ՀՀ Կենտրոնական բանկը սկսել է մտածել հայ սպառողների մասին: ԿԲ-ն մշակել է սպառողների շահերի պաշտպանության հայեցակարգ եւ մի քանի օրինագծեր, որոնք պատրաստվում է ներկայացնել կառավարությանն ու Ազգային ժողովին: Հայեցակարգը պետք է թույլ չտա, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները կարողանան խաբել ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց: Օրինակ, պետք է հրապարակեն վարկերի եւ ավանդների իրական տոկոսադրույքները, պետք է հստակեցնեն իրենց գովազդների բովանդակությունը եւ այլն: Զարմանալի չէ, որ օրենքների այս նախագծերն արդեն հասցրել են արժանանալ հայկական բանկերի զայրույթին: Թերեւս ԿԲ-ի մշակած ամենահետաքրքիր փաստաթուղթը «Ֆինանսական համակարգի օմբուդսմենի մասին» օրենքի նախագիծն է: Ֆինանսական օմբուդսմենը պաշտպանելու է միայն ֆիզիկական անձանց շահերը: Պարզ ասած, բանկերից բողոք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգել օմբուդսմենին եւ փոխհատուցում պահանջել: Իսկ օմբուդսմենն էլ իր իրավասությունների շրջանակներում պետք է «ճնշի» բանկին: Ֆինանսական օմբուդսմենն ընտրվելու է ԿԲ-ի, կառավարության, Բանկերի միության եւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներից ձեւավորված խորհրդի կողմից: Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի գործունեությունը պահանջելու է տարեկան մոտ 105-108 մլն դրամ, որը ֆինանսավորվելու է ֆինանսական կազմակերպությունների կողմից: Բայց ԿԲ-ի մշակած հայեցակարգի ամենազավեշտալի մասն այն է, որ բանկից դժգոհություն ունեցող քաղաքացին կարող է դիմել օմբուդսմենին կամ դատարան եւ նրանց միջոցով բանկից «պոկել» 500.000 դրամ: Նա կարող է այդ գումարը ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ ինքը ոչ մի լումայի վնաս էլ չի կրել բանկի կողմից: Փաստորեն, կհայտնվեն մի խումբ քաղաքացիներ, որոնք ամբողջ օրը զբաղված կլինեն բանկերի վերահսկողությամբ: Նրանք կփորձեն բանկերի վրա «կեղտ բռնել» ու փող աշխատել: Իսկ թե ինչու է ԿԲ-ն շահագրգռված սպառողների շահերի պաշտպանությամբ, պարզ է: Սա յուրահատուկ մեղքերի թողություն է: ԿԲ-ն նորմալ չի կարող գնաճը զսպել, օրենքով հնարավորություն չունի փոխարժեքը կարգավորելու, ուստի սպառողներին դուր գալու այլ ճանապարհներ է փնտրում: