«Բազարը» դեռ շարունակվում է

27/11/2007

Մամուլում երեկ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՅԴ-ն փորձում է իր շուրջը համախմբել որոշ ընդդիմադիրների՝ նախագահի առաջիկա ընտրություններում Դաշնակցության թեկնածուի հաղթանակի դեպքում նրանց որոշակի պորտֆելներ առաջարկելու դիմաց: Մասնավորապես նշվել էր, թե Վազգեն Մանուկյանին առաջարկվել է՝ վարչապետի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ արտգործնախարարի պաշտոնը: Նշված ուժերի ներկայացուցիչները չեն հերքում, որ առանձին-առանձին հանդիպել են միմյանց հետ, սակայն նման պայմանավորվածությունների առկայությունը չեն հաստատում: Այս կապակցությամբ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե հանդիպման ընթացքում ինչի մասին է խոսվել, սակայն հավելել է, թե նման առաջարկը չի բացառում: ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էլ փոխանցել է, թե «մենք տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկում ենք նախագահական ընտրությունների ողջ ընթացքը, բայց նման պայմանավորվածություններ չկան»: «Երբեք նման հարցեր չեն քննարկվել»,- սա էլ Վազգեն Մանուկյանի արձագանքն է: Այս ամենը, եւ ընդհանրապես քաղաքական դաշտում վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները, իշխանական ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց ու որոշ «ընդդիմադիրների» հանդիպումները վկայում են, որ փորձ է արվում ստեղծել ընդդիմադիր որակվող ինչ-որ բեւեռիկի իմիտացիա: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն ասում էր, չէ՞, որ առաջիկա ընտրություններում «կլինեն 2-3 թեկնածուներ», որոնց վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինը: