Մարտի 24-ին Դատապարտյալների հիվանդանոցում բաց դռների օր էր: Կալանավորների հարազատները տեսակցության էին եկել: «Էս դռները պիտի մեր համար բաց լինեի՞ն»,- դաժան ճակատագրից բողոքում էին տեսակցության եկած կալանավորների ծնողները: Կարոտագին գրկախառնության ու համբույրի փոխարեն՝ որդիների հետ զրուցում են բժշկական դիմակներ հագած, որովհետեւ դատապարտյալներն այստեղ բուժվում են տուբերկուլյոզից: Հիմա հիվանդանոցում 48 կալանավոր կա, որոնցից վեցը դեղակայուն տեսակի տուբերկուլյոզ ունի: Ազատազրկման վայրերում պարբերաբար հետազոտություններ են կատարվում, հիվանդ կալանավորներին տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց, որը գործում է 2002 թվականից: Քրոնիկ հիվանդներից ոմանք բաժանմունքի բացվելու օրից են այստեղ: Դրանք հենց այն ծանր դեպքերն են, երբ բժիշկներն արդեն անկարող են որեւէ կերպ օգնել հիվանդին: 35-ամյա Հայկը նրանց թվում չէ: Գառնի գյուղից է, դատվել էր սպանության համար: «Դե, իրար չհասկացանք, ինքն էլ խմած էր, բռնել բաց չէր թողում: Դանակով, ասեցի, ծակեմ, բաց թողնի՝ սիրտը մտավ… Մեղք էր: Էղածն էլ 5000 դրամի համար»: 2000թ. փետրվարյան այս դեպքից հետո վերջին՝ վեցերորդ տարին էր գլորում բանտում, երբ հայտնաբերեցին, որ տուբերկուլյոզով հիվանդ է: Բանտային ծմակի, մթի ու աղքատ սննդի պայմաններում տուբերկուլյոզը գլուխ է բարձրացնում: «Գաղութից բերեցին ստեղ, արդեն երեք ամիս ա, բուժվում եմ, չորս կիլո քաշս ավելացել ա»,- պարծենում է Հայկը:
Դատապարտյալների հիվանդանոցը կառուցել եւ ֆինանսավորում է Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): Յուրաքանչյուր հիվանդի միայն դեղորայքի ծախսն այս հիվանդանոցում 70-100 դոլար է: Լիովին ապաքինվում է հիվանդների 87-90%-ը, որը բավականին բարձր ցուցանիշ է: Հատուկ կալորիականությամբ սնունդը՝ միս, կարագ, կաթ, տրվում է օրը երեք անգամ: Առանց պատշաճ սննդի ուժեղ հակատուբերկուլյոզային դեղամիջոցն արդյունավետ չի կարող լինել: Հիվանդասենյակում մնում են մի քանի հոգով: Այստեղ միայն տղամարդիկ են: Կին դատապարտյալ-հիվանդներին բուժում են Աբովյան քաղաքի տուբդիսպանսերում: Հայկն ասում է, որ իրենց՝ դատապարտյալներին, էստեղ լավ են «նայում», լավ են վերաբերվում, իրենք էլ ավելի շուտ իրենց զգում են հիվանդ, ոչ թե հանցագործ: Ի դեպ, անցած տարի հիվանդանոցից փախուստի փորձ էր կատարվել: Ու թեեւ այդ դասալիքն արդեն բուժվել եւ ազատվել է կալանքից, այստեղ նրա մասին դեռ հիշում են: «Բայց դա բուժման հետ կապ չունի, ինչ-որ անձնական գործով էր ուզեցել դուրս գալ»,- ասում է Տուբերկուլյոզային բաժնի պետ Էմիլ Մարտիրոսյանը, որը ճանաչում է գրեթե բոլոր դատապարտյալներին: Դատապարտյալների հիվանդանոցում բաց դռների օրվա կապակցությամբ հավաքված լրագրողներիս կալանավոր հիվանդները, բնականաբար, ասում էին, որ գոհ են իրենց բուժումից ու հատկապես սննդից, որը բաժանվում է յուրաքանչյուրին իր հիվանդասենյակում: Բաղնիքի անտանելի քլորահոտը աչք էր կուրացնում: Բայց փոխարենը՝ շուրջօրյա տաք ջրամատակարարումը ցանկացած ժամի հասանելի է: Առավոտյան 7-ից մինչեւ «ատբոյը»՝ գիշերվա 11-ը, կարելի է զբոսնել հիվանդանոցի տարածքում, թույլ տալ, որ մաքուր օդն ու արեւը թափանցեն օրգանիզմ:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ Կարմիր Խաչը նվերներ էր պատրաստել հիվանդների համար: Արկղերի պարունակությունն էր՝ ներքնաշոր, սրբիչ, օճառ, շամպուն, ածելի, խոզանակ եւ այլն: Կալանավորներն ամաչում էին նվերները վերցնել օտար մարդկանց՝ լրագրողներիս ներկայությամբ: Նվերները տեղ հասցնողը Հայկն էր՝ փոքրամարմին, բայց շատ աշխույժ, բժիշկների ու բուժքույրերի աջ ձեռքը. «Ես ստեղ բժիշկներին օգնում եմ, բան-ման տեղափոխել ա, տանել-բերել ա»: Մի քանի ամսից Հայկի ազատազրկման ժամկետը լրանալու է: Հարցնում եմ՝ Հայկ, ի՞նչ ես անելու, որ դուրս գաս: «Դե, հըլը դուրս գամ, կերեւա էլի: Կամուսնանամ երեւի: Մինչեւ հիմա ինչով զբաղվել եմ, էլի դրանով եմ զբաղվելու: Գյուղի տղա եմ՝ հող կմշակեմ, միրգ կաճացնեմ, կտանեմ քաղաք կծախեմ: Բիրիքով էլ են գալիս տանում մեկ-մեկ»:
Հայկին տեսակցության է եկել մայրը: Պայուսակներից լուռ հանում է «պերեդաչան» ու շարում բուժքրոջ կաբինետի սեղանին: Տիկին Սաթիկին ուղղված տղայի մասին պատմելու խնդրանքներն ապարդյուն էին. «Թող ինքը պատմի, ես էլ չեմ ուզում հիշեմ»: Մայրն անհամբեր սպասում է որդու ազատ արձակվելուն, որ ընդմիշտ մոռացվեն նրա կենսագրության կորած ու ամոթալի տարիները: