Առանց Ադրբեջանի մասնակցության տարածաշրջանում հնարավոր չէ որեւէ նախագծի իրականացում: Ելույթ ունենալով «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության 15-ամյակի միջոցառման ժամանակ՝ երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Տարածաշրջանային առումով փոխգործակցությունը ձեռնտու է բոլոր երկրներին, եւ նրանք բոլորն ուրախ են այդ ծրագրերի իրականացումով: Այդ նախագծերն անհանգստացնում են միայն Հայաստանին: Այդ երկիրն օկուպանտ է, եւ մենք նրան մեկուսացրել ենք բոլոր էներգետիկ, տրանսպորտային նախագծերից: Մեզ հաջողվեց դա անել, ինչքան էլ որ դժվար էր, քանի որ աշխարհում հայկական լոբբին ունի լավ դիրքեր եւ զգալի ֆինանսական հնարավորություններ: Մենք բախվեցինք մեծ դժվարությունների հետ»,- հայտարարել է Ալիեւը: Նա նկատի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Կարս-Ախալքալաք երկաթուղու ծրագրերը, ասելով, թե հայկական լոբբին ամեն ինչ անում էր դրանց իրականացմանը խանգարելու համար, բայց մեկն արդեն իրականություն է, իսկ մյուսի շինարարությունն արդեն մեկնարկել է: Մասնավորապես Կարս-Ախալքալաքի կապակցությամբ Ալիեւն ասել է. «Այդ նախագծից շահում են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ բոլոր գործընկերները, որոնք կօգտվեն այդ ճանապարհից: Եվ այդ նախագիծը կրկին անհանգստացնում է Հայաստանին: Մենք դառնում ենք անփոխարինելի երկիր եւ միաժամանակ հարված ենք հասցնում օկուպանտ երկրին: Ժամանակի ընթացքում այդ հարվածների թիվը կաճի, քանի որ տարածաշրջանում քիչ երկրներ կան, որոնք կարող են մրցակցել Ադրբեջանի հետ: Առավել եւս, մրցակցությունը վեր է Հայաստանի ուժերից, որն աղքատ է, զուրկ է բոլոր հնարավորություններից, մեկուսացված է եւ հանդիսանում է կիսաանկախ պետություն»: