Հերթական խեղկատակությունը

28/11/2007

«Հայաստանի առաջադիմական կուսակցությունն» այսօր պատրաստվում է իրականացնել իր հերթական անհեթեթ «միջոցառումը»: Կուսակցությունը որոշել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում կազմակերպել «Հիշեցում մութ ու ցուրտ թվերի մասին» անունով ակցիա: Միջոցառման ժամանակ կազմակերպիչները մտադիր են անցորդներին բաժանել մոմեր, չոր սպիրտ, նավթով տակառներ ու սահնակով ցախ: Այսքան է հերիքել ջահելների ֆանտազիան, որոնք իշխանություններին ծառայելու համար գոնե խելքին մոտ միջոցառում չեն մոգոնում: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն այն կուսակցությունն է, որի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը 100 թե 120.000 դոլար էր խոստացել նրան, ով կսպանի հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին: Ուրիխանյանը մի 5000 դոլար էլ խոստացել էր՝ «Սաֆարովին բարոյապես ոչնչացնելու համար»: Հիշեցնենք նաեւ, որ Տ. Ուրիխանյանը հրապարակավ «ժամո» էր արել Կովկասի Մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին, ով խոսել էր հայերին Ջիհադ՝ Սրբազան պատերազմ, հայտարարելու մասին՝ սպառնալով, թե եթե հանկարծ Փաշազադեն չգա հանդիպմանը, ինքը նրան հրապարակայնորեն կանվանի «վախկոտ»: Ուրիխանյանն իր այլ անհեթեթ «նախաձեռնություններով» էլ է հայտնի, սակայն կարծում ենք՝ այսքանը բավական է` այս կուսակցության եւ նրա ղեկավարի մասին պատկերացում կազմելու համար: Տ. Ուրիխանյանն էլ վերջերս հրաժարական էր տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, բայց հետո կարծեք թե իր թիմն էլ իրեն հրաժարեցնողներին հրաժարեցրեց: Ուրիխանյանը չէր հերքում, որ իրեն գործադիրում աշխատելու առաջարկ է եղել: