Ինքնակազմաքանդվողների կյանքից

27/11/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարել էր, թե, օրինակ, իր թիմն Արշակ Սադոյանն է, ու ցանկություն էր հայտնել տեղեկանալ այլ թեկնածուների թիմի մասին:

Չգիտենք` Վ. Մանուկյանը բավարարե՞ց իր այդ հետաքրքրությունները, թե՞ ոչ, սակայն լրագրողները երեկ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել պարոն Մանուկյանի «թիմին». իր քաղաքական կենսագրության ողջ շրջանում ընդդիմադիրի կերպարով հասարակությանը հայտնի Արշակ Սադոյանը երեկ հյուրընկալվել էր «Տեսակետ» ակումբում: Ասուլիսը լուսաբանելու նպատակով այդ ակումբ ժամանած լրագրողներն ու ակումբի մյուս հյուրը՝ «Ազգային վերածնունդ» անունով, դեռեւս գոյություն ունեցող կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը որոշ ժամանակ սպասում էին պարոն Մանուկյանի թիմին: Իսկ «թիմը» հայտնվել էր ճանապարհատրանսպորտային խցանման մեջ: Հենց այդ պատճառով էլ ուշանում էր: Սակայն նման «թիմի» համար դժվար լուծելի հարցեր չկան. խցանումները հաղթահարելու գործում վարպետացած Արշակ Սադոյանից ընդամենը մոտ 20 րոպե էր պահանջվել այդ ապազգային խցանման հարուցած խոչընդոտները չեզոքացնելու համար: Եվ ահա, մեքենաների կուտակումից առաջացած վերոնշյալ խցանումը հաղթահարելու գործընթացի «հաղթական» ավարտից հետո մեկնարկած ասուլիսում «թիմը» միավորման կոչով դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանին ու ՀՀ նախագահի մյուս բոլոր թեկնածուներին: Ա. Սադոյանն առաջարկում էր ոչ թե միավորվել Վ. Մանուկյանի շուրջ, այլ միավորվել՝ ընտրությունների արդյունքների կեղծումը թույլ չտալու համար: Սակայն այդ նպատակի իրականացման ոչ մի կոնկրետ առաջարկ այդպես էլ չներկայացվեց: «Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, մյուսներ, եթե դուք իսկապես ուզում եք գործիք լինել այս երկրի ապագան կերտելու համար, եւ քանի որ նույնը ուզում ենք մենք, եկեք, հարգելի գործիքներ, թույլ տվեք ձեզ օգտագործել, որպեսզի ընտրությունները Հայաստանում հնարավորին չափ չկեղծվեն: Թույլ տվեք, որ մենք կարողանանք համատեղ ստեղծել 1923 ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքի վերահսկման խմբեր, կազմված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, ովքեր ուզում են ազատ եւ արդար ընտրություններ»,- կոչ արեց Արշակ Սադոյանը: Ստացվում է, որ եթե մինչ օրս Վ. Մանուկյանի «թիմն» ընտրությունների ընթացքի վերահսկման խմբեր ստեղծելու իր մտադրությունն իրականացնելու ուղղությամբ ոչ մի քայլ անգամ չի արել, դա նրանից է, որ նախագահի որոշ թեկնածուներ դա թույլ չեն տալիս: Հուսանք, որ այս կոչից հետո թույլ կտան: Իսկ մինչ այդ Ա. Սադոյանը երեկ կրկնեց իր հայտնի «թեզերից» մեկը: Չէ, խոսքը «բիլակավորների խմբեր» ստեղծելու մասին չէ: Ոչ էլ «լափված մազութի» մասին է: Խոսքն արեւմտյան կառույցներին ուղղված կոչի մասին է: Նա այդ կառույցներին կոչ է արել օգնել, որպեսզի Հայաստանում ընդդիմության համար օրական մեկ ժամանոց հեռուստաեթեր ապահովվի: Պարոն Սադոյանն այդ հաղորդման անունն էլ է որոշել. «Ժողովրդավարության ժամ»: Մինչ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կմտածի պարոն Սադոյանի առաջարկի մասին, մենք անդրադառնանք ակումբի մյուս հյուրի՝ պարոն Բազեյանի տեսակետներին: Երբեմնի բռնցքամարտիկն առաջիկա մի քանի օրերին խիստ զբաղված է լինելու ներկուսակցական հարցերով: Հավանաբար դեկտեմբերի 5-ին կկայանա Ա. Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության վերջին համագումարը, որտեղ կհայտարարվի, որ կուսակցությունն ինքնակազմաքանդվում է ու միանում «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությանը» (ՀՌԱԿ): Ինչպես հայտնի է, այսօր իր ինքնակազմաքանդվելու մասին կհայտարարի նաեւ Սամվել Բաբայանի «Դաշինքը»: Այս կուսակցությունը եւս հիշատակված գործողությունից հետո տարրալուծվելու է ՀՌԱԿ-ի մեջ: Իսկ թե նախագահի ո՞ր թեկնածուին է սատարելու նորացված ՀՌԱԿ-ը, Ա. Բազեյանը երեկ չասաց: Սակայն ասաց, որ կսատարեն այն թեկնածուին, ում կորոշի նորացված ՀՌԱԿ-ի մեծամասնությունը: Նորացված ՀՌԱԿ-ի առաջին համագումարը կկայանա հավանաբար հունվար ամսին: Մինչ այդ տարբեր կարծիքներ են հնչում հնարավոր թեկնածուներին սատարելու մասին: Ա. Բազեյանը չի թաքցնում իր համակրանքը Վ. Մանուկյանի նկատմամբ, Ս. Բաբայանն էլ թափանցիկ ակնարկներ է անում Սերժ Սարգսյանի թեկնածության հետ կապված: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելն, ըստ Ալբերտ Բազեյանի, չի բացառվում, սակայն նրա հետագա խոսքը կարծեք թե գալիս է արդարանալու, թե ինչու իրենք չեն սատարելու առաջին նախագահին: Որովհետեւ, ինչպես վստահեցնում է Ա. Բազեյանը, իր համար անընդունելի են առաջին նախագահի մոտեցումներն Արցախի խնդրի հետ կապված, եւ ավելի հոգեհարազատ է նույն խնդրի մասին Վազգեն Մանուկյանի տեսակետը: Այս վերջին տեսակետի մասին երեւի միայն պարոն Բազեյանը գիտի: