Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը վերջին 10 ամիսների ընթացքում ստացել է 5044 դիմում-բողոք, որոնցից մոտ 320-ը դրական լուծում են ստացել: Բողոքները հիմնականում վերաբերել են նույն խնդիրներին` սեփականության իրավունք, արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներ եւ այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ իրենց մոտ ստացված բողոքների հիմնական մասը վերաբերում է Ոստիկանությանը: Առաջինը տեղում Ոստիկանությունն է, երկրորդ տեղում` դատարանները, հետո` Դատախազությունն ու Երեւանի քաղաքապետարանը: Ա. Հարությունյանի հավաստմամբ` անցած 10 ամիսների ընթացքում կտրուկ աճել է Ոստիկանության գործունեության վերաբերյալ ստացվող բողոքների թիվը: Նա մատնանշեց մի քանի դեպք, որոնք արձանագրվել են վերջին երկու ամիսների ընթացքում. «Դեպք ունենք Ոստիկանության Ապարանի բաժնի պետի հետ կապված, երբ նրան տույժ են ներկայացրել, իսկ աշխատողներից մեկին հեռացրել են աշխատանքից` իրենց պարտավորությունները պատշաճ չկատարելու համար: Դեպքեր ունենք Նուբարաշեն քրեակատարողականի հետ կապված, երբ Ոստիկանության Մաշտոցի բաժնից մարդու են տեղափոխել այնտեղ եւ ծեծի են ենթարկել: Դիմել ենք ոստիկանապետին, որպեսզի նա քննություն սկսի եւ մեղավորներին պատժի: Մեր արագ արձագանքման խմբի անդամները բողոք են ստացել Նարեկ Գալստյանից` նրան ծեծի ենթարկելու հետ կապված, եւ նույնպես բացատրություններ ենք պահանջել ոստիկանապետից: Մեր հերթական այցելությունների ժամանակ պարզվել է, որ Ոստիկանության Գավառի բաժնում մոտ 10 օր անհիմն պահել են մարդու: Սրանք հիմնական խնդիրներն են»,- ասաց Ա. Հարությունյանը: Վերջինիս ասելով, ի տարբերություն Ոստիկանության` դրական փոփոխություններ են նկատվում հատկապես քաղաքապետարանի մոտ: Բացի այդ, դատարաններն ու քաղաքապետարանն ունեն հատուկ ներկայացուցիչներ, որոնք աշխատում են իրենց գրասենյակի հետ: «Մարդիկ երկու-երեք սերունդ ապրում էին իրենց բնակարաններում, բայց չէին կարող սեփականատեր ճանաչվել: Հիմա քաղաքապետի որոշումը եղել է` նրանց սեփականատեր ճանաչելու: Նույնիսկ կառուցապատման դեպքում, երբ մարդկանց բնակարանները վերցնում են, եթե նրանք սեփականատեր են ճանաչվում, ապա հատուցումը լրիվ այլ մակարդակի վրա է լինում: Հատուցման հետ կապված նույնպես դիմումներ եղել են: Բողոքների հիման վրա եկանք այն եզրակացության, որ շատ ժամանակ հատուցված գինը շուկայականից ավելի ցածր է: Բայց հիմա քննարկվում է այն հարցը, որպեսզի մարդկանց մակերեսի դիմաց մակերես տան»:
Եթե նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը դժգոհ լինի ու բողոքի ալիք բարձրացնի, արդյոք օմբուդսմենը ժողովրդի կողքին կլինի՞, ինչպես Վրաստանում եղավ, թե՞ ոչ, եւ արդյոք մտավախություն չի՞ ունենա, որ իշխանություններն իր հետ կխոսեն կոմպրոմատների լեզվով. այս հարցին երեկ Ա. Հարությունյանը պատասխանեց, թե ինքը նման մտավախություն բացարձակապես չունի: Ավելին` նա ավելացրեց, որ չկա այնպիսի հասարակություն, որտեղ հակասություններ չլինեն. «Ժողովրդավարական երկրները տարբերվում են նրանով, որ այստեղ այդ հակասությունները լուծվում են հանդուրժողականության եւ երկխոսության հիման վրա: Եվ այն ծայրահեղականությունը, որը կարող է տեղի ունենալ, ոչ մի լավ բան չի հուշում: Այն կարող է բերել նրան, որ հանկարծ սկսի գործել բոլշեւիկյան սկզբունքը` ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է: Դա ամենավտանգավոր բանն է, եւ ես երբ խոսում եմ հանդուրժողականության մասին, դա վերաբերում է բոլորին` եւ՛ ընդդիմությանը, եւ՛ իշխանությանը` բոլոր քաղաքական ուժերին, որովհետեւ նրանք պատասխանատվություն են կրում, որպեսզի Հանրապետության բոլոր հարցերը լուծվեն հանդուրժողականության եւ երկխոսության հիման վրա: Իսկ եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստացվի, որ քաղաքացիների համատարած իրավունքներ ոտնահարվեն, իհարկե, օմբուդսմենը կլինի նրանց կողքին: Բայց բոլորը պետք է հստակ իմանան, որ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, մենք գործելու ենք իրավական դաշտում»:
Խոսելով մեր երկրում քաղաքացիական ազատության մասին` Ա. Հարությունյանն այն գնահատեց ոչ բավարար. «Ինձ համար քաղաքացիական ազատությունների հետ կապված երկու գնահատական կա` բավարար եւ անբավարար: Բավարար են շատ քիչ`այնպիսի զարգացած ժողովրդավարական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Շվեդիան: Զարմանալի կլիներ, որ Հայաստանն այսքան կարճ ժամանակահատվածում հասներ նրանց մակարդակին: Բայց զարգացման տենդենցը գնահատում եմ բավարար»,- ասաց նա: