ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, մարզպետեր Աշոտ Ղահրամանյանի եւ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին շրջել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի երկայնքով` ծանոթանալով Բերքաշատ, Գետաշեն, Ջանֆիդա եւ Մարգարա համայնքների տարածքում Արաքսի ափի վրա կատարվող աշխատանքներին: Նա եղել է նաեւ Արարատ եւ Արմավիր մարզերում: Արաքսի ափապաշտպան աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1մլրդ դրամ, 500 մլն` Ազատ եւ Վեդի գետերի, 500 միլիոնից ավելի` Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Գավառ գետերի հուների մաքրման համար: Ս. Սարգսյանի խոսքերով` սրանք կարճ ժամանակում կառավարության կողմից ուղղված միջոցներ են, որոնք «միտված են պատճառները կանխելուն եւ ոչ թե հետեւանքները վերացնելուն»: Կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանն այցի ընթացքում այս խնդիրների շուրջ զրուցել է նաեւ գյուղացիների հետ, քանի որ, ըստ նրա, ի վերջո գյուղացիներն են շահառուները եւ իրենք էլ պետք է շահագրգիռ լինեն հետեւել շինարարների աշխատանքին, գումարների արդյունավետ ծախսմանը: «Գումար հատկացնելը միայն աշխատանքի սկիզբն է, դրանից հետո պետք է հետեւել, որպեսզի այդ գումարները ծախսվեն արդյունավետ եւ տեղին»,- ասել է Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ աշխատանքները պետք է կատարվեն որակով, որպեսզի ամեն տարի նույն խնդրի համար միջոցներ չտրամադրվեն եւ յուրաքանչյուր տարի որեւէ գործ կատարելով` հնարավոր լինի հասնել նրան, երբ արդեն բոլոր խնդիրները լուծված կլինեն: Ավելի լավ է մեծ գումար հատկացնելով լուծել խնդիրը, քան ամեն տարի որոշակի միջոցներով անարդյունավետ աշխատանք կատարել: Գյուղացիները Ս. Սարգսյանին տեղեկացրել են, որ հեղեղումներից ամբողջությամբ տուժում էին ցանքատարածքները: Նշենք, որ Արմավիրի մարզում այս տարի Արաքսի գարնանային վարարումներից հիմնականում տուժել էին Արազափ եւ Մարգարա գյուղերը: Մարզում Արաքս գետի` մոտ 70 կմ երկայնքով կատարվում են ափապաշտպան աշխատանքներ: