, որպեսզի կոմերցիոն բանկերը դոլար չպահեն,- ասում է Հրանտ Բագրատյանը: -Այսինքն՝ մենք առանց այդ էլ մեծ պրոբլեմ ունենք դոլարային ճնշման տակ: Եթե տնտեսություն են մտել լուրջ դոլարային գումարներ, ԿԲ-ն փոխանակ այդ փողերը ստերիլիզացնի, ճիշտ հակառակն է անում: Ասում է` ով ինչքան դոլար ունի, թող ազատվի այդ դոլարից: Չեմ բացառում, որ ԿԲ-ն համապատասխան ցուցմունք կամ ինչ-որ մի հուշում է ստացել, բայց հակառակն է հասկացել: Այսինքն` 8 տոկոսը պետք է իջեցներ տվյալ դեպքում դոլարի նկատմամբ, կամ էլ ձեռք չտար, սակայն հակառակն են արել՝ բարձրացրել են: Հիմա 8 տոկոսի փոխարեն՝ ԿԲ-ն 12 տոկոսն է ուզում: Եթե դուք լինեք կոմերցիոն բանկը, կասեք՝ չհասկացա, դրամի համար 8 տոկոս է ուզում, դոլարի համար՝ 12 տոկո՞ս: Բանկն իր դոլարը կվաճառի դրամով եւ 12 տոկոսի փոխարեն 8 տոկոս կտա: Ինչո՞ւ պիտի 12 տոկոսը քնացնի»,- ասում է Հրանտ Բագրատյանը, ում կարծիքով՝ հաջորդ տարվա բյուջեի շուրջ 20 տոկոս ավելացումը դոլարի արժեզրկման արդյունքում կարելի է «կատարված» համարել: Կարելի է չկասկածել, որ ԿԲ-ն իսկույն կհայտարարի, թե նման որոշում է ընդունել բացառապես դոլարիզացիայի դեմ պայքարի եւ ազգային արժույթի արժեւորման ազնիվ մղումներից ելնելով, իսկ նշված գնահատականներն էլ ստոր հերյուրանքներ են, որոնք սասանում են մեր ֆինանսական շուկայի կայունությունը: