Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին թեկնածուի առաջադրման հայտ որեւէ մեկը դեռ չի ներկայացրել: Մինչդեռ քաղաքական հինգ գործիչներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ու «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն դիմել են Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքներ ստանալու նպատակով: Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության` վերոնշյալ հինգ անձինք կարող են մասնակցել ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը, քանզի որեւէ խնդիր չունեն: Ի տարբերություն վերոնշյալ նախագահացուների, նման խնդիր ունի իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն ունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում` Հայաստանի քաղաքացիության ժամկետը վերանայելու վերաբերյալ դիմումը երեկ Ռոբերտ Քոչարյանը մերժել է: Այնպես որ, Ր. Հովհաննիսյանն այսօրվանից պետք է կողմնորոշվի, թե ում կողքին կանգնի առաջիկա նախագահական ընտրություններին: Հուսով ենք, նա իր ընտրազանգվածին վերջին պահին կոչ չի անի քվեարկել «խղճի մտոք», ինչպես սովորաբար անում է ԱԺ-ում կարեւորագույն օրինագծեր ընդունելուց րոպեներ առաջ: