ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի ստորագրությամբ ստացված նամակով մերժվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանի քաղաքացիության ժամկետը վերանայելու վերաբերյալ դիմումը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Հիմնավորման մեջ թվարկվում է այն հանգամանքը, որ այդ հրամանագրի արձակումը հիմնված է եղել 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ, որով արգելվել է՝ պահպանելով մի քաղաքացիություն, դառնալ մեկ այլ երկրի քաղաքացի: Կարծում եմ, մենք այստեղ գործ ունենք փաստերի աղավաղման հետ: Այնուհետեւ հղում է կատարվել դատական ատյանների ընդունած որոշումներին՝ նշելով, որ դրանք պահպանում են իրենց գործողության ուժը (խոսքը 2003 թվականի բողոքարկման մասին է)»,- ասել է Ս. Սաֆարյանը: Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 2001 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Հայաստանի առաջին արտգործնախարարն ակնկալում էր, որ քաղաքացիությունն իրեն կշնորհվի 1991 թվականից: Հայաստանի նախագահ առաջադրվելու համար Սահմանադրության պահանջներից է վերջին տասը տարվա ՀՀ քաղաքացիությունը եւ վերջին տասը տարում երկրում մշտական բնակությունը: Նախագահական ընտրությունների հետ կապված անելիքները «Ժառանգությունը» կորոշի կուսակցության ղեկավար մարմնի՝ առաջիկա օրերին կայանալիք հավաքին: