Իսկ դո՞ւ, սփյուռքահայ, վճարե՞լ ես գեներիտ հարկը

27/11/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հաջողությամբ ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական, 10-րդ հեռուստամարաթոնը: Հավաքված գումարը պետք է ուղղվի Տավուշի մարզի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի օժանդակությանը: Հասկանալի է, որ նման դրամահավաքներին խաղադրույքն արվում է ամենեւին ոչ հայաստանցիներիս վրա, եւ դա ակնհայտ էր նաեւ վազող տողի տեղեկատվությունից: Հայաստանյան գյուղերի «ամենաշռայլ» նվիրատվությունը 32 ԱՄՆ դոլար էր, տեղ-տեղ այն 16 դոլար էր, երբեմն էլ` 6: Անհամեմատ առատաձեռն էին սփյուռքահայերը: Գիտե՞ք, նման դրամահավաքների մեջ մի ֆալշ պահ կա. սփյուռքի մեր հայրենակիցներին մենք անուղղակի ներարկել ենք մեղքի զգացողություն. քանի որ իրենք Հայաստանում չեն ապրում, քանի որ բարեկեցիկ են, ազատ, չեն կորցրել մարդկային դիմագիծը, հետեւաբար նրանք, մարաթոն առ մարաթոն, պետք է վճարեն հայրենիքում չապրելու գինը եւ իրենց «գեների հարկը»: Առհասարակ, եթե նկատել եք, ցեղասպանության հետեւանքով Արեւմուտքում, Մերձավոր Արեւելքում կամ Եվրոպայում հայտնված սփյուռքահայերի պարագայում մենք` հայաստանցիներս, ֆինանսական օժանդակության ագրեսիվ ակնկալիքներ ունենք: Դաժան ճակատագրի բերումով Հայաստանում չապրելու, աղքատություն չճաշակելու համար այդ մարդիկ, հայաստանցիներիս ընկալումներով, պարտավոր են վճարել: Ընդ որում` կանխիկ եւ շատ:

Պատճառը, որ հայաստանյան գյուղերը թշվառ ու խեղճ վիճակում են, որ հայ գյուղացիների վրայից մաքրությամբ չի բուրում, որ գյուղը ջրագիծ չունի, ճանապարհները ցեխոտ են, դպրոցները՝ կիսաքանդ, ամենեւին այն չէ, որ սփյուռքահայ մեր քույրերն ու եղբայրները չեն շտապել կատարել իրենց հայրենասիրական ակտը եւ ժամանակին փող չեն ուղարկել: Պատճառը նախեւառաջ մեր ղեկավարների ոչ պրոֆեսիոնալիզմն է, ապաշնորհությունը, գումարների ոչ գրագետ տնօրինումը, մեզանում արմատացած քաղքենիությունն ու պետության փողերը գողանալու պահանջը: Եվ, որ ամենակարեւորն է՝ սրտացավ, հոգատար վերաբերմունքի պակասը: Եթե դրան ավելացնենք նաեւ մեր գյուղացիների խեղճությունը, ուժեղի նկատմամբ բնազդային վախը, իրենց իրավունքներին տեր չկանգնելու ավանդույթը, դարերից եկող պասիվությունը, համոզմունքը, որ իրենց փոխարեն իրենց տան ջրագիծը պետք է կառուցի ամերիկաբնակ, ասենք, Մարկոս Թիթիզյանը, որովհետեւ նա հարուստ է, պատկերը կամբողջանա:

Երբ մենք փորձում ենք սփյուռքահայ մեր հայրենակիցների մեջ անշեջ պահել հայրենասիրության, ավելի ստույգ` հայրենիքի հանդեպ ֆինանսական պարտավորվածության զգացումը, եկեք փորձենք ինքներս մեզ հարցնել` եթե դրամահավաք լիներ միայն հայաստանաբնակ հայերիս միջոցներով, որքա՞ն գումար կհավաքվեր: Կռահելը բարդ չէ: Եթե հայրենասեր ենք եւ մտահոգ գյուղական համայնքների խնդիրներով, երբ տեսնում ենք գյուղաբնակ երեխաների` անընդհատ զարմացած ու տխուր աչքերը, գյուղացի կանանց եւ տղամարդկանց, որոնք իրենց տարիքից երկու անգամ մեծ են երեւում, եւ դա մեզ հուզում է այն աստիճանի, որ մեր սփյուռքահայ հայրենակիցներին ենք դիմում` փող ստանալու ակնկալիքով, այդ դեպքում որտեղի՞ց են գերշահույթներ ստացող եւ շքեղ շենքեր կառուցող պետական չինովնիկները, իրենց ազատ ժամանակը ամենեւին ոչ գրադարաններում անցկացնող պատգամավորներն ու գործարարները, ռաբիս երգչին ռեստորանում կամ հարսանեկան խնջույքներին տասնյակ-հազարավոր դոլար տվող հարուստները, երիտասարդության օրը Դիմա Բիլանով իմաստավորող կուսակցականները:

Այն, որ մենք` հայաստանցիներս, սփյուռքահայերին ընդունում ենք վերապահումով, ինքներս էլ գիտենք: Սփյուռքը մենք ընկալում ենք որպես լոբբի եւ ֆինանսական միջոց (թերեւս պատահաբար չէր ընտրված հեռուստամարաթոնի խորհրդանիշ բուտաֆոր կովը. Սփյուռքը մեզ համար իրո՛ք կթու կով է): Եվ ընդամենը: Հակառակ դեպքում Հայաստանը` պատմական հայրենիքի մասին մի տխուր երազ լինելուց բացի, կփորձեր գրագետ քայլեր ձեռնարկել` Սփյուռքը չկորցնելու, սփյուռքահայերի համար հարազատ տուն ընկալվելու համար: Մենք բազմիցս ենք անդրադարձել դրա ամենացայտուն օրինակին, որ, օրինակ, Իրաքում բնակվող մեր հայրենակիցները նախընտրում են կա՛մ հնարավոր մահը որեւէ ահաբեկչի ռումբից, կա՛մ որեւէ երրորդ երկիր փախչելը եւ ոչ երբեք՝ Հայաստան, իրենց հայրենիք գալը:

Երբ որեւէ մեկն օգնում է իր երկրին ֆինանսապես, երբ նա իրեն պարտավորված է զգում եկեղեցի, ճանապարհ կամ որեւէ ջրատար նորոգել, անասելի կարեւոր գործ է անում: Հատկապես, երբ երկիրը, այս դեպքում` Հայաստանը եւ Ղարաբաղը ունեն դրա կարիքը: Սակայն մենք` հայաստանցիներիցս շատերը եւս կցանկանայինք հնարավորություն ունենալ խնայողություններ անել եւ այդ խնայողությունից 1000 կամ 5000 դոլար նվիրաբերել մեր հայրենիքին: Սակայն, վստահ ենք, շատուշատ հայրենասեր հայաստանցիներ այս մարաթոնին հեռուստացույցով հետեւում էին սոսկ որպես միջոցառման` առանց պարտավորված զգալու որեւէ ներդրում անել: Եվ պատճառն ամենեւին էլ ժլատությունը կամ պակաս հայրենասիրությունը չէ: Ինչո՞ւ օտար երկրում, ասենք՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, անգամ Ռուսաստանում ապրող հայը կարող է հարստանալ իր արդար քրտինքով, կարող է բարեկեցիկ, հետեւաբար՝ արժանապատիվ կյանքով ապրել, ավելին, օգնել մեկ ուրիշ իր ազգակցի, իսկ մենք մեր հայրենիքում` ոչ: Ի դեպ, հայրենասիրական պաթոսը հավերժական զգացողություն չէ, եւ 5000 դոլար տրամադրող սփյուռքահայն այդ հարցերը իրեն եւ, հնարավորության դեպքում, նաեւ հայաստանցիներիս է ուղղում: Շատ ամոթալի էր տանը նստած լսել, թե ինչպես է սփյուռքահայ մի ազնիվ երիտասարդ կամ որեւէ կրթարանի սան դիմում, թախանձում իր ընկերներին` լայն բացել քսակներն ու հնարավորինս շռայլ լինել, «քանի որ Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները չունին այդ հնարավորությունները»: Սփյուռքահայ բարերարներից մեկը, աչքերը զարմանքից շատ լայն բացած, սակայն նրբանկատության սահմանները չանցնելով` պատմում էր, թե ինչպես է իր միջոցներով ջրատար գործարկել այսինչ գյուղում, եւ, որ գործարկման առաջին վայրկյաններից ծորակներից հոսող անգամ ժանգոտ ջուրն են գյուղացիները կրել` ասելով` սա էլ է մեզ պետք, երբ մեկ ուրիշ սփյուռքահայ գործարար վստահ էր, որ եթե հայաստանցի գյուղացին կովերի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի` գոմում պատուհան ունենա, որից կովերին «կմատակարարվի» թարմ օդ` կաթնատվությունն ավելացնելով 20 տոկոսով, մեր պաշտոնյաները թերեւս պետք է կարմրեին: Ամեն դեպքում, երեկվա հեռուստամարաթոնը ցույց տվեց, թե որքան հայրենասեր, մեծահոգի եւ առատաձեռն են մեր սփյուռքահայ հայրենակիցները: Սակայն նրանց այդ հատկանիշներին հայաստանցիներս այլ որակում ենք տալիս` միամիտ: