Զբիգնեւ Բժեզինսկի։ Ռուսական ռուլետկա

12/05/2005

Ղրղըզստանում հուզումները շարունակվում են, իսկ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովրդավարական հեղափոխություններն արտացոլում են նախկին ԽՍՀՄ տարածքի երկու կարեւոր իրողություն։ Առաջինը՝ Խորհրդային Կայսրության փլուզումից հետո առաջացած աշխարհաքաղաքական բազմակարծությունը, չնայած Վլադիմիր Պուտինի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վրա հսկողությունը վերականգնելու նոստալգիկ ջանքերին, այսօր արդեն հաստատված փաստ է։ Երկրորդը՝ առավել երիտասարդ ետխորհրդային սերունդներն ավելի ու ավելի անհանդուրժող են դառնում եւ ատելությամբ են լցվում խորհրդային տարածքի մեծ մասում տիրող կոռումպացված եւ բյուրոկրատական ավտորիտարիզմի նկատմամբ։

Ընդդիմության բռնությամբ ճնշվող ցույցերը Բելառուսում, որտեղ պարոն Պուտինն աջակցում է պրիմիտիվ բռնապետին, եւ Կրեմլի Մոլդովայում ունեցած ավելի պակաս դրամատիկ տհաճությունը ցույց են տալիս, թե Ռուսաստանի նախագահն ինչպես է կորցրել պատկերացումը քաղաքական միտումների մասին։ Միջամտելու նրա ծանրաշարժ փորձերն ավելի են ընդգծում Ռուսաստանի մեկուսացվածությունը։ Եվ այսօր այդ երկրի գրեթե բոլոր հարեւանները կա՛մ վախենում են նրանից, կա՛մ արհամարհում, կամ՝ երկուսն էլ միասին։ Չի կարելի հաջողված համարել արտաքին մի քաղաքականություն, որը գրեթե ոչնչով լավը չէ նախորդից։

Եվ ահա թե ինչու նախագահ Բուշի որոշումը՝ մայիսի սկզբին Մոսկվա մեկնելուց առաջ հանգրվանել Լատվիայում, ապա Մոսկվայից ուղեւորվել Թբիլիսի, իսկ մոսկովյան հանդիպումներից անմիջապես հետո Վաշինգտոնում ընդունել Ուկրաինայի ժողովրդավար նախագահին, կարելի է համարել խիզախ եւ ռազմավարական տեսակետից կարեւոր քայլ։

Նախապես Բուշը մտադիր էր մասնակցել Նացիզմի ջախջախման 60-ամյակի տոնակատարություններին, սակայն Պուտինի պլանավորած ենթատեքստերից եվրոպացիները, հատկապես՝ Մոսկվայի վերահսկողությունից ոչ վաղ անցյալում ազատագրված երկրները, գլխի ընկան, որ նախատեսվում է միաժամանակ տոնել ստալինիզմի հաղթանակը։ Այս մտահոգությունն առավել ուժգնացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Պուտինը չի ուզում դատապարտել «Ռիբենտրոպ-Մոլոտով» պակտը, որով, փաստորեն, Ստալինն ու Հիտլերը մասնատել էին Կենտրոնական Եվրոպան։

Ավելի լավ կլիներ, որ ռուսական կառավարությունն՝ օգտվելով հիտլերիզմի ջախջախման տարեդարձը նշելու առիթից, միաժամանակ դատապարտեր ստալինիզմն ու Կենտրոնական Եվրոպայում 15 տարի տեւած իր տիրապետությունը։ Այդ դեպքում, իրադարձությունը կդառնար հաշտեցման պահ, եւ ոչ թե սոսկ տոնակատարություն։ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպաները կարիք ունեն Ռուսաստանի հետ հաշտեցման, իսկ Ռուսաստանն ինքը դրանից կշահեր այնքան, որքան ժամանակին շահել է Գերմանիան՝ Ֆրանս-գերմանական եւ ավելի ուշ՝ Գերմանա-լեհական հաշտություններից։

Բայց այսպիսի պետական որոշումները կարող են բխել այն առաջնորդներից, ովքեր իրապես եւ խորությամբ ներծծված են ժողովրդավարական համոզմունքներով։

Այդպիսի առաջնորդներ առայժմ դեռ Մոսկվայում չեն նշմարվում, բայց նախագահ Բուշն իր խոսքը կհասցեագրի ապագա առաջնորդներին, եթե անգամ իր աչքով չտեսնի նրանց։ Երիտասարդ շատ ռուսաստանցիներ կտեսնեն, կլսեն ու կմտածեն, թե ինչո՞ւ իրենց կյանքը պետք է պայմանավորված լինի անցյալի նկատմամբ նոստալգիայով, երբ վաղուց ժամանակն է այդ անցյալը թաղելու։