ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները (ԲՊՏ) հունվար-հոկտեմբերին Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ (կենտրոնական եւ տարածքային լաբորատորիաների միջոցով) ստուգումներ են իրականացրել նաեւ մի շարք հանքավայրերից դուրս եկող հոսքաջրերում` հայտնաբերելով 295 խախտում:
Տեսչության գրասենյակից «Արմենպրեսին» հայտնել են, որ ստուգումների ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թթվածնի քիմիական կախույթների ու ամիակի սահմանային թույլատրելի նորմաների խախտումներ կան (6-12 անգամ) «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի պոչամբարի ջրերում, Հրազդան գետի` «Հաղթանակի» կամրջին հարող հատվածում, «Երեւան» ՀԷԿ-ում, «Լաստանավ» ՍՊԸ-ի խոզաբուծական ֆերմայում: «Թույլատրելիից ավելի խախտումներ» են արձանագրվել նաեւ «Ավշարի գինու» գործարանում, Մխչյան գյուղի «Նոր Կյուրի» խոզաբուծարանում, Վայոց Ձորի «Վորոնցով եւ որդիներ», «Ջերմուկ Գրուպ», «Ավետյան եւ ընկերներ», «Արտաշես Գնիշիկցի», «Արփա-1» եւ Երեւանի մի շարք կազմակերպությունների հոսքային եւ դրենաժային ջրերում:
Ըստ բնապահպանների` սահմանված նորմերից մի քանի անգամ ավելի աղբի չոր մնացորդներ, քլորիդ, ամոնիումի իոններ եւ թթվածնային կախույթներ են հայտնաբերվել նաեւ Երեւանի կենտրոնական մաքրման կայանից Հրազդան գետ թափվող արտադրական հոսքաջրերում, Ողջի, Արաքս, Որոտան գետերի տարբեր հատվածներում եւ Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատի պոչամբարում: Հայտնաբերված բոլոր խախտումների վերաբերյալ տեսչությունը կիրառել է համապատասխան պատժամիջոցներ: Բացի դրանից, կազմվել է վարչական տուգանքի 115 ակտ, որի համար գանձվել է 10,8 մլն դրամ եւ վնասի հատուցման 9 արձանագրություն` գանձվելով 20,2մլն դրամ:
Ըստ «Արմենպրեսի»` վերահսկողական աշխատանքներն ավարտման փուլում են «Բջնի հանքային ջրերի գործարան», «Դիլիջան», «Ֆրոլովա Բալկա», «Լոռի» («Վանաձոր») հանքային ջրերի ՓԲ ընկերություններում: Նշված ձեռնարկությունների հորատանցքերում, ՀՀ կառավարության որոշման համաձայն, շահագործողները սկսել են տեղադրել նոր ջրաչափիչ եւ ջրահաշվիչ սարքավորումներ: Նշված ժամանակահատվածում կարգաբերվել է նաեւ նախարարության էկոլոգիական շարժական լաբորատորիան: