KARAPETICH PRODUCTION PRESENTS

28/11/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Կառավարության Նիստերի դահլիճի շրջակայքում երեկ առավոտվանից կարելի էր հանդիպել բազմաթիվ տատիկների ու պապիկների: Պարզվեց` նրանք երկրի ապագայով մտահոգված՝ աճապարում էին դեպի Նիստերի դահլիճ: Սակայն նրանք սովորական պապիկներ կամ սովորական տատիկներ չէին, այլ կուսակցական ակտիվիստներ, ովքեր երեկ հավաքվել էին` «որոշելու», թե ո՞ւմ պետք է առաջադրեն որպես ՀՀ նախագահի թեկնածու:

Իհարկե, միայն տատիկները կամ պապիկները չէ, որ շտապում էին դեպի Նիստերի դահլիճ. հատուկենտ երիտասարդներ էլ կային, սակայն նրանք փորքրամասնություն էին, ու ընդունվելիք որոշման մեջ նրանց ձայներն էական դեր չէին կարող ունենալ: Իսկ կառավարության Նիստերի դահլիճում, որտեղ շտապում էին վերոնշյալ անձինք, նախատեսված էր Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական կուսակցության» 14-րդ համագումարը: Այն իր օրակարգում ուներ ընդամենը 2 հարց. ՀՀ նախագահի սեփական թեկնածուի առաջադրում եւ կուսակցության խորհրդի ընտրություն: Համագումարը նախատեսված 3 ժամի փոխարեն՝ տեւեց ընդամենը 30 րոպե, որովհետեւ պատվիրակները շատ արագ էին աշխատում ու հասցրեցին սահմանված ժամանակից շուտ սպառել օրակարգը: Սկզբում ելույթ ունեցավ Տիգրան Կարապետիչը, բայց ինչպես հետո պարզվեց` նա միակ ելույթ ունեցողն էր: Կարապետիչի ելույթի ընթացքում կարելի էր ժամանակ առ ժամանակ լսել որոշ պատվիրակների բողոքներն առ այն, որ լավ չի լսվում, ուստի պետք է բարձր խոսել: Կարապետիչն իր ելույթը սկսեց նրանով, թե այսօր իրենք տեսնում են նախկին եւ ներկա իշխանության ներկայացուցիչներ: Այնուհետեւ առաջարկեց առաջադրել ժողովրդի մասին մտածող մի այլընտրանքային թեկնածու: Սույն ծանր գործը կուսակցությունը վերցրեց իր վրա: «Լրագրողներն ու քաղաքական գործիչները մեզ հարցեր են ուղղում, որ մենք չունենք թիմ,- նշեց Կարապետիչն ու շարունակեց,- Դա առավելություն է, ոչ թե բացասական երեւույթ: Ոմանք թիմակիցներին են հետը բերում` ընդհուպ մինչեւ ԺԷԿ-ի պետը, իրենց սեփական ազգային անվտանգությունը, իրենց սեփական Ոստիկանությունը…: Հետները բերում են: Արդեն պատրաստի տեղերը բաշխված են»: ԱԼՄ հոլդինգի ու ԺԿ ղեկավար Տ. Կարապետյանն այնուհետեւ ներկաներին ստիպեց խորհել ապագային մասին` ասելով, թե «եթե այսօր միայն նախկին իշխանավորն ու ներկա իշխանավորն են ձգտում, բա ո՞րն է ապագան»: Ապագան, ինչպես հասկացաք, Կարապետիչն է, ով երեկ պաշտոնապես կուսակցության կողմից առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու: Նրա երեկվա ելույթից պարզ դարձավ, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, եւ այնպես էլ ապրել չի կարելի: Կարճ ասած` այսպես թե այնպես` ապրել չի կարելի: «Այնպես, ինչպես կառավարում էին ու կառավարում են, չի կարելի կառավարել»,- հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանն ու անմիջապես ներկայացրեց կառավարման՝ իրենց մոտեցումները: Ըստ այդմ, Կարապետիչն առաջարկում է «մտահոգվել մարդկանց աշխատատեղերի մասին»: Նշեց, թե պետք է աշխատի արդյունաբերությունը, ինչից հետո էլ կտրուկ անցում կատարեց այլ թեմայի, մասնավորապես տեղեկացնելով, որ իրեն դուր չի գալիս, որ ասում են՝ ղարաբաղցի, ապարանցի, ջավախքցի… , որովհետեւ «հայը վեհ գաղափար է»: «Եվ այս պայմաններում մենք պետք է վճռական քայլ կատարենք եւ այլընտրանքային թեկնածու առաջադրենք»,- նշեց նա ու հայցեց ներկաների վստահությունը: Այդ վստահությանը նա, բնականաբար, արժանացավ: Այնուհետեւ իր ելույթում Կարապետիչն անդրադարձավ նախկին եւ ներկա իշխանություններին: Կարծիք հայտնեց, թե ներկայիս չարիքի արմատավորողը նախկիններն են, մի քանի անգամ տարբեր ձեւակերպումներով կրկնեց, որ իրենք դեմ են եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանություններին եւ, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ շարունակում են «կենտրոնամետ» մնալ: Հետո բանախոսը հարցրեց, թե այդ ի՞նչ փողերով են գործում քաղաքական ուժերը: Արդյո՞ք այդ փողերը նրանք իրենց «տներից են բերում»: Կարապետիչն անընդունելի համարեց, որ ժողովրդի փողերով ժողովրդին կաշառում են: Հետո էլ տեղեկացրեց, որ պետք է ոչ թե կաշառել, այլ աշխատել՝ ինչպես իրենք են աշխատում ու օրուգիշեր մտածում ժողովրդի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Տ. Կարապետյանը հերթական անգամ հայտարարել էր, թե առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, նաեւ համոզմունք էր հայտնել, թե ՀՀ hաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը: Այդ պարագայում իր առաջադրվելը նա բացատրում էր մոտավորապես նրանով, որ ինքը չի ուզում, որ իր ընտրողները զրկվեն իրեն ընտրելու իրավունքից, ու ինքն իր ձայներն ուրիշներին չի տալու: Սակայն հասկանալի է, որ դրանք «վերցնելուց» իրեն չեն հարցնելու: