Աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աճառյանի «գործով» զբաղվում էր անձամբ Հայաստանի ՆԿՎԴ-ի պետ Մուղդուսին: Նախաքննությունն ավարտելուց հետո նա գիտնականի առաջ դրեց պատրաստի արձանագրությունը:
– Հրաժարվում եմ ստորագրել,- շշնջաց անքնությունից բորոբոքված աչքերով եւ անտանելի գլխացավից տառապող Աճառյանը:
– Իսկ գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպասում,- քմծիծաղ տվեց հայկական «Բերիան»:
– Գիտեմ, բայց չեմ կարող,- եղավ պատասխանը:
– Ինչո՞ւ,- Մուղդուսին սկսեց կորցնել համբերությունը:
– Որովհետեւ արձանագրության մեջ ինձ վիրավորող մի խոշոր անճշտություն կա:
– Ի՞նչ անճշտություն:
– Բացատրեմ,- հանգիստ պատասխանեց գիտնականը: -Ելնելով իմ լեզուների իմացությունից դուք գրում եք, որ ես հանդիսանում եմ անգլիական, ֆրանսիական, գերմանական, իտալական, ճապոնական եւ,- այստեղ նա պաուզա տվեց,- … թուրքական, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների հատուկ ծառայությունների գործակալ: Այդ բոլորը ես ընդունում են: Ավելին, ես տիրապետում եմ եւս մի քանի տասնյակ կենդանի եւ մեռած լեզուների, այնպես որ, հանգիստ կարող եք ավելացնել այդ լեզվով խոսող երկրների հատուկ ծառայությունները նույնպես: Սրա հետ եւս ես համաձայն եմ: Բայց, կրկնում եմ, արձանագրության մեջ կա մի մեծ անճշտություն:
– Ի՞նչ անճշտություն,- այս անգամ գոռաց Մուղդուսին:
– Ես թուրքական լրտես չեմ: Հանեք այդ մեղադրանքը, կստորագրեմ արձանագրությունը,- եղավ Աճառյանի կտրուկ պատասխանը:
Դժվար է ասել, թե ինչով է վերջացել այս բերնեբերան անցած եւ մեզ հասած պատմությունը: Բարեբախտաբար, միջազգային համբավ ունեցող գիտնականների միջնորդությանը ընդառաջելով` Ստալինը շուտով հրամայեց ազատել Աճառյանին Չեկայի զնդանից:
…Մեծ գիտնականի մտքով իսկ կանցնե՞ր արդյոք, որ յոթանասուն տարի անց, արդեն ազատ եւ անկախ Հայաստանում, նախագահական ընտրությունների ժամանակ իշխանամետ լրատվամիջոցների ցավագար երեւակայությունը կարող էր բորբոքվել այն աստիճան, որ մեկ այլ, նույնպես մեծ գիտնականի թուրքերենի իմացությունը համարվեր ազգադավ հատկանիշ եւ նրան համարյա մեղսագրվեր ազգային դավաճանություն: Եվ այն էլ՝ ո՞ւմ: Հայաստանի առաջին նախագահին, որը հռչակել է 600 տարի սպասված անկախությունը: Եվ ինչի՞ համար, ի՞նչ մոտիվացիայով: Նրա համար, որ նա համարձակվել է մասնակցել նախագահական ընտրություններին` երկիրը ճգնաժամից հանելու մտահոգությամբ: Այսպես, ո՛չ ավել, ո՛չ պակաս: Նման քաղաքական իդիոտիզմ եւ պրոպագանդիստական կրետինիզմ նոր պատմությունը հաստատ չէր տեսել: Բռավո՜…
Բայց, պարոնայք, դուք մոռանում եք մի շատ կարեւոր հանցանշան եւս. այն, որ մի շարք լեզուների կողքին Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտե նաեւ ասորերեն: Միգուցե հարցազրույց ունենաք նրա հետ եւ խնդրեք պատմել ասորական հետախուզության եւ հակահետախուզության կառուցվածքի, գործելակերպի եւ խնդիրների մասին: Ո՞վ է իմանում, մեկ էլ տեսաք՝ պետք եկավ ձեր հետագա շանթահարող, դարակազմիկ հոդվածների համար:
Մի՞թե իսկապես ժամանակը սկսել է շառավղից դուրս սայթաքել: Միգուցե: Բայց հաստատ այս ռեժիմը չէ, որ այն պետք է շտկի…