Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը բուհի կարգավիճակ ստացավ 1998-ին: Հայաստանի Զինված ուժերն՝ ի դեմս այս հաստատության շրջանավարտների, յուրաքանչյուր տարի համալրվում է նոր սպայական կադրերով: 2001 թվականից կուրսանտները պատրաստվում են երկու հիմնական մանագիտություններով՝ մոտոհրաձիգներ եւ հրետանավորներ: Ռազմական ինստիտուտի կառուցվածքում գործում է տասը ամբիոն, որոնցից վեցը՝ ռազմամասնագիտական, չորսը՝ հասարակագիտական: Ռազմական ինստիտուտ ընդունվելու համար դիմորդին բավական ծանր քննաշրջան է սպասվում: Ընդունելության քննությունները չորսն են. ֆիզիկական պատրաստություն (վազք 3000մ, ձգում պտտաձողի վրա եւ վազք 100 մ, յուրաքանչյուրն իր նորմատիվով), մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու, երեքն էլ՝ գրավոր, հանրապետության բուհերի ընդունելության քննությունների ծրագրով: Ուսումը տեւում է չորս տարի, որից հետո, ստանալով սպայի կոչում, 20 տարի ծառայում են ՀՀ Զինված ուժերում: Ուսուցման ընթացքում կուրսանտներն ապահովվում են սննդով՝ օրական երեք անգամ, հանդերձանքով, կացարաններով, ստանում կրթաթոշակ՝ 2500 դրամ:
Կուլիսներից այն կողմ
Ռազմական ինստիտուտի տարածքում առաջին հերթին աչքի են ընկնում հայ հերոսների նկարներն ու կիսանդրիները: «Ամեն առավոտ ու երեկո կուրսանտները քայլում են հերոսների եւ մարշալների ծառուղով, նայում են Մասիսին եւ կրթվում հայրենասիրական ոգով»,- բացատրում է էքսկուրսավարի դեր ստանձնած գումարտակի հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, կապիտան Աշոտ Ղազարյանը: Ապարանցու իր պարզ ու անկեղծ հումորով համեմված զրույցի ու զբոսանքի ժամանակ ինձ դիմում էր «հարազատ ջան»-ով եւ մանրամասն բացատրում, թե որն ինչի համար է: Նախ` այցելեցինք գումարտակի ճաշարանը: Օրվա ճաշացանկը փակցված է պատին: Ճաշին լինելու է կարտոֆիլով սալաթ, ոլոռով ապուր, մակարոնով փլավ՝ մսի պահածոյով, հաց, օշարակ: Ընթրիքին՝ կարտոֆիլի պյուրե, ձկան պահածո, պանիր, հաց, կարագ, շաքարավազ: Զատիկի նախօրյակին տղաներին այցելության եկած մայրերից մեկն ասում է, որ որդին տուն եկած օրերին խնդրում է մսով կերակուր չպատրաստել: Բանակը եւ ռազմական կրթօջախները երեւի թե միակն են, որտեղ խորհրդային տարիներից պահպանվել է «պատի թերթ» երեւույթը: Կուրսանտներն այն թարմացնում են ամիսը մեկ անգամ: Գումարտակն ունի վարսավիրանոց, լվացքատուն՝ երկու ավտոմատ լվացքի մեքենաներով, հանգստյան սենյակ՝ հեռուստացույցով, որը երեկոյան 8-ից մինչեւ 10:30-ը՝ հանգստի ժամին կռվախնձորի է վերածվում: Ամեն ննջարանում քնում է մի դասակ, որը բաղկացած է 20-30 հոգուց: «Առանց վախենալու ցանկացած տումբչկեն կարող եմ բացել, խնդրեմ,- կապիտան Ղազարյանը ցույց է տալիս պահարանի պարունակությունը,- ցանկացած տումբչկեն իրա կոշիկի տուփով, իրա տետրերով, ատամի խոզանակներով ու չգիտեմ ինչերով: Ուզում ե՞ս, էս մեկը բացեմ՝ ճոխից ճոխը կա: (Հետո ցույց է տալիս տեղաշորը,- Մ.Վ.): Կուրսանտը քնում է անկողնու մեջ, որը տակից ունի հատուկ դոշակի տակաշոր, որպեսզի քամին չփչի կուրսանտի մեջքին: Դրանից բացի, մի սավան գցում է վրեն, մյուսն էլ՝ էլի վրեն, բայց էն կտրվածքով, որպեսզի ծածկոցը դառնա մեշոկ, բացեն, սողոսկեն մեջը, որ քնած ժամանակ ինչքան էլ ոտքերը վերեւ-ներքեւ անեն՝ մեջքը չբացվի: Սրբիչ երեսի, սրբիչ ոտքի, կովրիկներ, որ ոտքերը հանեն՝ մերկ գետնին չկանգնեն, էս էլ իրանց տապչկեքն ա»:
Կրակելու հմտությունը կուրսանտները սովորում են «Բալահովիտ» ուսումնական կենտրոնում: Ինստիտուտն ունի մեկ նորակառույց մասնաշենք, որը դեռ չի հանձնվել շահագործման: Նորոգման փուլում է նաեւ լողավազանը:
Ընտրած գործը Հայրենիքի պաշտպանությունն է
«Ինստիտուտի խստությունը բանակային է, իսկ պայմանները՝ տնային»,- ասում են կուրսանտները: Մայրերի կարծիքով՝ էնքանով ա լավ, որ բանակ չի: Ի դեպ, ննջարանում կուրսանտների հետ ապրում են ակվարիումային ձկներն ու թութակները: Դրանց կյանքի եւ առողջության համար, ինչպես նաեւ՝ դեկորատիվ ծաղիկներին հետեւելու համար պարբերաբար հերթապահող կուրսանտ է ընտրվում: Տղաների մեծ մասը Հայաստանի մարզերից է: Նրանք միանման բառերով են նկարագրում իրենց առօրյան ու գոհունակությունը, պնդում, որ սպասելիքներն արդարացվել են: «Մեր ընտրած գործը Հայրենիքի պաշտպանությունն է, եւ ինձ համար հաճույք է այստեղ սովորելը»,- ասում է 17-ամյա կուրսանտ Պավելն Արմավիրից:
Որպես էքսկուրսիայի գեղեցիկ վերջաբան՝ կապիտան Ղազարյանն ուղեկցեց ինձ դեպի թանգարան, որտեղ հատուկ խնամքով պահվում են Մեծ Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմներին մասնակցած զենքերը եւ զոհված հերոսների մասունքները՝ Մոնթե Մելքոնյանի հագուստը, վերջին նամակներն ու «Վիլիս»-ի առաջնամասը, թուրքերից բռնագրավված զենքեր, ղարաբաղցի մի կնոջ ինքնաշեն՝ «մեխով ու շուռուպով» հրացանը: Թանգարանի հպարտության առարկա էր նաեւ ծովակալ Իսակովի հեռուստացույցը, որի 50-ամյակը նշվելու է մյուս տարի: