«Մեռնում են մենակության մեջ»,- ասում է կոմպոզիտոր, հայտնի դուդուկահար Օնիկ Գեւորգյանի քույրը

28/11/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի բնակչուհի Ռոզա Գեւորգյանը, արդեն որքան ժամանակ է` ուզում է զրուցել: «Խոսելու բան կա»,- զանգահարելով ասում է նա ու չի ցանկանում հեռախոսով պարզաբանել, թե մասնավորապես ինչի մասին է պատրաստվում խոսել:

Գյումրիի երկրաշարժից բնակարանը կորցրած 63-ամյա տիկին Ռոզայի փոքրիկ սենյակում կատարյալ մաքրություն է տիրում: Հնամաշ իրերը խնամքով ու կոկիկ դասավորված են նեղլիկ ու խոնավ սենյակում, որտեղ հիմնականում գրքեր ու ինչ-որ թղթեր են դասավորված: Միայնակ այս կինը բավականին հաճելի զրուցակից եւ կամքի մեծ ուժ ունեցող մարդ է: Ասում է՝ «Չէ՛, մի՛ կարծեք, թե ուրիշների պես ձեզ ուզում եմ խնդրել, որ սոցիալական աջակցություն ցույց տաք: Դուք հասարակ մարդկանց ուշադրություն եք դարձնում, եւ կուզենայի մի քիչ կիսվել ձեզ հետ: Փա՜ռք Աստծո, ես իմ մի կտոր հացն իմ քրտինքով վաստակում եմ»: Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Ռոզային բնակարանը կորցնելուց հետո տեղավորել են Նոր Նորքի հանրակացարանում: Հարազատներին՝ քրոջը երկրաշարժի փլատակների տակ կորցրել է, նրա դիակն այդպես էլ չեն գտել ավերակների միջից: Եղբայրը նույնպես ընտանիքի հետ հայտնվել է հանրակացարանում, սակայն հետագայում նրան Գյումրիում տուն են հատկացրել: Ասում է՝ «Երբ աղետից հետո եկանք Երեւան՝ բոլորն օգնությունների հույսին էին ապրում ու ձգտում էին այստեղից-այնտեղից մի բան հայթայթել: Երբ ինձ կանչեցին օգնության համար գրանցվելու՝ էն ժամանակ Գթության ֆոնդն էր, խնդրեցի, ասացի՝ ես օգնություն չեմ ուզում, ինձ աշխատանք տվեք, աշխատեմ, որ կարողանամ իմ քրտինքով գումար վաստակել: Ես չեմ ընդունում, երբ մարդիկ աշխատելու ձգտում չեն ունենում ու նստած սպասում են, որ պետությունն իրենց օգնի: Ասացի՝ ինչքա՞ն պետք է նայեմ ձեր ձեռքին, որ ինձ մի բանով օգնեք, դրա փոխարեն ինձ համար մի աշխատանք ճարեք»: Տիկնոջ խնդրանքին անմիջապես արձագանքել է Աշոտ Բլեյանը, որից հետո Նորքի զանգվածի դպրոցներից մեկում նրան տեղավորել են աշխատանքի: Տիկին Ռոզան չի սիրում տրտնջալ ու վստահեցնում է, որ աշխատանք սիրող մարդը միշտ էլ կգտնի կենցաղային պայմանները լուծելու ձեւեր: Ասում է՝ «Ես լաց լինողներին չեմ սիրում, մարդը չպետք է ուրիշի ձեռքին նայի, պետք է կարողանա սեփական քրտինքով մի բանի հասնել: 63 տարեկան եմ, բայց երբեք որեւէ մեկից ինչ-որ սպասելիքներ չունեմ»: Փոխարենը նա ցանկանում է, որ լրատվամիջոցներն անդրադառնան մարդկանց եւ երկրում արժեքային համակարգի համատարած արժեզրկման խնդրին: Մանկավարժի իր մասնագիտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր սերունդը բարոյալքվում է, իսկ երեխաների դաստիարակության հարցում նա ուշադրություն է հրավիրում միջին սերնդի անուշադիր վերաբերմունքի վրա. «Հասկանո՞ւմ եք, դուք պետք է աղաղակեք, որովհետեւ նման հարցերը շատ կարեւոր են: Ես նոր սերնդին չեմ մեղադրում, որովհետեւ այդ երեխաներին լավ չեն դաստիարակում: Միջին սերունդն էնքան վատ ժամանակների միջով անցավ, էնքան հոգսեր ի հայտ եկան, որ մարդիկ անուշադրության մատնեցին իրենց երեխաների դաստիարակությունը: Էսօր մեր երեխեքը շատ դատարկ արժեքներով են ապրում, չեն հասկանում՝ ի՞նչ է տարրական կուլտուրան, մեծերի նկատմամբ հարգանքը: Էն օրը երթուղայինով մեր ուսուցչուհիներից մեկի հետ գալիս ենք: Երկու երիտասարդ աղջիկներ նստած են եւ չեն պատրաստվում իրենց տեղը զիջել, որովհետեւ չգիտեն, որ դա հարգանքի նշան է: Նրանց չեն սովորեցրել, որ դա լավ արարք է: Դրա համար էլ էս երեխաներին չես կարող մեղադրել»,- զարմանքով պատմում է տիկին Ռոզան եւ մի տեսակ տխրությամբ պատմում է իր հարազատ եղբոր մասին: Իրականում տիկին Ռոզան հայտնի կոմպոզիտոր Օնիկ Գեւորգյանի հարազատ քույրն է, որով հպարտացել են թե՛ Գյումրիում, թե՛ ամբողջ Հայաստանում եւ թե՛ Մոսկվայում: Նա մի տեսակ թախիծով հիշում է եղբոր եւ Արամ Խաչատրյանի հանդիպումն ու սկսում է պատմել, թե ի՞նչ մեծ հաջողություններ է ունեցել Օնիկ Գեւորգյանը: Պատմում է, թե ինչպես էին հեղինակավոր երաժիշտները Գյումրիում հյուրախաղերի ժամանակ հիացական խոսքեր շռայլում եղբոր հասցեին ու ինչպես էին գյումրեցիները հպարտանում իրենց հայրենակցի տաղանդով: Օ. Գեւորգյանը Գյումրիի երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժնի հիմնադիրն է եղել եւ 40 տարի կրթել է երաժիշտ ուսանողների՝ նրանցից ստանալով պրոֆեսիոնալներ: Տիկին Ռոզան պահարանից դուրս է բերում եղբոր մասին հրապարակումներն ու լուսանկարները: Հպարտությամբ ցույց է տալիս Կուբայի նախկին փոխնախագահ Մարիա Թերեզայի հետ լուսանկարը եւ եղբոր հյուրախաղերի մասին հետաքրքիր պատմություններ է պատմում: Օնիկ Գեւորգյանը 2 տարի առաջ մահացել է: Տիկին Ռոզան պատմում է՝ «Վերջին անգամ, երբ խոսեցինք՝ շատ, ահավոր տխուր էր ինքը: Ըստ երեւույթին այդ անուշադրությունը, պարապությունն ու մենակությունն էր պատճառը: Ինքը շատ էր տառապում, որ իր վաստակի մասին չեն հիշում ու հայտնի մտավորականները մի տեսակ միայնության մեջ հայտնվեցին: Երկրաշարժից հետո, տարիներ անց, երբ Գյումրիում էր ապրում, մեծ հիասթափություն ապրեց, որովհետեւ ժամանակները շատ էին փոխվել, մի տեսակ իրեն պիտանի չէր զգում»: Տիկին Ռոզան վիրավորված է, որովհետեւ եղբոր որպիսությամբ վերջին տարիներին որեւէ մեկը չի հետաքրքրվել, անգամ մահվան լուրը մարդկանց մոտ անտարբերությամբ է ընդունվել: Մինչդեռ նա հիշեցնում է, որ մենք շրջապատված ենք տաղանդավոր մտավորականներով, որոնց չենք նկատում եւ չենք գնահատում: «Դրա համար եմ ասում, որ մեր արժեքային համակարգն անկում է ապրում, դուք կարող եք ինչ-որ բան անել: Հայտնի արվեստագետներից շատերը կյանքից հեռանում են մենակությունից ու անտարբերությունից, բայց հավատացե՛ք, որ կային ժամանակներ, երբ նրանք մեր հասարակության արժեքներն էին համարվում»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ ինքն այնքան կամքի ուժ ունի, որ Գյումրիում եղբոր հիշատակին նվիրված մի հուշատախտակ կկառուցի: