Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը, որը տարիներ առաջ բացվել էր գրեթե անճեղքելի թվացող գրաքննության ու սոցռեալիզմի գեղագիտության պայմաններում, այսօր շարունակում է գործել շատ ավելի փոքր թանգարանային տարածքում` փորձելով վերականգնել երբեմնի խանդավառությունը: Թանգարանի նախկին շենքը վաճառվել է, եւ շուտով այնտեղ առեւտրի
կենտրոն է բացվելու:
Իսկ բուն թանգարանը տեղափոխվել է հարեւանությամբ գտնվող կցորդ-շինություն, որտեղ 2007 թվականի սեպտեմբերին մշտական ցուցադրություն բացվեց: Իսկ երկու օր առաջ բացվեց նաեւ «Գործ պատի ետեւում» խորագիրը կրող նոր ցուցադրությունը, որի համադրող արվեստաբան Լիլիթ Սարգսյանը համոզված է, որ «ֆիզիկական տարածքի նկատմամբ տնտեսական շահերը կարող են ճակատագրական լինել այս կամ այն հաստատության, ուստի եւ` ժամանակակից արվեստի համար»: Տարածքները միշտ էլ կոնկրետ գին են ունենում, իսկ արվեստի գործերի արժեքը որոշելու համար շատ բաներ են հարկավոր, որոնց թվում է նաեւ` ցուցադրվելու համար տարածքի առկայությունը: Ժամանակակից արվեստի թանգարանի եւ Ազգային գեղագիտական կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանն ասաց, որ իրենց թանգարանը 1000 քմ է կորցրել եւ կարողացել է ետ բերել 500 քմ-ն: Ինչպե՞ս է կորցրել, դա այսօր արդեն կարեւոր չէ, քանի որ գործարքն արդեն կատարված փաստ է: Իսկ թանգարանի նոր տարածքը Երեւանի գլխավոր` Մաշտոցի պողոտայի կողմից մուտք չունի, այցելուներին հարթ պատ է դիմավորում: Պատի գաղափարն ուղղակիորեն դնելով ցուցահանդեսի վերնագրում` ցուցադրության համադրողը ցանկանում է ուշադրություն հրավիրել նաեւ այլաբանական «պատերի», «լուսանցքների», «խորշերի», «մայրուղիների», «անդունդների», «ստորգետնյա հոսանքների» հասկացողությունների վրա: Պատը դարձել է նոր թանգարանի ճարտարապետական տարրը, սակայն թանգարանը ցանկանում է թույլ չտալ, որ այդ պատն «անառիկ պատնեշի» վերածվի: Եվ այդպիսով ցուցադրում է այն նկարիչների աշխատանքները, որոնք ունակ են քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս պատի ետեւում գտնվող ժամանակակից արվեստը հասարակությանը հասու դարձնել: «Գործ պատի ետեւում» ցուցահանդեսին մասնակցում են Արա Պետրոսյանը, Արմինե Հովհաննիսյանը, Գարիկ Ենգիբարյանը, Կարեն Օհանյանը, Սամվել Վանոյանը, Մերի Մունը, Օֆելյա Զաքարյանը: Իսկ ավելի հասուն սերնդի նկարիչներ Նարինե Զոլյանն ուՀարություն Զուլումյանը ներկայացրել էին տասը տարի առաջ ստեղծված ու անընդհատ համալրվող տառերի, նշանների ու խորհրդանիշերի նախաիմաստը որոնող իրենց համատեղ նախագիծը, որը, կտավներից բացի, ինտերակտիվ խաղ ու ֆիգուրներով լի գիրք է ներառում: Պատի ետեւում շատ բան կարող է թաքնված լինել, եւ այս ցուցադրությունը փորձում է նեղ ու փոքր թանգարանային տարածքում ներկայացնել մի քանի նոր հայացք:
Արվեստը այլեւս ընդհատակում չէ, սակայն այն ավելի բարդ խնդրի` գումարի պակասի ու արվեստագետներին նկատելու խնդրի առջեւ է կանգնել: Հ. Իգիթյանը համոզված է, որ նկարիչներից ցուցադրվելու համար փող վերցնել չի կարելի, ընդհակառակը` նրանց է պետք փող տալ: Լ. Սարգսյանն էլ վստահ է, որ հիմա շատ արդիական է մեկենասության խնդիրը: «Հովանավորչությունն ու մեկենասությունը տարբեր բաներ են: Հիմա արվեստի մեկենասներ չկան: Իսկ երբ արդիական արվեստը սատարողներ չի ունենում, այն սահմանափակվում է եւ կանգնում է մենաշնորհի վերածվելու վտանգի առաջ»,- ասաց նա: Արվեստի մենաշնորհն իսկապես վտանգավոր է դառնում, երբ ընտրությունը կատարում են միեւնույն մարդիկ: Այս ցուցադրության հեղինակն ուրախ է, որ ցուցադրվող նկարիչների ընտրությունն ու ցուցահանդես կազմակերպելու համար անհրաժեշտ գումար նա ձեռք է բերել առանց որեւէ կողմնակալ պարտադրանքի: Ցուցահանդեսի բացմանը ներկա՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով վաղուց արդեն իր դպրոցում արվեստի դասաժամեր է բացել եւ կիրառում է վառ արվեստագետներին հրավիրելու պրակտիկան, ասաց. «Հանրակրթական տարածքը դատարկ է առանց արվեստի»: Ինչ էլ որ ասենք, փաստ է, որ տարածքն առաջնային է: Եվ որքան այն մեծ է ու լուսավոր, այնքան ավելի լավ է: