Տուբերկուլյոզի դեպքերն Աբխազիայում

12/05/2005 Անահիտ ԳՈԳՈՐՅԱՆ, Աբխազիա

Ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից մահանում է 2 մլն մարդ, իսկ երկրագնդի բնակչության 1/3-ը վարակակիր է: Այս տվյալները բերվում են Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից:

Ցավոք, տուբերկուլյոզի խնդիրը կա նաեւ Աբխազիայում:

Մարտի 24-ին՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, իշխանությունների ու «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները, նաեւ՝ տեղի բժիշկները, հանդիպել էին Հանրապետական տուբերկուլյոզային դիսպանսերում՝ քննարկելու այս հիվանդության հետ կապված խնդիրները: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տարածքային համակարգող Գաել Ֆորը պատմեց, որ կազմակերպությունը Աբխազիայում իրականացնում է 16 հակատուբերկուլյոզային ծրագիր՝ համագործակցելով Առողջապահության նախարարության հետ: 2003թ. հանրապետությունում գրանցվել է հիվանդության 238 դեպք, 2004-ին՝ 228: Մարդկանց ոչ լուրջ վերաբերմունքը հիվանդության նկատմամբ հիմնականում բացատրվում է նրանց անտեղյակությամբ: Այդ պատճառով կազմակերպության ներկայացուցիչները բացատրական աշխատանք են տանում բնակչության շրջանում: Առողջապահության նախարարության խնդրանքով հակատուբերկուլյոզային ծրագիր է իրականացվում նաեւ Դրանդի քննչական մեկուսարանում: «Փարիզից ժամանած հանձնաժողովը դրական է գնահատել մեր աշխատանքն ու, ընդառաջելով մեր խնդրանքին, սկսել է պրեպարատներ տրամադրել զեղչ գներով»,- ասում է դիսպանսերի փոխտնօրեն Սեդա Գալստյանը: Նա հայտնեց նաեւ, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության համակարգողներից մեկը՝ Հայկ Կարագյոզյանը, մեկնել է Հայաստան՝ Աբխազիայի փորձն այնտեղ կիրառելու նպատակով: