Նախընտրական քաղաքական դաշտը դեռ չի ձեւավորվել

27/11/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ռուսաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի նման նախագահի թեկնածու չկա,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: -Ես չեմ կարծում, թե ամբողջ Ռուսաստանում չի գտնվի մի մարդ, ով իր ընդունակություններով, հնարավորություններով չի կարողանա լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի նման, պարզապես Ռուսաստանում քաղաքականությունն այլ ռեժիմով է կառուցված»:

Լրագրողներին նաեւ հետաքրքրեց, թե կա՞ն արդյոք նմանություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքական զարգացումների միջեւ: Այն առումով, որ մեր երկրում Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, թե սատարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, շատ չանցած հարկային ու ոստիկանության աշխատակիցները մեծածավալ ստուգումներ անցկացրեցին Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններում: Այնպիսի ստուգումներ ծավալեցին, որ Սուքիասյանների «Բջնի» գործարանի աշխատանքները կազմալուծվեցին: Վրաստանում օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին հայտարարեց, թե սատարում է ընդդիմությանը, եւ այսօր նա փախել է Լոնդոն ու գտնվում է հետախուզման մեջ: «Ո՛չ, նրանք էլ տարբեր են,- գտնում է Ա. Իսկանդարյանը: -Ռուսաստանում պարզապես նման գործարար չկա: Խոդորկովսկին բանտում է, Բերեզովսկին հետախուզման մեջ է: Մենք ուրիշ ենք: Տարբեր իրավիճակում ենք: Ռուսաստանում չկա այդպիսի թեկնածու, եւ չկա այդպիսի օլիգարխ, որ կանգնի հարթակին եւ պաշտպանի ընդդիմադիր թեկնածուին»:

Իսկ ո՞վ է լինելու ընդդիմության թեկնածուն, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Երկրորդ բանախոսը՝ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ընդդիմության միասնական թեկնածուն լինելու է ՀՀ առաջին նախագահը, եւ բոլորովին էլ այն կարծիքին չէ, թե առաջիկա նախագահական ընտրություններին քաղաքական դաշտում լինելու են երկու բեւեռ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կլինի երրորդ բեւեռը,- ասում է Է. Շարմազանովը: – Չի բացառվում եւ ամենայն հավանականությամբ ընդդիմության երկրորդ բեւեռը կլինի ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ Վազգեն Մանուկյանը կամ Արթուր Բաղդասարյանը, կամ էլ մեկ այլ թեկնածու: Այսօր պարզապես մեծ սենսացիա է, որ 10 տարի հետո առաջին նախագահը խոսեց, եւ բոլորը ուշադրությամբ լսում են նրա քաղաքական մտքերը: Բայց կարծում եմ, որ քանի դեռ չի սկսվել նախընտրական պրոցեսը, դեռ վաղ է խոսել, թե ով կլինի ընդդիմության թեկնածուն: Որովհետեւ երբ ասում են՝ ընդդիմության թեկնածու, բոլորը ենթագիտակցորեն հասկանում են Լ. Տեր-Պետրոսյանին: Բայց ես չեմ կարծում, թե պետք է թերագնահատել այս կամ այն քաղաքական գործչին, որովհետեւ, այդ գործիչներն, ի տարբերություն առաջին նախագահի, այս 10 տարիներին քաղաքական դաշտում էին»:

Է. Շարմազանովի այս կարծիքը կիսում են նաեւ իշխանամետ մյուս գործիչները: Եվ քաղաքական տարբեր գործիչներ հաճախ են հայտարարում, թե առաջին նախագահը երկրորդ թեկնածու լինելու համար բավարար վարկանիշ չունի: Հեռուստաընկերություններն ու ամենատարբեր մասշտաբի սոցիոլոգներն էլ ժամանակ առ ժամանակ վարկանիշային ինչ-որ հետազոտությունների արդյունքներ են հրապարակում, որտեղ իրար փոխարինելով երկրորդ թեկնածուի տեղը գրավում են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը: Լ. Տեր-Պետրոսյանն այդ հետազոտություններում միշտ հայտնվում է վերջին տեղերում, թեպետ, ինչպես Է. Շարմազանովն է ասում, «երբ ասում են՝ ընդդիմության թեկնածու, բոլորը ենթագիտակցորեն հասկանում են Լ. Տեր-Պետրոսյանին»: Հարց է ծագում, արդյոք այս քաղաքականությունը, այն, որ նախագահական ընտրությունների երկրորդ հիմնական թեկնածու կարող են լինել Վ. Մանուկյանը կամ Ա. Բաղդասարյանը, հենց իշխանությունների կողմից նետված գաղափար չէ՞: Բնականաբար, ՀՀԿ-ական Է. Շարմազանովը չի կիսում այս տեսակետը, իսկ քաղաքագետ Ա. Իսկանդարյանը, թեպետեւ համաձայն է, որ ընդդիմության թեկնածուները կլինեն երկուսից ավելին, սակայն վստահ է, որ հիմնական պայքարը կծավալվի Ս. Սարգսյանի եւ Լ.Տեր-Պետրոսյանի միջեւ: Քաղաքագետի կարծիքով՝ երրորդ ուժի ձեւավորումը կարող է օգտակար լինել իշխանության համար: Իսկ հետխորհրդային մյուս հանրապետությունների օրինակով Հայաստանում հնարավո՞ր է արդյոք գունավոր կամ այլ տիպի հեղափոխություն: Քաղաքագետ Ա. Իսկանդարյանն այս հարցին չի կարող պատասխանել: Դեռ վաղ է: Դեռ նախագահի բոլոր թեկնածուները հայտնի չեն, դեռ նախընտրական քարոզարշավը չի սկսվել, դեռ քաղաքական գործիչների կամ կուսակցությունների հնարավոր համագործակցությունները չեն ուրվագծվել, եւ դեռ հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեն ուժերը:

«Գունավոր հեղափոխությունը տեխնոլոգիա է, որը կիրառվում է ընտրական գործընթացներից հետո ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքական ուժերի կողմից,- ասում է Ա. Իսկանդարյանը: -Հայաստանում, սակայն, դեռ վաղ է խոսել նման գործընթացների մասին: Դեռ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել: Չի կարելի ասել, թե հետընտրական գործընթացների արդյունքում ի՞նչ կկատարվի»: Իսկ Է. Շարմազանովը համոզված է, որ Հայաստանում ոչ մի տիպի հեղափոխություն եւ հեղաշրջում չի կարող լինել. «Հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանում իրականացվում է բարեփոխումների միջոցով կյանքի որակի բարելավում,- ասում է Է. Շարմազանովը: – Դա հնարավոր չէ մի քանի պատճառներով՝ հեղափոխության համար անհրաժեշտ է, որպեսզի երկրում հեղափոխական իրավիճակ լինի: Իսկ այն երկրում, որտեղ տարեցտարի ընտրություններն ավելի ժողովրդավար են դառնում, չի կարող լինել հեղափոխական իրավիճակ: Իմ կարծիքով՝ Հայաստանում չի կարող լինել հեղափոխություն, չի կարող լինել հեղաշրջում, որովհետեւ դրա համար չկա հասարակական պահանջ»: